Թեմիստոկլեսյան պարիսպ (հուն․՝ Θεμιστόκλειον τείχος), պաշտպանական պարիսպներ Հին Հունաստանի Աթենական քաղաք-պետությունում։ Դարպասները կրել են աթենական պետական գործիչ և զորավար, Մարաթոնի ճակատամարտի հերոս Թեմիստոկլեսի անունը[1]։

Թեմիստոկլեսյան դարպասների ավերակների մնացորդները Աթենքում՝ Օլիմպիական Զևսին նվիրված տաճարի հնավայրի հարևանությամբ։

Թեմիստոկլեսյան դարպասները կառուցվել են հույ-պարսկական պատերազմներից անմիջապես հետո՝ մ․թ․ա․ 5-րդ դարում։ Այն նպատակ ուներ հաջորդիվ պաշտպանել «հունական աշխարհի» կենտրոն համարվող Աթենքը պարսիկ զավթիչներից, ինչպես նաև արտաքին աշխարհի թշնամական բանակների հնարավոր ներխուժումներից։

Պատմություն խմբագրել

Հելլենների վաղեմի թշնամի պարսիկները մշտապես համակված են եղել հունական աշխարհին տիրելու անսանձ ձգտումով։ Հունաստանը նվաճել փորձում է նախ և առաջ Դարեհ I-ը, սակայն ձախողվում է։ Հոր գործը փորձում է շարունակել որդին՝ պարսից երկչոտ արքա Քսերքսեսը, ում հաջողվում է սկզբնական շրջանում հաջողության հասնել հույների նկատմամբ։ Վերջինիս մեծաթիվ բանակին նույնիսկ հաջողվում է մուտք գործել Աթենք և հրկիզել քաղաքը։ Բարբարոսների «սպիտակ եղեռնագործության» հետևանքով ոչնչացվում են բազմաթիվ շինություններ, արձաններ և ամրություններ։ Թեպետ ականավոր զորավար Թեմիստոկլեսի ջանքերով պարսից հրոսակները դուրս են շպրտվում Պելոպոնեսյան թերակղզուց, այնուամենայնիվ նոր հարձակման վտանգը իրատեսական էր[2]։ Հույները լրջորեն անհանգստացած էին այս հանգամանքով և դա է պատճառը, որ միահամուռ կերպով որոշվում է կառուցել պաշտպանական պարիսպներ։ Պաշտպանական ամրության ծրագրին դեմ էին աթենացիների գլխավոր ախոյանները՝ լակեդեմոնցիները (սպարտացիները)։

Սպարտացիների դիրքորոշումը պաշտպանում էին նաև Պելոպոնեսի մյուս պոլիսները, ովքեր մտավախություն ունեին, որ Թեմիստոկլեսյան պարիսպը կարող է դառնալ Աթենքի համար կարևոր ռազմավարական նշանակության ամրություն և որ այն զերծ կպահի քաղաք-պետությունը Կորնթոսի պարանոցի միջոցով նախատեսվող ներթափանցումներից։ Ըստ Թուկիդիդեսի աշխատության՝ նման հակասությունների պայմաններում Թեմիստոկլեսը ստանձնում է պարսպի շինարարական աշխատանքների իրականացումը և այն ավարտում միայն մ․թ․ա․ 479 թվականին[3]։ Պարսպի համար հիմք են դառնում նաև պարսիկների կողմից ապամոնտաժված և քանդված շինությունների մնացորդները։ Թեմիստոկլեսյան պարսպի ընդհանուր երկարությունը կազմել է 8500 մետր, բարձրությունը՝ 8-10 մետր, իսկ լայնությունը՝ 3 մետր։ Կազմված է եղել առնվազն տասներեք դարպասներից։ Ավերվել է մ․թ․ա․ 404 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. THE ANCIENT CIRCUIT WALL OF ATHENS: Its Changing Course and the Phases of Construction Anna Maria Theocharaki Hesperia: The Journal of the American School of Classical Studies at Athens Vol. 80, No. 1 (January–March 2011), pp. 71-156 https://www.jstor.org/stable/10.2972/hesp.80.1.0071
  2. Thucydides, The Peloponnesian War 1.90–91
  3. Neer, Richard T. Greek Art and Archaeology: a New History, c. 2500-c. 150 BCE. Thames & Hudson, 2012.