Ժիրայր Դադասյան
Ժիրայր Բենիկի Դադասյան (մարտի 27, 1964, Սոս, Մարտունու շրջան, Արցախ), Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։
Ժիրայր Բենիկի Դադասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1964 (57 տարեկան) |
Ծննդավայր | Սոս, Մարտունու շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | Բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԺիրայր Դադասյանը ծնվել է 1964 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Սովորել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում։ 1979-1981 թթ. սովորել է Լուսաշխի տան մնջախաղի ստուդիայում, զուգահեռաբար խաղացել է Մնջախաղի թատրոնի բեմադրություններում։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին։ 1987-1994 թթ. աշխատել է Երիտասարդական պալատի «Ինտերակումբում»` որպես մնջախաղաց և երեկոների կազմակերպիչ, այնուհետև` պետական ռադիոյում՝ որպես ռեժիսոր և հաղորդավար։
1994 թվականին հրավիրվել է Երևանի մնջախաղի պետական թատրոն` որպես ռեժիսոր։ Բեմադրել է «Արծիվներ», «Խաղ» ներկայացումները։ 1997 թվականին բեմադրել է «Թիթեռներ» էքսպերիմենտալ ներկայացումը։ 1990-ականներին ակտիվորեն զբաղվել է հեռուստատեսությամբ։ Նկարահանել է տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ։
1996 թվականին ձեռնամուխ է եղել «Շողակաթ» ստուդիայի ստեղծման աշխատանքներին։ 1998 թվականից Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է։
Գործունեություն
խմբագրելԲեմադրել է «Թռիչք», «Խաղ», Պրևերի «Ինչպես նկարել թռչուն», Բոդլերի «Չարի ծաղիկներ», «Արդաղիոն», «Այծ-Ծես», «Պիերոյի Երազը» ներկայացումները։ 2000 թվականին «Չարի ծաղիկներ» ներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ 2000 թվականին «Շողակաթ» ստուդիայում նկարահանած «Մնջախաղային տեսահոլովակներ» շարքի համար Յալթայի միջազգային հեռուստակինոֆորումում ստացել է առաջին մրցանակ։ 2001 թվականին Երևանում կազմակերպել և անցկացրել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը՝ առաջին միջազգային թատերական փառատոնը նորանկախ Հայաստանում։ Նույն թվականին ձեռնամուխ է եղել «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի ստեղծման աշխատանքներին։ Բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի, հոլովակների, ֆիլմերի, գովազդների ու հաղորդումների հեղինակ է։ 2005 թվականին բեմադրել է «Շերանիկ», 2008 թվականին՝ «Գիրք ծաղկանց» ներկայացումները՝ հայկական միջնադարյան մանրանկարչության և պոեզիայի մոտիվներով։ 2006 թ. իրականացրել է «Հայոց այբուբեն» նախագիծը։ 2008 թ. կազմակերպել և անցկացրել է Շուշիի վերականգնմանն ուղղված Շուշի-Բեթխեհեմ-Մոսկվա-Երևան հեռուստակամուրջը և Մնջախաղի միջազգային փառատոնը Ծաղկաձորում։ 2009 թ. բեմադրել է «Արդաղիոն» ներկայացումը՝ ըստ հայկական Հայսմավուրքի։ 2009 թվականին նկարահանել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթոունի մասնակցությամբ «Never again» ֆիլմը՝ նվիրված Հայոց Եղեռնի 95-րդ տարեդարձին։ 2010 թ. Ծաղկաձորում կազմակերպել և անցկացրել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 2-րդ փառատոնը։ 2011 թվականին եղել է Լոս-Անջելեսի Գիբսոն թատրոնի Հայոց Ցեղասպանության 96-րդ տարեդարձին նվիրված համերգի բեմադրիչը՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ[1]։
2005 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։ 2007 թվականին ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2011 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։ 2011 թ. մայիսին վերընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։