Էկոլոգիական էթիկան միջառարկայական սինթեզի արդյունք հանդիսացող և մշակույթի մեջ գիտելիքի բավականին նշանակալի ձևերի՝ էթիկայի և էկոլոգիայի սահմանագծում գտնվող կիրառական միկրոդիսցիպլին է։ Դրանով այն շաղկապում է միասնական նորմատիվաարժեքային համալիրի մեջ բնական համակարգերի և դրանց հետ փոխազդեցությունների կանոնների մասին պատկերացումները։ Էկոլոգիական էթիկան էկոլոգիայի և դասական էթիկայի սահմանագծում ձևավորված միջառարկայական համալիր հետազոտությունների ոլորտ է։ Էկոլոգիական էթիկան երբեմն նաև անվանում են բնապահպանական, կանաչ, էնվայրոնմենտալ։ Էկոլոգիական էթիկայի առարկա է համարվում բնության և դրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ մարդու բարոյական վերաբերմունքը կարգավորող էթիկակական սկզբունքների և կանոնների հիմնավորումը և մշակումը։ Էկոլոգիական էթիկայի մեթոդները համարվում են՝ դիալեկտիկական մեթոդը, համակարգային մեթոդը, էվոլյուցիոն մեթոդը, էկստրապոլյացիան, դիտարկումը, գիտափորձը և այլ ընդհանուր գիտական և մասնավոր գիտական տեսական և էմպիրիկ մեթոդները, կոնկրետ իրավիճակներից կախված։ Էկոլոգիական էթիկան բնապահպանական գործողությունները մոտիվացնում է երկու ուղղություններով.

1) մարդիկ գործում են կամ խուսափում են գործողություններից՝ ելնելով հենց բնութան բարօրութան դատողություններից, պահպանում են բնությունը հենց նրա համար,

2) այդ գործողությունները իրականացվում են բարոյականության սկզբունքից ելնելով՝ առանց մարդու որևէ շահադիտական հետաքրքրությունների և նույնիսկ ի վնաս նրա։

Գիտական հոսքի կազմավորումը խմբագրել

Թեպետ որպես հետազոտությունների ոլորտ էկոլոգիական էթիկան առանձնացավ միայն 1980-ական թվականներին բնության նկատմամբ էթիկական հայացքները արտահայտվում էին ամենատարբեր ժամանակներում, ամենատարբեր երկրներում։ Բուդդան հռչակեց այլ կենդանի էակներին վնաս չպատճառելու սկզբունքը։ Մուհամմեդը պաշտպանում էր կենդանիներին դաժան մարդկանցից։ Պյութագորասը և Պլուտարքոսը խոսում էին կենդանիների նկատմամբ մարդկանց բարի վերաբերմունքի մասին։ Սուրբ Ֆրանսիսկ Ասսիզացին կենդանիներին և բույսերին ընկալում էր որպես իր եղբայրներ և քույրեր։ 18-րդ և 19-րդ դարերում ԱՄՆ-ում և Անգլիայում հայտնվեցին առաջին օրենքները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքի մասին։

Էկոլոգիական էթիկայի հիմնադիրները համարվում են ամերիկացի էկոլոգ Օլդո Լեոպոլդը (1887-1948) և գերմանացի բժիշկ Ալբերտ Շվեյցերը (1875-1965)։ Իր դասական աշխատություններում Օ. Լեոպոլդը («Ավազե կոմսության օրացույցը») և Ա. Շվեյցերը («Կուլտուրա և էթիկա») առաջին անգամ ձևակերպեցին այն գաղափարը, որ կենդանի էակներին և էկոհամակարգերին պետք է վերաբերվել ոչ թե որպես իրերի, այլ որպես իրենց նմաններին։ 20-րդ դարի 70-ական թվականների սկզբից սկսած էկոլոգիական էթիկան սկսեց հավակնել բացառիկ բարոյական սկզբունքների և հրամայականների համակարգ մշակելու ընդունակ, բնական աշխարհում մարդու վարքագծի կանոնները թելադրող ինքնաբավ գիտաճյուղի կարգավիճակին։ Էկոլոգիական էթիկայի գաղափարների ակտիվ տարածմանը ձեռնամուխ եղան մասնագիտացված ամսագրերը՝ 1979 թվականին ԱՄՆ-ում սկսում է հրատարակվել «Էկոլոգիական էթիկան» («Environmental ethics») փիլիսոփա Յուդժին Խարգրոուվի կողմից, Անգլիայոււմ՝ 1992 թվականից լույս է տեսնում «Էկոլոգիական արժեքներ» («Environmental values») ամսագիրը, Գերմանիայում՝ «Էկոլոգիա և էթիկա» («Ökologie und ethik»)։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունում էկոլոգիական էթիկան՝ որպես գիտաճյուղ գոյություն չուներ, այդ պատճառով այն ներկայացված չէր ոչ էթիկական գրականության մեջ, ոչ էլ բուհերի ուսումնական պլաններում։ Ավստրալիացի փիլիսոփա Պ. Սինգերի, ամերիկացի Տ. Ռիգանի և անգլիացի էկոկրոնաբան Է. Լինզի կողմից 1970-1980-ական թվականներին ձևակերպվեց կենդանիների իրավունքներ հասկացությունը, որի հիման վրա շուտով կազմավորվեց Կենդանիների ազատման բազմամիլիոնանոց շարժումը։ Ամերիկացի Պ. Թեյլորը մշակեց ունիվերսալ էթիկական կանոններ և սկզբունքներ, իսկ նրա գործընկերներ Բ. Կալլիկոտտը և Խ. Ռոլստոնը 3-րդը վայրի բնության արժեքների հասկացությունը։ Էկոլոգիական էթիկային զուգահեռ բուռն կերպով զարգանում է հարցերը էկոլոգիայի և բժշկության սահմանագծում դիտարկող կենսաէթիկան։ 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունել է Բնության համաշխարհային հրովարտակը՝ էթիկական սկզբունքը հաստատող առաջին միջազգային փաստաթուղթը, ըստ որի կյանքի բոլոր ձևերը պետք է ապահովված լինեն գոյության հնարավորությունով։

Գիտաճյուղի հիմնադիրները խմբագրել

Էկոլոգիական էթիկայի հիմնադիրներ համարվում են գերմանաֆրանսիացի աստվածաբան, բժիշկ և փիլիսոփա Ալբերտ Շվեյցերին և ամերիկացի էկոլոգ, կենդանաբան և փիլիսոփա Օլդո Լեոպոլդին։ Ա. Շվեյցերը ենթադրում էր, որ «ակնածանքը կյանքի հանդեպ» պետք է դառնա ունիվերսալ էթիկայի և ամբողջապես մարդկանց աշխարհայացքի հիմքը։ Էթիկան պատասխանատվությունն է այն ամենի համար, ինչը ապրում է։ Այնտեղ, որտեղ վնաս է հասցվում որևիցե կյանքի, անհրաժեշտ է պարզ կերպով գիտակցել որքանով է դա անհրաժեշտ. չի կարելի անել ոչինչ բացի անխուսափելիից՝ նույնիսկ ամենաաննշանը։ Համապատասխանաբար մարդու գոյության իմաստը միկրոկոսմի և մակրոկոսմի մշտական ինքնակատարելագործուման և ներդաշնակեցման մեջ է։ Եթե Ա. Շվեյցերի մոտ ուշադրության կենտրոնում գտնվում է բարոյականբությունը, ապա Օ. Լեոպոլդի աշխատություններում գերակշռում է էկոլոգիական տեսանկյունը էթիկական գիտելիքի կառուցվածքում՝ բնության հետ կոնֆլիկտը կանխորոշված է ոչ միայն դրա ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործմամբ, այլ նաև Երկիրը, որին պատկանում են բոլոր մարդիկ, որպես ընդհանրության մաս տեսնելու անկարողությամբ։ Օ. Լեոպոլդը ներմուծում է նոր տերմին «էկոլոգիական խիղճ»։

Ռիոյի հռչակագիրը խմբագրել

Ռիո-դե-Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը (Ռիոյի հռչակագիրը) ընդունվել է 1992 թվականին ՄԱԿ-ի համաժողովում։ Դրանում ամրագրված են էկոլոգիական իրավունքի հիմնական սկզբունքները, որոնք մշակված էին էկոոլորտում վարքագծի նորմերի հիման վրա։

Գրականություն խմբագրել

  • Зеленкова И. Л. Прикладная этика. Пособие для студентов высших учебных заведений. Минск.։ ТетраСистемс, 2002. - с.21-24
  • Экологическая этика. В кн.։ Терминологический словарь (тезаурус). Гуманитарная биология. М.։ Изд-во МГУ, 2009. с.278-283.