Թոռնավանի պաշտպանություն

Թոռնավանի պաշտպանություն, ճակատամարտերի շարք, որոնք տեղի են ունեցել 1042 թվականին Վասպուրականի Թոռնավան գավառում։ Ճակատամարտերը ընթացել են հայերի (Արծրունիների ղեկավարությամբ) և օղուզ-թուրքմենների միջև։ 1042 թվականին օղուզները ներխուժել են Վասպուրական, որպեսզի թալանեն այն և հարուստ ռազմավարով հեռանան երկրից, սակայն գավառի իշխանը՝ Խուլ Խաչիկը, 70 հոգով դուրս է գալիս հակառակորդի դեմ։ Ունենալով փոքրաթիվ ուժեր՝ Խուլ Խաչիկը և իր մանկահասակ որդին զոհվում են ճակատամարտում։ Երբ Խաչիկի՝ բյուզանդական զորքում ծառայություն մատուցող որդիները վերադառնում են, հավաքագրվում է 5 հազարանոց բանակ, որը տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ է տոնում հակառակորդի նկատմամբ[1]։

Թոռնավանի պաշտպանություն
Թվական1042
Մասն էՍելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան
ՎայրԹոռնավան
ԱրդյունքՀայկական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Օղուզ-թուրքմեններԱրծրունիներ Արծրունիներ
Հրամանատարներ
անհայտԱրծրունիներ Խուլ Խաչիկ
Արծրունիներ Հասան Արծրունի
Կողմերի ուժեր
1500070, այնուհետև՝ 5000
Ռազմական կորուստներ
4000թեթև

Ներխուժում խմբագրել

1042 թվականին քոչվոր օղուզ-թուրքական ցեղերի 15-հազարանոց բանակը Ուրմիա լճի ավազանից՝ Հեր և Զարեվանդ գավառների կողմից ներխուժում է Վասպուրականի Թոռնավան գավառ, որտեղ ասպատակություններ են սփռվում[2]։

  Անօրեն, արծաթամոլ, եղեռնագործ ու մեղսասեր... թուրքերի ցեղերն... ունեն արյունարբու գազանների բնություն։ Ահավոր կերպարանք ունեցող ցեղեր են, քանի որ նրանց տեսքը զարհուրում է ու ահաբեկում դիտողներին։ Նրանք վայրի գազանների նման բնակվում են լեռներում, դաշտերում և անապատներում և գիշակեր են գազանների պես։ Չե՛ն պատվում մեծամեծերին, չե՛ն խնայում ծերունիների սպիտակ մազերը և պատկառելիությունը, չեն խղճում երիտասարդներին ու մանուկներին, ո՛չ էլ խնայում են որևէ մեկի մանկությունը։ Չար և ժանտ ժողովուրդ են, որոնք չուղղեցին իրենց սրտերը և ո՛չ էլ իրենց հոգիներն ապավինեցին Աստծուն։
- Պատմություն Արծրունյաց տան
 

Առաջին բախում խմբագրել

Խուլ Խաչիկը այն սակավաթիվ իշխաններից էր, որը 1021 թվականին Սենեքերիմ թագավորի հետ չէր հեռացել սեփական տիրույթներից և արտագաղթել դեպի Սեբաստիա[2]։ Թոռնավանի իշխանը իր որդիներին նույնպես հայրենասեր ոգով էր դաստիարակել, որոնցից երկուսը՝ Հասանը և Ճնճղուկը, այդ պահին ծառայության էին անցել բյուզանդական զորքերում, որպեսզի կարողանան բյուզանդական ուժը օգտագործել Հայաստանի պաշտպանության համար։ Իսկ մյուս որդին՝ Իշխանը, որը 15 տարեկան էր, դեռևս հոր հետ էր ապրում։

  Նույն տարին (1042թ.) Վասպուրական գավառում սպանվեցին հայոց մեծ իշխան Խաչիկը և նրա մանկահասակ որդին` Իշխանը։ Հերի և Սալմաստի (կողմերից թափառական թյուրքերը) հավաքվելով, ավարի էին առել Թոռնևան գավառը։ Այդ բանի լուրը հասել էր Խաչիկին, թե այլազգիների զորքը մտավ քո գավառը։ Նա քաջ մարդ էր, պատերազմներում` հաղթող, առյուծի ծնունդ, սակայն ծերացել էր և թողել պատերազմական գործը։ Նա հառաչում էր, ափսոսում, որ իր որդիներ քաջ Հասանն ու Ճնճղուկը զորքերով հանդերձ Միքայել կայսեր հետ Արևմուտք էին գնացել։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին
 

Իմանալով, որ օղուզները հարձակման են ենթարկել սեփական գավառը՝ Խուլ Խաչիկը վերցնում է սեփական փոքրաթիվ թիկնապահների ջոկատը, որը բաղկացած էր 70 հոգուց, և ընդառաջ գնում հակառակորդին։ Հայոց իշխանը հասկանում էր, որ այդպիսի փոքրաթիվ ուժերով ճակատամարտը հաղթելը անիրական էր, այդ պատճառով նա իր մանկահասակ որդուն թողնում է ամրոցում՝ հանձնարարելով նրան դուրս չգալ և իր մոտ պահել պահեստազորը[3]։

  Հայոց իշխան Խաչիկը... հասավ այլազգիներին, տեսավ, որ (նրանք) մեծաթիվ են, բայց կոչ անելով իր մարտիկներին, կռվի բռնվեց, ուժգին հարվածեց նրանց և գետին տապալեց։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին
 

Տեսնելով Խաչիկի փոքրաթիվ ջոկատը՝ հակառակորդը անհոգության է մատնվում և սխալ տեղանք ընտրում, որից օգտվում են հայերը և իրենց իշխանի ղեկավարությամբ հարձակում գործում։

  Այդ պահին նա (Խուլ Խաչիկը) տեսավ, որ իր տղան (Իշխանը) փակված տեղից փախչելով պատերազմի է գալիս։ Խաչիկը սրտակոտոր եղավ, որովհետև տղան դեռ փոքր էր... Իշխանը, իբրև առյուծի կորյուն եկավ և մեծ ավյունով մտավ մարտի մեջ։ Խաչիկը նրան բռնեց և տուն ուղարկեց, բայց նա նորից փախավ և դիմեց պատերազմի... Երբ այլազգիներն իմացան, որ նա քաջ (Խաչիկի) որդին է, նրան շրջապատեցին, բռնեցին և սպանեցին։ Խաչիկի մեջքը կոտրվեց` տեսնելով այդ բանը, սուրը ձեռքից ընկավ։ Այլազգիների զինվորները տեսնելով դա, հարձակվեցին, ձերբակալեցին նրան և սպանեցին։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին
 

Այդ պահին Խաչիկը տեսնում է, որ իր 15-ամյա որդին՝ Իշխանը, չի կատարել իր պատվերը և եկել է մարտադաշտ՝ իր զինակիցների կողքին կռվելու։ Խաչիկը նրան հրամայում է վերադառնալ ամրոց․ նրա պատվերը կատարվում է, սակայն քիչ անց նորից չի կարողանում զսպել իրեն և վերադառնում է ռազմադաշտ։ Նա փորձում էր օգնել ուժերի վերջին գերլարումով հակառակորդի վրա գրոհող իր հայրենակիցներին, սակայն հենց այդ ժամանակ էլ նա զոհվում է հակառակորդի կողմից։ Տեսնելով իր որդու մահը՝ Խուլ Խաչիկը իրեն մի պահ կորցնում է, ինչից օգտվում է հակառակորդը և նրան նույնպես սպանում։ Ի վերջո, հակառակորդը կարողանում է հաղթանակ տոնել փոքրաթիվ հայերի նկատմամբ[4]։

Երկրորդ բախում խմբագրել

Օղուզ-թուրքական բանակը որոշում է դեռևս բավարարվել գրաված ավարով և վերադառնալ Ուրմիա լճի առափնյա շրջաններ։ Տեղի ունեցած ճակատամարտից մի քանի օր հետո Թոռնավան են վերադառնում Խաչիկի որդիները՝ Հասանը և Ճնճղուկը, որոնք իրենց հետ բերում էին 5000-անոց մի զորաբանակ։ Հասանը անմիջապես ձեռնամուխ է լինում հակառակորդին ծուղակը գցելու ծրագրի կազմմանը։ Նա կաշառում է մի քուրդ ցեղապետի, որը գնում է և հակառակորդի զորավարներին հայտնում, որ Թոռնավանում մարդ չի մնացել և նրանք հանգիստ կարող են թալանել այն[5]։

  Մի քանի օր հետո Արևմուտքից ժամանեցին Խաչիկի որդիները... Այն ժամանակ Հասանը կանչեց մի քուրդ ռայիս, որ իր դրացին էր, նրան տվեց հազար դահեկան և ասաց. «Մտիր Հեր և Սալմաստ և ասա, թե Թոռնևանում և բովանդակ շրջանում մարդ չի մնացել, ի՞նչ եք պարապ նստել։ (Այնտեղ) ոչխարների բազմաթիվ հոտեր և ծառաներ թափառում են։ Ռայիսն այդպես էլ արեց։ Հավաքվեց շուրջ տասնհինգ հազար այլազգի, որոնք եկան մտան նշված վայրը։ Ռայիսը այդ բանն իմացրեց Հասանին և Ճնճղուկին։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջին
 

հակառակորդը, վերցնելով իր 15-հազարանոց զորքը, անզգուշորեն նորից գալիս է Թոռնավան, որպեսզի առանց դիմադրության թալանի այն։ Որոշվում է հարվածը հասցնել վաղ առավոտյան, որպեսզի այն անսպասելի լինի, և հակառակորդը դեռևս հեռացած չլինի ռազմաճամբարից։ Հասանի ռազմավարությունը հաջողությամբ է պսակվում․ հակառակորդը մղվում է անբարենպաստ բնագիծ և կարողանում է միայն թույլ մարտակարգ ձևավորել, որը չի ի վիճակի չի լինում դիմադրություն ցուցաբերել։ Ճակատամարտի ընթացքում Հասանը կարողանում է լուծել նաև հոր մահվան վրեժը։ Նա մարտի է հրավիրում իր հորը սպանած զինվորին, որը ասպարեզ է դուրս գալիս Խաչիկի երիվարով և Արծրունյաց դրոշով[6]։ Սակայն դա չի ընկճում հայոց իշխանին, որը հակառակորդին «երկու կտոր է անում»։ Իր կրտսեր եղբոր մահվան վրեժն էլ լուծում է Ճնճղուկը[7]։

  Հասանը սաստիկ կատաղությամբ, խոցված գազանի պես հարձակվեց անհավատների ճամբարի վրա... և, արիաբար մարտ տալով, այլազգիներին փախուստի մատնեց։ Նրանցից չորս հազար հոգու կոտորեցին, որից հետո խաղաղությամբ ու մեծ ուրախությամբ վերադարձան և փոխեցին իրենց սգավորի զգեստները։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Մասն առաջի
 

հակառակորդը թողնում է սեփական մարտիկների դիակները՝ մոտ 4000 զինվոր, և փախուստի դիմում։ Հայոց կողմին է մնում նաև նրանց գրաված ռազմավարը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 13–20.
  2. 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 14.
  3. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 16.
  4. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 17.
  5. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 18.
  6. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 19.
  7. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 20.