Իրավապաշտպան խմբեր

ոչ կառավարական կազմակերպություն, որը պաշտպանում է մարդու իրավունքները և ազատությունները

Իրավապաշտպան խումբ կամ իրավապաշտպան կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, որը պաշտպանում է մարդու իրավունքները՝ բացահայտելով դրանց խախտումները, հավաքում միջադեպերի վերաբերյալ տվյալներ, վերլուծում և հրապարակում դրանք, նպաստում ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության և լոբբինգի իրականացման ընթացքում հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ այդ խախտումները վերացնելու նպատակով։ Իրավապաշտպան խմբերն ու կազմակերպությունները պետական ռեգիստրում հիմնականում գրանցված են որպես հասարակական կազմակերպություններ։ Դրանց գործունեությունը կանոնակարգվում է համապատասխան օրենսդրությամբ, այդ թվում նաև հարկային։ Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են իրավապաշտպան խմբերի հետևյալ բնորոշումները[1]՝

  1. այն «ոչ կառավարական» է, ինչը նշանակում է, որ այն ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ, զերծ է պետական ազդեցությունից և չի կատարում պետական գործառույթներ,
  2. չի հետապնդում շահույթ, ինչը նշանակում է, որ եթե կազմակերպությունը որևէ շահույթ է ստանում, այն չի բաշխվում իր անդամների միջև, այլ օգտագործվում է իր կանոնադրական նպատակներին հասնելու համար,
  3. չի օգտագործում և չի քարոզում բռնություն ու չունի ակնհայտ կապեր հանցավոր աշխարհի հետ,
  4. պաշտոնապես գրանցված է, ունի կանոնադրություն և ժողովրդավարական ու ներկայացուցչական կառուցվածք և սովորաբար, բայց ոչ պարտադիր, ազգային օրենսդրության համաձայն՝ ունի գործունակություն։
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 18, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Իրավապաշտպան խմբերը քաղաքական այլ սուբյեկտներից տարբերվում են նրանով, որ այս խմբերի ուշադրության կենտրոնում է հասարակության մեջ բոլոր անհատների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե բացառապես սեփական ընտրողների կամ շահառուների իրավունքների պաշտպանությունը[2]։ Ի տարբերություն քաղաքական խմբերի, որոնք ձգտում են առաջ մղել իրենց անհատական շահերը կամ ծրագրերը, իրավապաշտպան խմբերը ձգտում են քաղաքական գործընթացը բաց պահել՝ թույլ տալով սոցիալական կոնֆլիկտի մասնակից բոլոր օրինական շահագրգիռ կողմերին մասնակցել դրա լուծմանը. նման կոնֆլիկտներում սովորաբար մարդու իրավունքների խախտումներ կան։ Սա նշանակում է, որ սոցիալական կոնֆլիկտների բոլոր օրինական կողմերը՝ անկախ նրանց պատկանելությունից կամ շահերից, հնարավորություն ունեն մասնակցելու քաղաքական գործընթացին՝ առանց խտրականության կամ բացառման։ Իրավապաշտպան խմբերի անկախությունը և կոնկրետ գործունեությամբ զբաղվելը նրանց առանձնացնում է կրոնական տարբեր կազմակերպություններից և արհմիություններից, որոնց հիմնական նպատակն իրենց անդամների շահերի պաշտպանությունն է։

Երբեմն իրավապաշտպան խմբերին շփոթում են մարդասիրական կազմակերպությունների և շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերի հետ, որոնք կենտրոնացած են կոնկրետ հարցերի վրա, այն դեպքում, երբ իրավապաշտպան խմբերը ձգտում են տարբերվել կոնֆլիկտներում ներգրավված քաղաքական շարժումներից, որոնք հաճախ մարդու իրավունքների ոտնահարման պատճառ են հանդիսանում։ Հաճախ իրավապաշտպան խմբերը պնդում են, որ իրենք ունեն մասնագիտացված գիտելիքներ իրենց կողմից ուսումնասիրվող կոնկրետ խնդրի կամ խնդիրների վերաբերյալ։ Նրանք այդ գիտելիքները ձեռք են բերում մասնավորապես մարդու իրավունքների դիտորդների միջոցով, որոնք ծառայում են որպես դաշտային հետազոտողներ։

Աշխարհում ամենահայտնի միջազգային իրավապաշտպան խմբերից մեկը «Amnesty International»-ն է։ Այդուհանդերձ, իրավապաշտպան այլ խմբերի կամ կազմակերպությունների նման, «Amnesty International»-ը ևս ընդլայնել է այն սահմանումը, թե ինչ է իրենից ներկայացնում իրավապաշտպան խումբը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված ավանդական խնդիրներով զբաղվելուց բացի, կազմակերպությունը զբաղվում է նաև այնպիսի հարցերով, որոնք ակնհայտորեն կապ չունեն իրավապաշտպան գործունեության հետ[3]։ Amnesty International-ը հաճախ քննադատվում է սեփական հայտարարությունների համար, որոնք երբեմն քաղաքական բնույթ ունեն։ Այս կազմակերպությունը որոշ, հատկապես ոչ արևմտյան երկրների կողմից քննադատվում է արևմտյան երկրների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի համար։ Որոշ կառավարություններ պնդում են, որ Amnesty International-ը երբեմն անում է հայտարարություններ, որոնք չեն բխում նրա իրավապաշտպան առաքելությունից կամ էլ արվում են միակողմանի հայտարարություններ[4]։

Կան կառավարական որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների հարցերով կուսակցական խորհրդարանական խումբը (բաղկացած է խորհրդարանական բոլոր կուսակցություններից), որոնք կարող են դասակարգվել որպես իրավապաշտպան խմբեր, սակայն նրանց հիմնական գործառույթը հաշվետվությունների կազմումն ու քաղաքականությունների մշակումն է։

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1999 թվականի մարտի 8-ին ընդունել է Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիրը[5]։ Հռչակագրի I հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհատապես կամ այլ անձանց հետ միասին պայքարելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար և աջակցելու դրանց իրականացմանը, իսկ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման նպատակով` յուրաքանչյուրը անհատապես կամ այլ անձանց հետ միասին, ազգային և միջազգային մակարդակներում իրավունք ունի` խաղաղ ժողովներ և հանրահավաքներ անցկացնելու, ստեղծելու, միավորվելու կամ անդամակցելու ոչ կառավարական կազմակերպություններին, ընկերակցություններին կամ խմբերին, ինչպես նաև հաղորդակցվելու ոչ կառավարական կամ միջկառավարական կազմակերպությունների հետ։

Իրավապաշտպան խմբերն ու կազմակերպությունները Հայաստանում խմբագրել

Հայաստանում ևս իրավապաշտպան կազմակերպությունները կարևոր դեր են խաղում անհատների և խմբերի իրավունքների խթանման և պաշտպանության գործում։ Դրանք իրենց գործունեությունը ծավալում են էթնիկ, կրոնական, ԼԳԲՏ և այլ իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Հայաստանյան իրավապաշտպան խմբերի ու կազմակերպությունների թվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիան, Փինք Արմենիան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանի հելսինկյան խումբը, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը, «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ն և այլն։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը գործում է ՀՀ ազգային փոքրամասնություններից եզդիների իրավունքների պաշտպանության հարցերով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lindblom, Anna-Karin, Non-governmental organisations in international law, Cambridge University Press, New York, 2005, p.52
  2. Brett, Rachel, The Role and Limits of Human Rights NGOs at the United Nations, in, Beetham, David, Politics and human rights, The Political Studies Association, Blackwell Publishers, Oxford, 1995, p.97
  3. Thomas, Clive S., Research guide to United States and international interest groups, Praeger Publishers, Westport, 2004, p.272
  4. «Amnesty International: The good, the bad and the ugly? – DW – 05/28/2021». dw.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  5. «ՄԱԿ-ի Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիր» (PDF). ՄԱԿ-ի պաշտոնական կայք էջ. ՄԱԿ. 08 մարտի, 1999. Վերցված է 20.02.2024-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավապաշտպան խմբեր» հոդվածին։