Երուսաղեմի ձեռագրատուն, հայերեն ձեռագրերի աշխարհում երկրորդ հավաքածուն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հետո)։ Գտնվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում։ Ձեռագրերի թիվը հասնում է շուրջ 4000-ի (1976 թվականին)։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ելնելով որոշ ձեռագրերի գրության թվականներից՝ ենթադրվում է, որ սկզբնավորվել է 12-13-րդ դարերում։ Մինչև 19-րդ դարի կեսերը ձեռագրերն անխնամ վիճակում էին։ 1865 թվականին Տ․ Սավալանյանցը կազմել է դրանց ցանկը։ Հետագայում ցանկերի կազմման ու հրատարակմանը ձեռնամուխ է եղել Ա․ Սյուրմեյանը։

Առաջին հատորը լույս է տեսել 1948 թվականին։ Գործը շարունակել է Ն. Պողարյանը՝ 1953-1960 թվականներին հրատարակելով 2-5-րդ հատորները։ 1966 թվականին նա ձեռնարկել է «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց» ցանկի նոր, շքեղ ու վերափոխված հրատարակությունը։ Մինչև 1972 թվականը հրատարակվել է 6 ծավալուն հատոր, ուր ընդգրկված է 2000 ձեռագրի նկարագրություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 644