Էստոնական գյուղատնտեսական թանգարան

Էստոնական գյուղատնտեսական թանգարան (նաև՝ Գյուղատնտեսության էստոնական թանգարան, էստ․՝ Eesti Põllumajandusmuuseum), թանգարան, որի խնդիրն է հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ցուցադրել Էստոնիայի գյուղատնտեսությանը վերաբերող առարկաներ, ինչպես նաև պահպանել ագրոտեխնիկական գիտելիքներ համապատասխան տեխնոլոգիաների, տնտեսական հարաբերությունների և մշակույթի մասին։ Թանգարանը գտնվում է Յուլենուրմա դաստակերտի տարածքում, Տարտումաա նահանգի Յուլենուրմա գավառում։ Թանգարանն ունի գյուղատնտեսական գործիքների, սարքավորումների և լուսանկարների հարուստ հավաքածու։ Թանգարանը ֆինանսավորվում է Էստոնիայի գյուղատնտեսության նախարարության կողմից[2][3]։

Էստոնական գյուղատնտեսական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Էստոնիա
Մասն էԷստոնիայի գյուղական թանգարանների հիմնադրամ[1]
Ղեկավարության նստավայրՅուլենուռմե
Հիմնադրվել էհուլիսի 2, 1968
Կայքmaaelumuuseumid.ee/eesti-pollumajandusmuuseum/

Պատմություն խմբագրել

Թանգարանի հիմնադրում խմբագրել

Էստոնիայի գյուղատնտեսական թանգարանը ստեղծվել է Էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր Յուրի Կումի (էստ․՝ Jüri Kuum) ջանքերով, որը 1956 թվականից թերթերում հոդվածներ էր տպագրում, որտեղ նշում էր նման թանգարանի ստեղծման անհրաժեշտության մասին։ Սկզբում նրա հոդվածները հավանության չէին արժանանում, բայց 1968 թվականի մարտին Edasi թերթում տպագրված հոդվածը[4] ակտիվ քննարկումների տեղիք տվեց։ Գաղափարին աջակցում էին գիտնականներ և մանկավարժներ։ Սակայն, ԷԿԿ կենտրոնական կոմիտեն հավանություն չէր տալիս նախաձեռնությանը։ Այնուամենայնիվ, գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորը առաջարկեց թանգարանը կազմակերպել ակադեմիային կից, որպես հասարակական կազմակերպություն[5]։

Թանգարանը հիմնադրվել է Էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի թիվ 183 հրամանով, 1968 թվականի հուլիսի 2-ին։ Թանգարանի առաջին անվանումը եղել է Eesti Põllumajanduse Muuseum («Էստոնիայի գյուղատնտեսության թանգարան» կամ «Էստոնական գյուղատնտեսական թանգարան»), որը պահպանվեց 15 տարի։ Սկզբում թանգարանը գտնվում էր Տարտու քաղաքում, որի ստեղծմանը օգժանդակում էին ակադեմիայի դասախոսներն ու ուսանողները, գյուղատնտեսության և մշակույթի ոլորտի աշխատողները։ Նրանք հորդորում էին մարդկանց հավաքել և թանգարան բերել աշխատանքային հին գործիքներ և կենցաղային իրեր, մեքենաներ, ինչպես նաև գրականություն, լուսանկարներ[5]։

Թանգարանը առաջին տարիներին խմբագրել

Թանգարանը մնաց գյուղատնտեսական ակադեմիայի իրավասության ներքո մինչև 1982 թվականի վերջը։ Այդ ամբողջ ընթացքում Յուրի Կումը ղեկավարում էր այն հասարակական հիմունքներով (այսինքն`առանց վարձատրության)։ Թանգարանը ֆինանսավորում է ստացել ակադեմիային կից գործող գիտական աշխատանքների բաժնի միջոցով, որի շնորհիվ հնարավոր էր դարձել վճարել հետազոտողների և օգնականների աշխատավարձը։ Թանգարանը ցուցահանդեսներ էր կազմակերպել պետական տնտեսություններում (առաջին ցուցահանդեսը կազմակերպվել էր արդեն 1968 թվականի սեպտեմբերի 29-ին), այդ ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն էին առաջացրել, դրանց մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Թանգարանի ֆոնդերն արագ աճում էին։ Մինչև 1972 թվականը նրանց թիվը կազմում էր շուրջ 3000 առարկա, գործիք և մեքենա, 6000 գիրք, 7000 լուսանկար և 10 000 էջ ձեռագիր նյութեր։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում թանգարանի ֆոնդերըը կրկնապատկվեցին։ Նման մեծ ֆոնդերի կազմակերպումը զգալի աշխատանք էր պահանջում։ Սակայն թանգարանը չուներ բավարար մարդկային ռեսուրսներ, ուստի հիմնական ուշադրությունը սկզբում դրվում էր ցուցանմուշների հավաքման վրա։ Քանի որ Էստոնիայի գյուղերում տեղի էին ունենում շատ էական փոփոխություններ (կոլեկտիվացում և անցում դեպի լայնածավալ արտադրություն), կյանքը արագ փոխվեց, հին կենցաղային իրերն անհետացան առօրյա կյանքից, և դրանց հավաքումն ու պահպանումը հրատապ խնդիր դարձավ։ շենքի որոնումները Թանգարանի համար շենքի որոնումները դարձան ամենակարևոր խնդիրներից մեկը[5]։

Նախկին Յուլենուրմի դաստակերտի տարածքը, որն ակադեմիան օգտագործում էր որպես ուսումնա-փորձարարական կենտրոն, համարվում էր թանգարանի համար ամենահարմար վայրը։ Առնոլդ Ռյութելը, որն այդ ժամանակ ակադեմիայի ռեկտորն էր, զգալի օգնություն ցույց տվեց թանգարանի կարիքների համար դաստակերտի տարածքի հարմարեցմանը։ Աշխատանքները սկսվեցին 1972 թվականին, հետագայում, 1989-2001 թվականներին, դաստակերտի տարածքում թանգարանի համար կառուցվեցին ևս մի քանի շենքեր, իսկ հիմնական շենքը գնվեց սեփականատերերից[5]։

1986 թվականի հրդեհ խմբագրել

1986 թվականի հոկտեմբերի 3-ին հրդեհ բռնկվեց նախկին ախոռի շենքում գտնվող ցուցասրահում։ Շենքն այրվեց, դրա հետ մեկտեղ ոչնչացվեցին հացահատիկային կուլտուրաների մշակմանը վերաբերվող ցուցանմուշները։ Հրդեհը տարածվել էր այն սենյակից, որտեղ գտնվում էր գրքերի, փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր պահեստը։ Բաց դարակներում պահվող գրքերը և փաստաթղթերը մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվեցին կրակի և ջրի պատճառով։ Թանգարանի կրած վնասը շատ մեծ չէր, քանի որ հիմնականում վնասվել էին բաց ցուցադրված իրերը, բացի այդ, թանգարանի պահոցներում պահպանվել էին ոչնչացված իրերի նման շատ ցուցանմուշներ։ Այնուամենայնիվ, մի շարք ոչնչացած առարկաներ և գրքեր եզակի էին, հիմնականում այն պատճառով, որ ոչ մի այլ թանգարան նման բաներ չէր հավաքում։ Ենթադրաբար, հրդեհն առաջացել էր հրկիզման արդյունքում, սակայն մեղավորը չհայտնաբերվեց[5]։

Կարգավիճակ խմբագրել

1983 թվականի հունվարի 1-ին թանգարանը փոխանցվեց ԷԽՍՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը։ 1987 թվականին այն վերափոխվեց պետական կոոպերատիվ ձեռնարկության, որը գտնվում էր Էստոնական ԽՍՀ ագրոարդյունաբերական կոմիտեի իրավասության ներքո։ 1993 թվականից թանգարանը գտնվում է Էստոնիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարման ներքո։ Կառավարության 1997 թվականի փետրվարի 11-ի թիվ 31 որոշմամբ թանգարանը դարձավ գյուղատնտեսության պատմության ուսումնասիրության առաջատար կենտրոն[5][6]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի աշխատակիցներն ու կամավորները հավաքում էին ցուցանմուշներ ֆերմերային տնտեսություններից՝ կենտրոնանալով թերթերի ռեպորտաժների վրա, պետական տնտեսությունների տնօրեններից, օրինակ՝ մահացած միայնակ մարդկանց մասին, որոնց ֆերմայում կարող էին մնալ հետաքրքրաշարժ իրեր։ Ժամանակի ընթացքում թանգարանի անձնակազմի փորձը մեծացավ, ցուցանմուշների հավաքածուն դարձավ ավելի կենտրոնացված և համակարգված։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում հացահատիկային մշակաբույսերի մշակման, հավաքման և վերամշակման մեջ օգտագործվող գործիքներին, քանի որ դրանք դարեր շարունակ կենսական դեր են խաղացել էստոնական հողագործության մեջ։ Թանգարանի ցուցահանդեսում հայտնվեցին ձիաքարշով և գոլորշով աշխատող կալսիչներ և տրակտորներ։ Թանգարանի ցուցանմուշներից շատերը վերաբերում էին կտավատի մշակմանը և վերամշակմանը, որը նույնպես կարևոր դեր է խաղացել հանրապետության գյուղատնտեսության մեջ։ Հաճախ այն մեքենաները, որոնք թանգարանին հաջողվում էր ստանալ, վերանորոգման կարիք ունեին։ Հարստանում էր նաև թանգարանի գրադարանը, որտեղ 2000 թվականի կեսերին հաշվառվում էր շուրջ 25 հազար գիրք և շուրջ 10 հազար փաստաթղթեր, ներառյալ քարտեզներ, առք ու վաճառքի փաստաթղթեր, գյուղատնտեսական ցուցահանդեսների պատվոգրեր, մեդալներ և այլն։

Թանգարանի լուսանկարների արխիվում առկա էր ավելի քան 20 հազար լուսանկարներ և նեգատիվներ, որոնք արտացոլում էին գյուղատնտեսության զարգացումը Էստոնիայում 19-րդ դարի վերջերին[5]։

Թանգարանի գործունեություն խմբագրել

Ցուցանմուշների ցուցադրումից բացի, թանգարանը կազմակերպում է թեմատիկ միջոցառումներ՝ ներկայացնելով անցյալում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման մեթոդները։ Թանգարանը նաև նկարահանում է ֆիլմեր, որտեղ ցուցադրվում էին, թե ինչպես էին անցյալում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում` հողերի հերկելն ու մշակելը, կտավատ աճեցնելը, ջրելը, տնական հաց և գարեջուր պատրաստելը և այլն։ Ֆիլմերը նկարահանվում էին Էստոնիայի ազգային թանգարանի հետ համատեղ։ Թանգարանի թողարկած ֆիլմերի մասին բազմիցս գրվել է էստոնական և արտասահմանյան մամուլում[7][8]։ Նորապսակների համար ավանդույթ է դարձել հարսանիքի օրը այցելել թանգարան` շատ զույգեր ծառեր են տնկում թանգարանի տարածքում։

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ և սեմինարներ[3][5]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.riigiteataja.ee/akt/104102017002
  2. «Эстонский сельскохозяйственный музей». eesti.ee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 Eesti Põllumajandusmuuseum, 2016
  4. J. Kuum. Eesti põllumajandusele oma muuseum(էստոներեն) // Edasi : газета. — 17 марта 1968.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Joandi, 2009
  6. «Eesti Põllumajandusmuuseum» (էստոներեն). keskkonnaharidus.ee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. A. Peterson. Some Methods of Etnographic Filming(անգլ.) // Principles of Visual Anthropology. — 1975. — С. 185–189.
  8. А. Йоанди. Фильм фиксирует историю // Советский музей. — 1988. — № 3.

Արտաքին հղումներ խմբագրել

«Eesti Põllumajandusmuuseum». Eesti Põllumajandusmuuseum. 2016. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական գյուղատնտեսական թանգարան» հոդվածին։