Էկոլոգիական իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի հարաբերականորեն երիտասարդ, միևնույն ժամանակ բավական արագ զարգացող իրավունքի ճյուղերից է։ Իրավունքի այս ճյուղի ձևավորման գործընթացը սկսվել է 1970-ական թվականներին, երբ գլոբալ և տեղական էկոլոգիական հիմնախնդիրները զարկ տվեցին բնական և հասարակական գիտական ուսումնասիրությունների զարգացմանը։ Հումանիտար ուսումնասիրությունների համակարգում ավանդաբար առանցքային տեղ զբաղեցնող իրավագիտության շրջանակներում բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունների իրավական կարգավորման հիմնահարցերի ուսումնասիրություններն ընդհանրացան ճյուղային իրավաբանական գիտության` էկոլոգիական իրավունքի ներքո:Հանրահայտ է, որ իրավունքի համակարգում իրավունքի ճյուղի կայացման փաստը պայմանավորված է նախկինում ընդհանրապես չկարագավորվող կամ այլ իրավունքի ճյուղով կարգավորվող հարաբերություններից որակապես տարբեր հասարակական հարաբերությունների (կարգավորման առարկա) և այդ հարաբերությունների կարգավորման ինքնուրույն մեթոդների ձևավորմամբ։ Էկոլոգիական իրավունքի կարգավորման առարկա հասարակական հարաբերություններն ընդգրկում են միմյանց հետ փոխկապված ոլորտներ. բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության։ Տվյալ պետության տարածքում գտնվող բնական ռեսուրսների` հասարակության տարբեր խմբերի միջև բաշխումը և վերաբաշխումը բնական ռեսուրսների օգտագործման հարաբերությունների բովանդակությունն են։ Շրջակա միջավայրի պահպանության հարաբերություններն ընդգրկում են միջավայրի տարրերի վրա քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ազդեցությունը, օրինակ` ջրային ռեսուրսների աղտոտումը քիմիական նյութերով։ Հարաբերությունների այսպիսի տարանջատումն իրականացվում է գերազանցապես ուսումնասիրությունների կամ օրենսդրության դասակարգման նկատառումներից ելնելով։ Եթե նախկինում բնօգտագործումը և շրջակա միջավայրի պահպանությունը դիտարկվում էին որպես առանձին խումբ հարաբերություններ կարգավորող նորմերի ամբողջություն, և գրականության մեջ գերակայում էր այն կարծիքը, թե նորմերի այդ երկու խմբի միջև առկա տարբերությունների անտեսումը, այդ հարաբերությունների արհեստական միաձուլումը կարող են առաջացնել հասարակության համար անցանկալի հետևանքներ, մասնավորապես` բնության պահպանության շահերի տարրալուծում տնտեսական հարաբերությունների համակարգում, ապա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարաբերությունները կարգավորող նորմերի ոչ թե միաձուլումը, այլ դրանց տարանջատումն է արհեստական։ Դեռևս 1986 թվականին Յուրի Վովկը անհերքելի էր համարում այն, որ բնական օբյեկտի պահպանությունը ինքնուրույն հարց կամ գործունեություն չէ։ Դա ածանցված է բնության օբյեկտի օգտագործման և շահագործման գործունեությունից, հետևաբար` ոլորտի իրավական կարգավորումը չի կարելի բաժանել երկու ինքնուրույն մասերի[Вовк Юрий (1986)։ Советское природоресурсовое право и правовая охрана окружающей среды. Общая часть։ Харьков։ էջ 5]։

Օրենսդրական կարգավորման առումով չափազանց դժվար, իսկ մի շարք դեպքերում գրեթե անհնար է տարանջատել գործունեության այս երկու ուղղությունները։ Ընդ որում, միջավայրի որակի պահպանություն հնարավոր է ապահովել գերազանցապես ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցով։

Հեղինակների կողմից տրվում է էկոլոգիական իրավունքի կարգավորման առարկա կազմող հարաբերությունների այլ դասակարգում ևս.

  • բնական ռեսուրսնեի նկատմամբ սեփականության իրավունք,
  • բնօգտագործում,
  • դեգրադացիայի տարբեր ձևերից շրջակա միջավայրի պահպանություն,
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց էկոլոգիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն[1]։

Էկոլոգիական իրավահարաբերություններն առաջանում են բնական ռեսուրսների, բնական օբյեկտների, բնական համալիրների, շրջակա միջավայրի կապակցությամբ։ Սրանք բնության այն բարիքներն են, որոնց օգտագործման և պահպանության նպատակով ձևավորվում են համապատասխան հասարակական հարաբերությունները։ Շրջակա միջավայրը մարդու կենսագործունեության և արտադրական միջավայրն է, որի ներքո պետք է հասկանալ ինչպես շրջակա բնական, այնպես էլ սոցիալական միջավայրը[2]։ Բնական ռեսուրսները մարդու գոյության բնական պայմանների ամբողջությունն են, մարդու բնական միջավայրի կարևորագույն բաղադրամասերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում են մարդու տարաբնույթ պահանջմունքների բավարարման համար։

Էկոլոգիական իրավունքի մեթոդներ խմբագրել

Էկոլոգիական իրավունքի մեթոդները հասարակական հարաբերությունների սուբյեկտների վարքագծի վրա ներգործության միջոցներն ու մեխանիզմներն են, որոնք կանխորոշում են իրավական նորմերի բովանդակությունը և ուղղվածությունը։ Հայտնի է, որ ճյուղային իրավաբանական գիտությունների իրավական կարգավորման մեթոդների համակարգում գերակայում են երկուսը` իմպերատիվ (վարչահրամայական) մեթոդը և դիսպոզիտիվ (կամավորության) մեթոդը։ Իրավական կարգավորման օբյեկտով պայմանավորված էկոլոգիական իրավահարաբերությունները ձևավորվում են գերազանցապես պետական իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև։ Էկոլոգիական իրավահարաբերությունները միևնույն ժամանակ հիերարխիկ, ենթակայության վրա հիմնված հարաբերություններ են, հետևաբար դրանք կարգավորվում են առավելապես իմպերատիվ մեթոդի միջոցով։ Կարգավորման իմպերատիվ մեթոդի վրա են հիմնվում օրինակ` բնօգտագործման թույլատրման, էկոլոգիական նորմավորման, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, էկոլոգիական վերահսկողության հարաբերությունները։ Այսպես, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն` լիազոր պետական մարմինը դադարեցնում է ընդերքաօգտագործման իրավունքը, եթե սահմանված ժամկետում (90 օր) ընդերքօգտագործման իրավունքի կրողը չի վերացրել զգուշացման հիմք ծառայած պատճառները։ Կարգավորման դիսպոզիտիվ մեթոդը հարաբերությունների կողմերին հնարավորություն է ընձեռում ընտրելու նախընտրելի վարքագիծ կամ այդ վարքագծի իրացման սահմանները։ Որպես դիսպոզիտիվ էկոլոգիական իրավահարաբերությունների օրինակ կարող են ծառայել կամավոր էկոլոգիական ապահովագրությունը կամ աուդիտը, համապատասխանության կամավոր հավաստումը։

Էկոլոգիական իրավունքը որպես իրավունքի համալիր ճյուղ և դրա հարաբերակցությունն իրավունքի այլ ճյուղերի հետ խմբագրել

էկոլոգիական իրավունքը համալիր ճյուղային իրավաբանական գիտություն է, քանի որ դրա կարգավորման առարկայի մեջ ընդգրկվող հասարակական հարաբերությունները կարգավորվում են նաև իրավունքի այլ ճյուղի նորմերով։ Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունների այսպիսի բնույթը կանխորոշում է նաև էկոլոգիական իրավունքի հարաբերակցությունն իրավունքի այլ ճյուղերի հետ։ Որպես իրավունքի համակարգի բաղկացուցիչ էկոլոգիական իրավունքը փոխհարաբերվում է սահմանադրական իրավունքի, վարչական իրավունքի, հողային իրավունքի, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և իրավունքի մյուս ճյուղերի հետ։ ՀՀ Սահամանդրության փոփոխություններով՝ որպես սահամանդրական կարգի հիմունք, ամրագրված է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը։ ՀՀ սահմանադրության փոփոխություններում ամրագրված է նաև յուրաքանչյուրի պարտականությունը անձամբ և այլոց հետ համատեղ պահպանելու և բարելավելու շրջակա միջավայրը։ ՀՀ-ում բնական ռեսուրսները նաև գույքային շրջանառության օբյեկտ են և դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման հարաբերությունների կարգավորումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական իրավունքի նորմերով։ ՀՀ էկոլոգիական իրավունքի և ՀՀ քաղաքացիական իրավունքի փոխհարաբերման սահմանն ընգծում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։ Առանձնահատուկ է ՀՀ հողային իրավունքի և ՀՀ էկոլոգիական իրավունքի փոխհարաբերակցությունը։ Հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության հարաբերությունների իրավական կարգավորման «ավանդույթների» հիման վրա ձևավորվել է ընդերքի, ջրային օբյեկտների, անտառների, կենդանական և բուսական աշխարհի իրավական կարգավորումը։ Հետագայում դրանց ինտեգրումը հանգեցրել է էկոլոգիական իրավունքի, որպես միասնական ճյուղային իրավաբանական գիտության ձևավորման։ Ժամանակակից հողային իրավունքի համակարգի ինստիտուտներից է հողերի իրավական պահպանությունը, որոնց բովանդակությունը կազմող միջոցառումները կարգավորվում են ինչպես հողային, այնպես էլ էկոլոգիական իրավունքի նորմերով։ ՀՀ վարչական իրավունքի և ՀՀ էկոլոգիական իրավունքի փոխհարաբերման առանցքում բնական ռեսուրսների պետական կառավարման հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն են։ ՀՀ վարչական իրավունքն ուսումնասիրում է պետական կառավարման համակարգի գործառման իրավական օրինաչափությունները, մասնավորապես դրա հիմնական գործառույթները և կառավարման մարմինների հիերարխիկ փոխհարաբերակցության սկզբունքները։ Ընդհանրական այս մոտեցումն ապահովում է վարչական իրավունքի ինքնաբավությունը, իսկ ՀՀ էկոլոգիական իրավունքը բնական ռեսուրսների պետական կառավարման կազմակերպական կառուցվածքն ու գործառույթներն ուսումնասիրում է այլ հարթության վրա։ ՀՀ էկոլոգիական իրավունքը փոխհարաբերվում է ընթացակարգային նորմեր բովանդակող իրավունքի ճյուղերի հետ։ Առավել սերտ է էկոլոգիական իրավունքի փոխհարաբերակցությունը վարչական դատավարության և քաղաքացիական դատավարության հետ։ Իրավունքի նշված ճյուղերի նորմերով են սահմանվում մարդու էկոլոգիական իրավունքների պաշտպանության ընթացակարգերը` համապատասխան երաշխիքների ամրագրմամբ։ Էկոլոգիական իրավունքը հանրային իրավունքի ճյուղ է, ուստի իրավունքների դատական պաշտպանությունը գերազանցապես իրականացվում է վարչական դատավարության շրջանակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бринчук Михаил (2005)։ Экологическое право., Учебник., 2-е изд., перераб. и доп.։ Москва։ էջ 48
  2. bse.sci-lib.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոլոգիական իրավունք» հոդվածին։