Որքին

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Որքին, մրմնջուկ, տերմինն օգտագործվում է մաշկի մի շարք հիվանդությունների անվանումներում, որոնք տարբերվում են արտաքին դրսևորման ձևերով, ընթացքով և առաջացման պատճառներով։ Դեռևս հին հունական բժիշկները որքին են անվանել քորով ու թեփոտումով ուղեկցվող մաշկային գրեթե բոլոր ցաները։ Ժամանակակից բժիշկները պրակտիկայում «որքին» տերմինն օգտագործվում է որպես մաշկային որոշ հիվանդությունների երկրորդ անվանում (օրինակ, Էկզեմա կամ թաց որքին, պսորիազ կամ թեփավոր որքին, արիխոֆիտիա կամ խուզող որքին են) և պահպանվել է որոշ տերմիններում (օրինակ, կարմիր տափակ որքին)։ Վերջինս քրոնիկական հիվանդություն է․ բնորոշվում է նախաբազկի ներսային մակերեսների ճաճանչ-դաստակային, սրունք-թաթային հոդերի մաշկի վրա վարդագույն, փայլուն, քորվող հանգույցիկների առաջացմամբ։ Ցանը կարող է տարածվել ամբողջ մաշկածածկույթով (բացառությամբ դեմքի)՝ միաժամանակ ախտահարելով բերանի լորձաթաղանթը։ Առաջացման պատճառները դեռես լրիվ պարզված չեն։ Ըստ կլինիկական դրսևորման տարբերում են կարմիր տափակ որքինի մի քանի ձևեր․ օղականման, բշտախտանման (պեմֆիգոիդ), գորտնուկավոր կամ գերաճական, ապաճական, կարծրացող և սրածայր։ Հիվանդությունը վարակիչ չէ, ընթացքը երկարատև է (մի քանի ամսից մինչև մի քանի տարի)։ Ելքը բարենպաստ է, կրկնությունները հազվադեպ են։

Բուժումը․ անտիբիոտիկներ, В խմբի վիտամիններ, հանգստացնող դեղամիջոցներ, արտաքին օգտագործման համար՝ հակաքորային և հակաբորբոքային դեղամիջոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 655