Էդմոնդ Ավետյան

հայ փիլիսոփա, լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդմոնդ Գեղամի Ավետյան (նոյեմբերի 10, 1929(1929-11-10), Անդիժան - դեկտեմբերի 6, 2002(2002-12-06), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1992)։ Հայկական նշանագիտության հիմնադիրներից։

Էդմոնդ Ավետյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1929(1929-11-10) Անդիժան
Մահացել էդեկտեմբերի 6, 2002(2002-12-06) (73 տարեկան) Երևան, Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա և լեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Էդմոնդ Ավետյանը ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1956-1961 թվականներին ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, 1965 թվականից (ընդհատումներով)՝ ԵՊՀ-ում։ 1961-1964 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում, 1966 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։

1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հետ ունեցած նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ։ Հարկադրաբար ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին։ 1986-1989 թվականներին՝ հանրապետական ուսումնամեթոդաբանական կաբինետի մեթոդիստ, 1991 թվականից վերսկսել է դասավանդել ԵՊՀ-ում, 1994 թվականին՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։

Ստեղծագործություններ խմբագրել

Ավետյանի աշխատությունները վերաբերում են լեզվաբանության մետաֆիզիկական փիլիսոփայության հարցերին, իմաստի և արտահայտության, լեզվի և խոսքի, լեզվականի և հասկացականի փոխհարաբերություններին, լեզվական միավորների բնույթին[1], գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» (ռուսերեն, Երևան, 1968), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, Երևան, 1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, Երևան, 1989))։

Ավետյանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է։ Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում։ Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում նա վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ։

Ուշագրավ են 1980-1990-ականներին Ավետյանի՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայանում է որպես անհատ և քաղաքացի։ Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ» (ռուսերեն, Երևան, 1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, Երևան, 2002)[2]։

Երկեր խմբագրել

  • «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968)
  • «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979)
  • «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989) լեզվաբանական աշխատություններ
  • «Վերադարձի օղակ» (1998, վերահրտ.՝ 2003) փիլիսոփայական խոհեր
  • «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, 2002) ժողովածու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ԷԴՄՈՆԴ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.