Թարախամաշկություն

մաշկի ինֆեկցիոն ախտահարման տեսակ է, երբ ախտահարման տեղում առաջանում է թարախ

Թարախամաշկություն, պիոդերմիա (հուն. πύον – թարախ և δέρμα – մաշկ), մաշկի թարախային բորբոքում։ Հարուցիչները թարախածին կոկերն են։ Մաշկի հաճախակի հանդիպող հիվանդություններից է։

Պատճառագիտություն

խմբագրել

Կարող է առաջանալ ինքնուրույն կամ որպես քորով ուղեկցվող հիվանդությունների բարդություն։ Նպաստող գործոններն են՝ մաշկի ամբողջականության խախտումները, կեղտոտվածությունը, գերտաքացումը կամ գերսառեցումը, ինչպես նաև ներքին օրգանների, նյարդային համակարգի գործունեության, նյութափոխանակության խանգարումները, օրգանիզմի անհատական գերզգայնաթյունը թարախային վարակների հանդեպ։

Տարբերում են ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային թարախամաշկություն, որոնք իրենց հերթին լինում են սահմանափակ և տարածուն, մակերեսային և խոր։ Թարախամաշկություն երբեմն առաջանում է միաժամանակ 2 կոկերից՝ ստրեպտո–ստաֆիլոկոկային թարախամաշկություն։

Ստաֆիլոկոկային թարախամաշկության դեպքում պրոցեսը տեղակայվում է մազա–ճարպային ֆոլիկուլներում (օստիոֆոլիկուլիտ, ֆոլիկուլիտ) և ապոկրին գեղձերում։ Քրոնիկական ընթացքի և բազմաթիվ օստիոֆոլիկուլիտների առկայության պայմաններում զարգանում է ֆուրունկուլ, կարբունկուլ, թզախտ, քրտնագեղձի բորբոքում։

Ստրեպտոկոկային թարախամաշկությունը բնորոշվում է մաշկի մակերեսային շերտի բորբոքումով, պղտոր պարունակությամբ բշտերի (ֆլիկտենա) առաջացմամբ։ Ստրեպտոկոկային սուր թարախամաշկությունից են թարախային բշտիկացանը (իմպետիգո), մակերեսային տարածուն թարախամաշկությունը և էկթիման, իսկ քրոնիկականից՝ դեմքի հասարակ որքինը, հարեղնգաբորբը։

Բուժումը

խմբագրել

Ստաֆիլո–ստրեպտոկոկային պատվաստանյութեր, անտիֆագին, բակտերիոֆագեր, հակաբիոտիկներ, սուլֆանիլ–ամիդային պատրաստուկներ, աուտոհեմոթերապիա, վիտամիններ, անիլինային ներկեր, ուլտրաճառագայթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 149