Ժեմինա (լիտ.՝ Žemyna, «zeme» - «երկիր» բառից), լիտվական դիցաբանության մեջ երկրի աստվածություն[1]։ Նրան հաճախ անվանել են Zemele, իսկ zemyna բառը կիրառվել է երկիրը մատնանշելու համար[2]։

Ժեմինա
Տեսակաստվածուհի

Ժեմինա աստվածության մասին հիշատակել են Յան Լասիցկին (1582), Միկալոյուս Դաուկշան (1653), Մատֆեյ Պրետորիասը, Յակով Բրոդովսկին (1740)։ Անունը հիշատակվել է նաև լեգենդներում, աղոթքներում, դիցաբանության մեջ[3]։

Պանթեոն խմբագրել

Ժեմինան համարվել է արևի աստված Սաուլեի ու Լուսնի (լիտ.՝ Mėnuo/Mēness) դուստրը։ Նրա երկվորյակ եղբայր է համարվում Զեմնիկասը (լիտ.՝ Žemėpatis), ով ղեկավարում է այգիները, իսկ Ժեմինան` դաշտերը։ Բանահյուսության մեջ հանդես է գալիս որպես ամպրոպաբեր Պերկունասի կին և պանթեոնում զբաղեցում է երկրորդ տեղը նրանից հետո[1]։ Նրանք կազմում են հնդեվրոպական մայր հող և հայր երկինք բնորոշ զույգը[4]։

Գործառույթներ խմբագրել

Ժեմինան համարվել է պտղաբերության, բուսական ամբողջ աշխարհի, կենդանի ամեն երևույթի աստվածուհին։ Նա տիրապետություն է ունեցել նաև օձերի նկատմամբ։ Հաճախ դժվարությունների ժամանակ` մասնավորապես օձերի խայթոցի, երկրին են դիմել[1]։

Համարվել է, որ երկրից ծնված ամեն ինչ վերադառնում է այնտեղ, այդ պատճառով էլ Ժեմինան ընդունել է մահացածներին` կիսելով հանդերձյալ աշխարհի հովանավորի` Վելյու Մատեի պարտականությունները։ Մի շարք տեքստերում նշվում է, որ Ժեմինան ճակատագրի աստվածուհի Լայմայի հետ կանխորոշում է մարդու ծննդյան օրը[5]։ Երկիրը ամեն կենդանի արարածի ծնողն է, և նրա արգանդից դուրս են գալիս ողջ աշխարհի ծնունդները։ Ժեմինայի հիմնական գործառույթը եղել է կյանք պարգևելը[2]։

Լիտվայում քրիստոնեության ընդունումից հետո Ժեմինայի գործառույթն անցել է Մարիամ Աստվածածնի պաշտամունքին[3]։

Ծիսակատարություն խմբագրել

Մատֆեյ Պրետորիասը նկարագրել է žemyneliauti ծիսակատարությունը, որը տեղի է ունեցել հարսանիքներին և բերքահավաքից հետո։ Ընտանիքի գլխավորը հողին իր գոհունակությունն է հայտնել հետևյալ արտահայտությամբ. «Սիրելի' հող, դու տալիս ես ինձ, և ես տալիս եմ քեզ», որից հետո հաց է դրել հողի ակոսում ու բաժակի գարեջուրը լցրել վրան[1]։ Հետո նա մորթել է հավ կամ աքաղաղ, որը եփել ու կերել են տոնական սեղանի շուրջ։ Ընտանիքի ամեն մի անդամ աղոթքի ու գոհունակության բառերով ստացել է իր բաժին հացը։ Կերակրի մնացորդները և ոսկորները նվիրվել են աստվածուհուն. դրանք թաղվել են կամ վառվել[3]։ Այսպիսի ծիսակարգը կատարվել է մարդու կյանքի կարևոր փուլերում` ծնունդ, հարսանիք, մահ։

Գրառված մեկ այլ ծիսակարգ վկայում է հողին սև խոճկոր ու հաց հանձնելու մասին, որը պետք է թխվեր սեզոնի վերջում մնացած վերջին ալյուրից նոր բերքը ցանելուց առաջ։ Հողը համբուրել են` աղոթք շշնջալով. «Ինչ եկել է հողից, պետք է հող վերադառնա»։ Այս սովորույթը պահպանվել է ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը[5][6]։

Ժեմինային նվիրված տոնը նշել են գարնանը` ցանքսից առաջ, կամ աշնանը` ցանքսից հետո։

Հող համբուրելու ավանդույթը առկա է եղել նաև հարսանեկան ծիսակատարությունների ժամանակ, երբ հարսնացուն հրաժեշտ է տվել հայրական տանը։ Հողը համբուրել է նաև այն մարդը, ով պատրաստվել է երկար ճանապարհ գնալ։ Այդ դեպքում կարծում էին, որ նա ողջ ու առողջ տուն կվերադառնա։ Ծերունիները քնելուց առաջ համբուրել են հողը հետևալ բառերով. «Հո'ղ, իմ մա'յր, ես ծնվել եմ քեզնից, դու սնում ես ինձ, դու կկրես ինձ և մահից հետո ինձ քո գիրկը կընդունես»[1]։

Հող համբուրելու սովորույթը Լիտվայում պահպանվել է նաև քրիստոնեության ընդունումից հետո։ Ասում են. «Հող կհամբուրես, թե խաչ, նույնը կլինի մեղքերի թողությունը»։ Լիտվական որոշ գյուղերում հողը համբուրել են աղոթքից հետո, և ծերերը հատկապես պնդել են, որ դա անեն երեխաները։ Վիդուկլեի մոտ ընդունված է եղել հողը համբուրել օրական յոթ կամ տասներկու անգամ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Иванов Вяч. Вс., Топоров В. Н. Балтийская мифология / Гл. ред. Е. М. Мелетинский. — Мифологический словарь. — М.: Советская энциклопедия, 1980. — 736 с. — ISBN 5-85270-068-1
  2. 2,0 2,1 2,2 Лауринкене Н. Земля-Мать в литовской народной традиции // Балто-славянские исследования. XVIII: Сборник научных трудов. — 2009. — С. 487.
  3. 3,0 3,1 3,2 Rimantas Balsys Lietuvių ir prūsų dievai, deivės, dvasios: nuo apeigos iki prietaro. — Klaipėdos universitetas, 2010. — С. 103–114. — ISBN 978-9955-18-462-1
  4. Dainius Sirutis Žemyna // Of Gods & Holidays. The Baltic Heritage / Jonas Trinkūnas. — Vilnius: Tvermė, 1999. — С. 80–83.
  5. 5,0 5,1 Marija Gimbutas The living goddesses. — University of California Press, 2001. — С. 208–209. — ISBN 978-0-520-22915-0
  6. Pranė Dundulienė Pagonybė Lietuvoje. Moteriškosios dievybės. — Vilnius: Mokslo in enciklopedijų leidybos institutas, 2008. — С. 111–115. — ISBN 978-5-420-01638-1

Գրականություն խմբագրել

  • Иванов Вяч. Вс., Топоров В. Н. Жемина // Мифологический словарь / Гл. ред. Е. М. Мелетинский. — М.: Советская энциклопедия, 1991. — С. 214—215. — 736 с. — 200 000 экз. — ISBN 5-85270-068-1
  • Jonas Balys, Haralds Biezais Baltische Mythologie. Götter und Mythen im Alten Europa // Wörterbuch der Mythologie. — Abteilung 1: Die alten Kulturvölker. Band 2. — Stuttgart: Klett-Cotta — 973 с. — ISBN 3-12-909820-8

Արտաքին հղումներ խմբագրել