Էպիդիդիմիտ (լատին․՝ epididiitis) - ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում մակամորձու բորբոքում, որը արտահայտվում է փոշտի շրջանի ցավով, այտուցվածությամբ և հիպերէմիայով։ Եթե բորբոքային պրոցեսի մեջ է ընդգրկվում նաև ամորձին, կոչվում է Էպիդիդիմոօրխիտ կամ օրխոէպիդիդիմիտ։

Էպիդիդիմիտ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառԳոնորեա, Խլամիդիոզ, էնտերոբակտերիաներ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ՀՄԴ-9604
ԱխտորոշումԵլնելով գանգատներից, ՈՒՁՀ[1]
ԲուժումՈՍՀԲԴ, ցեֆտրիաքսոն և դոքսիցիկլին[1], օֆլոքսացին[1]
 Epididymitis Վիքիպահեստում

Պատճառագիտություն խմբագրել

Էպիդիդիմիտ առաջանում է, երբ վարակիչ հիվանդությունների հարուցիչները հարևան օրգաններից (շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) սերմնատար ծորանների միջոցով կամ արյան ու ավշի հոսքով ներթափանցում են մակամորձի։ Նպաստող գործոններ են ամորձու վնասվածքները, միզային կաթեթրների օգտագործումը, անսովոր ֆիզիկական լարումները, սեռական չարաշահումները, մրսածությունը (սառը ջրում լողանալը)։ Էպիդեմիկ պարօտիտը (խոզուկ), տուբերկուլոզը ինչպես նաև որոշ սեռավարաքներ՝գոնորեան, ուրեոպլազմոզը, խլամիդիոզը երբեմն կարող են բարդանալ Էպիդիդիմիտով և հանդիսանալ տղամարդուանպտղության պատճառ։

Դասակարգումը և կլինիկան խմբագրել

Էպիդիդիմիտը ընթանում է երկու ձևով՝ սուր և քրոնիկ։

Սուր Էպիդիդիմիտը հաճախ հանդիպում է 15-30 տարեկան տղամարդկանց մոտ և 60 տարեկանից հետո։ Սուր էպիդիդիմիտի ախտանշաններն են՝ փոշտի համապատասխան կեսի ցավը, այտուցվածությունը, հիպերէմիան, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (սովորաբար մինչև 38.5 °C)։ Կարող են ի հայտ գալ ընդհանուր բորբոքային պրոցեսի որոշ ախտանիշներ՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ախորժակի կորուստ և այլն։ Շոշափման ժամանակ մակամորձին պնդացած է և խիստ ցավոտ։

Քրոնիկ Էպիդիդիմիտը հաճախ զարգանում է սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների ժամանակ (սիֆիլիս, տուբերկուլյոզ)կամ տղամարդկանց ստերիլիզացիայից (վազոռեզեկցիա) հետո։ Քրոնիկ Էպիդիդիմիտը արտահայտվում է փոշտի շրջանի պարբերական կամ մշտական բնույթի ցավերով, ավելի հաճախ քայլելիս։ Ցավը կարող է ճառագայթվել դեպի աճուկային և գոտկային շրջան։ Մարմնի ջերմաստիճանը մշտապես բարձրանում է մինչև 37.0 °C։

Բուժում խմբագրել

Խորհուրդ է տրվում ապահովել փոշտի բարձր դիրք, փոշտի համապատասխան կեսի վրա տեղադրել տեղային սառույց, հրաժարվել ֆիզիկական ծանրաբերնվածությունից։ Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ։ Վերջինս թույլատրվում է վերսկսել առողջանալուց 2-3 շաբաթ անց։ Բժիշկին ժամանակին դիմելը հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումն ու կանխել բարդությունները (երկկողմանի Էպիդիդիմիտը կարող է անպտղության պատճառ դառնալ)։ Հիվանդները մեծ մասամբ բուժվում են ամբուլատոր, երբեմն պահանջվում է հոսպիտալացում։ Էպիդիդիմիտի առանձին ձևերի ժամանակ կատարվում է վիրաբուժական միջամտություն՝ մակամորձու հեռացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 McConaghy, JR; Panchal, B (2016 թ․ նոյեմբերի 1). «Epididymitis: An Overview». American Family Physician. 94 (9): 723–726. PMID 27929243.

Աղբյուրներ խմբագրել

  1. Էպիդիդիմիտ և բուժումը
  2. Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)

Արտաքին հղումներ խմբագրել