«Թռի-վռին» (ռուս.՝ «Попрыгу́нья»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրել է 1891 թվականի նոյեմբերին։ Ուսումնասիրողների կարծիքով՝ ստեղծագործության հիմքում իսկական պատմություն է, սակայն հենց պատմվածքը «ավելի լայն է, քան ֆաբուլայում արտահայտված իրական դեպքը»[2]։

Թռի-վռին
ռուս.՝ Попрыгунья
Առաջին տարբերակի ձեռագիրը
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱնտոն Չեխով[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1891
ԿերպարներՕսիպ Դիմով, Օլգա Իվանովնա Դիմովա, Ռյաբովսկի և Կորոստելյով
Հրատարակվել էհունվարի 5 (17), 1892
ԹարգմանիչԱրփիկ Վարդապետյան

Առաջին անգամ հրատարակվել է «Հյուսիս» թերթում (1892, № 1)[3]։

Հայերեն թարգմանության հեղինակը Արփիկ Վարդապետյանն է[4]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

1891 թվականի օգոստոսին Չեխովն իր նոր ստեղծագործության գաղափարի մասին պատմել է բանաստեղծ ու թարգմանիչ Ֆյոդոր Չերվինսկուն։ Վերջինս էլ իր հերթին այս տեղեկատվությունը հաղորդել է Վիկտոր Տիխոնովին, որը նոր էր սկսել ղեկավարել «Հյուսիս» ամսագիրը։ Չեխովին ուղարկված սեպտեմբերի 12-ին թվագրված նամակում Տիխոնովը խնդրել է հաղորդել ապագա ստեղծագործության «թեկուզ միայն վերնագիրը», որպեսզի ընթերցողների համար անոնս հրատարակի։ Դրան ի պատասխան՝ հեղինակը խոստովանել է, որ պատմվածքը դեռ անանուն է[5]։

  Դա անվանել այժմ նույնքան դժվար է, որքան հավի գույնը որոշելը, որը դուրս է գալիս դեռ չջարդված կճեպով ձվից։  

Դատելով գրողի և խմբագրի նամակագրությունից՝ աշնանը Չեխովն զբաղված է եղել գրական այլ նախագծերով։ Տիխոնովը մի կողմից աջակցում էր գրողին իր նախաձեռնություններում, մյուս կողմից՝ անընդհատ շտապեցնում էր, խնդրում «չծուլանալ հանուն բոլոր սրբությունների» և խոստովանում, որ երազում է հունվարին՝ «Հյուսիսի» իր «առաջին» համարում տեսնել Չեխովի ստորագրությամբ ստեղծագործություն[5]։

Պատմվածքի պահպանված սևագիրը վկայում է այն մասին, որ սկզբում այն կոչվել է «Մեծ մարդը»։ Ձեռագիրը «Հյուսիսին» է փոխանցվել նոյեմբերի վերջին։ Սակայն երկու շաբաթ անց Չեխովը նամակ է ուղարկել խմբագրին, որում առաջարկել է իր «ընտանեկան ընթերցանության համար զգայուն փոքրիկ սիրավեպն»[5] անվանել «Թռի-վռին»։ Հետազոտողները նման վճռական տեղաշարժը կապում են գրողի և Սոֆյա Պետրովնա Կուվշիննիկովայի միջև հարաբերությունների հանկարծակի փոփոխությամբ, որը պատմվածքի գլխավոր հերոսուհու նախատիպն էր[6]։

Դիպաշար

խմբագրել
 
Նկարիչ Ի. Բոդյանսկի. «Թռի-վռին», 1904

Դառնալով բժիշկ Օսիպ Դիմովի կինը՝ 22-ամյա Օլգա Իվանովնան պատմում էր ընկերներին, որ իրենց ծանոթությունը տեղի է ունեցել հիվանդանոցում, որտեղ աշխատում էր իր հայրը։ Նրա մահից հետո Դիմովը երբեմն այցելել էր երիտասարդ աղջկան, այնուհետև առաջարկություն արել, որն աղջիկը ընդունել էր։

Դիմովը շուտ էր մոռացվում Օլգա Իվանովնայի ծանոթների շրջանակի կողմից։ Նա շփվում էր ճանաչված մարդկանց հետ՝ դրամատիկական թատրոնի դերասաններ, նկարիչներ, տաղանդավոր երաժիշտներ և այլք։

Օսիպ Դիմովն այս խմբում օտար մարդ էր թվում։ Առավոտյան նա գնում էր հիվանդանոց և աշխատում մինչև ուշ գիշեր։ Օլգա Իվանովնան, արթնանալով ժամը տասնմեկին, սովորաբար դաշնամուր էր նվագում, նկարում, հետո գնում դերձակուհու մոտ, ապա գնում որևէ նկարչի արվեստանոց կամ ծանոթ դերասանուհու մոտ, որ իմանար թատերական նորությունները կամ ներկայացման տոմս ճարեր։ Չորեքշաբթի օրերը Դիմովների տանը երեկույթ էր լինում, որին հրավիրվում էին հռչակավոր մարդիկ։ Ամռանը Օլգա Իվանովնան հանգստանում էր ամառանոցում։

Հուլիսին նկարիչները մեկնում են էտյուդներ նկարելու։ Վոլգայով նավարկությունը մտերմացնում է Օլգա Իվանովնային և նկարիչ Ռյաբովսկուն։ Նա ծածկում է Օլգային թիկնոցով և սեր խոստովանում, որի գայթակղությանը երիտասարդ կինը մերժել չի կարողանում։ Ձմռանը Դիմովը սկսում է կռահել, որ կինն իրեն խաբում է։ Տեսնելով, թե ինչպես է Օլգա Իվանովնան տանջվում խանդից և նվաստացումներից, մեղմորեն հանգստացնում է կնոջը։

Մի երեկո Օսիպ Դիմովը կանչում է կնոջը, սակայն թույլ չտալով սենյակ մտնել՝ խնդրում է կանչել իր գործընկեր բժիշկ Կորոստելյովին։ Վերջինս, զննելով Դիմովին, հաղորդում է, որ նրա մոտ դիֆտերիտի ծանր ձև է, որով Դիմովը հիվանդից էր վարակվել։ Օլգա Իվանովնայի համար սա բացահայտում էր, որ իր «ոչնչով աչքի չընկնող» ամուսինը համարվում էր բժշկության լուսատուներից մեկը։ Այն միտքը, որ ինքը «ձեռքից փախցրել է» իր կողքին ապրող մեծ մարդու, կնոջն ստիպում է վազել Դիմովի սենյակ։ Օլգան ցանկանում էր բացատրել, որ ամեն ինչ հնարավոր է ուղղել և փոխել։ Սակայն Օսիպ Դիմովի ճակատն ու ձեռքերն արդեն սառն էին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гиляровский В. А. Москва и москвичи (ռուս.) — 1926.
  2. Долотова Л. М., Орнатская Т. И., Сахарова Е. М., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т.. — М.: Наука, 1977. — Т. 8. — С. 430-432.
  3. Громов М. П. Тропа к Чехову. — М.: Детская литература, 2004. — С. 70. — 459 с. — ISBN 5-08-004111-0
  4. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  5. 5,0 5,1 5,2 Долотова Л. М., Орнатская Т. И., Сахарова Е. М., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т.. — М.: Наука, 1977. — Т. 8. — С. 434-435.
  6. Долотова Л. М., Орнатская Т. И., Сахарова Е. М., Чудаков А. П. Примечания // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т.. — М.: Наука, 1977. — Т. 8. — С. 433.