Երկկնություն (բիգամիա, երկամուսնություն), բազմակնության մասնավոր դեպք, տղամարդու՝ միաժամանակ երկու կանանց հետ ամուսնության մեջ գտնվելը։ «Երկկնություն» տերմինը ենթադրում է պոլիգամիայի իրավական արգելք․ օրենսդրորեն թույլատրված պրակտիկայի դեպքում սովորաբար օգտագործվում են «բազմակնություն» և «պոլիգամիա» տերմինները։

Կոմս ֆոն Գլեյհենի և նրա երկու կանանց տապանաքարը Էրֆուրթի տաճարում

Պատմություն խմբագրել

Հին և անտիկ աշխարհ խմբագրել

Հին Հռոմում երկկնությունը արգելված էր, սակայն գոյություն ուներ կենակցությունը (մի տղամարդու մեկ կամ մի քանի կանանց հետ երկարատև, ոչ պատահական և ոչ պաշտոնական կամ «քաղաքացիական» ամուսնություն) և մարմնավաճառությունը։ Հանրապետական դարաշրջանում տղամարդը կարող էր գտնվել և օրինական ամուսնության մեջ և կենակցել (տարբեր կանանց հետ)։ Նման ամուսնությունից ծնված երեխաները օրինական չէին համարվում, ուստի սահմանափակվել են ժառանգական իրավունքներով։ Հռոմեական կայսրությունում կենակցումը օրինական էր համարվում զինվորականնների շրջանում և մշտական կենակցությունը՝ ամուսնության անհնարինության դեպքում․ օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների, հետերաների, սենատորների մոտ[1]։ Կենակցության ինստիտուտի զարգացմանը զուգնթաց արդեն ուշ հանրապետական շրջանում ընտանեկան հարաբերությունները այնքան էին բարդացել, որ դժվար էր տարանջատում մտցնել ամուսնության, կենակցության և պոլիգամիայի միջև։ Այդ կապակցությամբ կայսերական ընտանեկան օրենսդրությունը նպատակ ուներ կենակցությունը վերածել իրավական երևույթի, որոշել դրա պայմանները՝ ամուսնության ընթացքում ծագած պայմանների նմանությամբ[2]։

Միջին դարեր խմբագրել

Թան դինաստիայի (618-907 թվականներ) «Թան լյույ շու ի» մի շարք օրենքների համաձայն՝ երկկնությունը պատժվում էր 1 տարվա կատորգայի պատժով։ Այդ թվում՝ կնոջ ընտանիքը ստանում էր մեկ աստիճանով նվազեցված պատիժ (100 հարված ծանր փայտերով)։ Այն դեպքում, եթե տղամարդը ամուսնացել էր խաբեության ճանապարհով, ապա նա ենթարկվում էր 1․5 տարվա կատորագայի պատժի, իսկ կնոջ ընտանիքը պատժի չէր ենթարկվում[3]։

 
Ա․Պ․ Լոսենկոյին նկարը․ «Վլադիմիր և Ռոգնեդա»՝ Ռոգանդայի մասին տարեգրային պատմվածքի սյուժեով, 1770

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում հին ռուսական հասարակությունում կային ամուսնության երկու տեսակ՝ մոնոգամիա և պոլիգամիա։ Յարոպոլկ իշխանը, չնայած այն բանին, որ արդեն ուներ «հույն կին», որին հայրը՝ Սվյատոսլավ Իգորևիչը, բերել էր Բյուզանդիա արշավից[4], հաջողությամբ խնդրել է Պոլոցկի իշխանուհի Ռոգնեդայի ձեռքը[5]։ Սակայն երկպառակիչ պատերազմի ժամանակ Վլադիմիր Սվյատոսլավիչը Պոլոցկի գրավումից հետո բռնությամբ կնության է վերցրել Ռոգնեդային, որը նախկինում խնամախոսվել էր Յարոպոլկի համար[6]։ Ռուսաստանում քրիստոնեության ընդունումից հետո Վլադիմիրը ստիպված էր ընդունել քրիստոնեական սովորույթներն ու դիմել է Ռոգնեդային․ «Ես հիմա մկրտված եմ, ընդունել եմ քրիստոնեական հավատն ու օրենքը, հիմա ես պետք է ունենամ մեկ կին, որին և ես վերցրել եմ քրիստոնեության մեջ, դու էլ ընտրիր քեզ համար իմ բարձր աստիճանավորներից մեկին և ես քեզ կնության կտամ նրան»[7], բայց աղջիկը հրաժարվել է և դարձել է միանձնուհի։ Հավանաբար Ռուսիայում գոյություն ուներ տեգրամուսնություն՝ լևիրատ․ Վլադիմիր Սվյատոսլավիչը իր եղբոր՝ Յարոպոլկի սպանությունից հետո ամուսնացել է նրա այրու՝ «հույն Պրեդիսլավի հետ» ( «Володимиеръ же залеже жену братьню грекиню»)։ Շուտով նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Սվյատապոլկին, որը համարվում է «երկու հայրերից», քանի որ այրին արդեն հղի էր («մեղսագործից պտուղը չար է լինում»։

 
Գալիցկի բոյարները դեպի խարույկ են քարշ տալիս Յարոսլավ Օսմոմիսլի սիրուհուն՝ Անաստասիային։ Կլավդի Լեբեդևի նկարը

Դատելով ամեն ինչից՝ երկկնությունը արմատախիլ չի արվել լիովին։ Տարածված տեսակետ է համարվում, որ ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանում բազմակնությունը ծաղկում է ապրել ազնվականության շրջանում, բնակչության ստորին շերտերում, առաջին հերթին տնտեսական պատճառներով, այն չի կիրառվել[8]։ Պատմաբան Բ․Ա․ Ռոմանովի կարծիքով հարկ է գնահատել, որ հենց իշխանների և բոյարների համար են ուղարկվել միտրոպոլիտ Հովհաննեսի խոսքերը, որը հրահանգել է պատժել սուրբ հաղորդությունից նրանց, որոնք «безъ студа и бес срама 2 жене имеють»[9]։

Բազմակնությունից բացի, հին ռուսական ազնվականության շրջանում տարածված է եղել նաև հարճությունը։

11-րդ դարում ռաբբի Գերշը 1000-ամյա արգելք է դրել բազմակնության վրա աշկենազների համար[10], որը դիտարկվում է որպես իրենց ընտանեկան հարաբերությունների եվրոպականացման քայլ (բազմակնություն մտցնելու տեսության հակառակորդների կարծիքով «1000 տարով» նշանակում է «ընդմիշտ»)[11]։

 
Ֆիլիպ I-ը իր առաջին կնոջ՝ Բերտա Գալանդացու և երեխաների՝ Լուի Թանձրամարմինի և Կոստանսի հետ

1090 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ I-ը իր կնոջը՝ Բերտա Գալանդացուն ուղարկել է փաստացի բանտարկության Մոնտրյոր սյուր մեր ամրոց։ Երկու տարի անց նա իր վասալ Ֆուլկ Անժույսկուց առևանգել է նրա կնոջը՝ Բերտրադ դե Մանֆորին (հնարավոր է՝ նրա համաձայնությամբ)։ Թագավորը կղերի համաձայնությունից հետո կազմակերպել է ձևական ամուսնալուծություն իր կնոջից («պարզվել է», որ ամուսինները գտնվել են ամուսնության համար շատ մոտ ազգակցական կապի մեջ) և ամուսնացել է Բերտրադի հետ։ Այդ ամուսնությունը՝ կայացած եկեղեցական կանոնների խախտմամբ և նրա օրինական կնոջ կենդանության օրոք, առաջացրել է հոգևորականների վրդովմունքը․ 1094 թվականի հեկտեմբերի 16-ին Օտյոնի տաճարը հեռացրել է թագավորին եկեղեցուց[12]։ 1096 թվականին Ֆրանսիայի թագավորը ամեն դեպքում ենթարկվել է։ Բերտրադը հեռացվել է, իսկ եկեղեցուց հեռացումը՝ հանվել[13]։ Սակայն թագավորը շուտով վերադարձրել է Բերտրադին և շարունակել է ապրել նրա հետ և միայն 1104 թվականին հոգևորականության ճնշման տակ համաձայնել է բաժանվել նրանից։ Այդ ամուսնությունը ճանաչվել է անօրինական, նրանից ծնված բոլոր 4 երեխաներն էլ են ճանաչվել անօրինական։ Եկեղեցական ամուսնության և այն լուծարելու դեպքում կանոնական դժվարությունների հաստատման ընթացքում աշխարհիկ իշխանությունների և Հռոմի պապերի դիմակայության ֆոնին, այս դեպքը եզակի չէ։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը, որին Ժակ լը Գոֆֆը բնութագրել է որպես «ֆրանսիացի վերջին թագավոր, որը գործարկել է պոլիգամիան»[14], 1193 թվականի նոյեմբերի 5-ին, օգտվելով Գալիկյան եկեղեցու աջակցությունից, եպիսկոպոսների վեհաժողովում հասել է Ինգեբորգ Դանիացու հետ ապահարզանի թույլտվության՝ հղում անելով նրանց միջև իբր գոյություն ունեցող ազգակցությանը։ Արդեն 1196 թվականի հունիսի մեկին ամուսնացել է Ագնես Մերանսկու հետ։ Հռոմի պապերն ու նրանց ներկայացուցիչները աջակցում էին նրա նախկին կնոջը՝ Ինգեբորգին, անարդյունք բանակցություններից հետո Անմեղ III-ը ինտերդիկտիտ էր սահմանել 1200 թվականի հունվարի 13-ին։ Ֆիլիպ II-ը ձևացրել է, որ ենթարկվել է Պապի ցանկությանը, Ինգեբորգին վերադարձրել է պալատ։ Այնուհետև նա փակել է Ինգեբորգին Դուրդան ամրոցում և վերադարձրել Ագնեսին։ 1201 թվականի մարտին Սուասոնի եկեղեցական տաճարը Ֆիլիպ Օգոստոսից պահանջել է պահպանել Ինգեբորգի հետ ամուսնությունը և արտաքսել Ագնեսային։ Թագավորը համաձայնել է, բայց տարկետման է հասել, քանի որ նրա «լրացուցիչ կինը» հղի էր, սակայն ավելի ուշ նա մահացել է ծննդաբերության ժամանակ։ Քաղաքական նկատառումներով 1213 թվականին թագավորը Ինգեբորգին վերադարձրել է պալատ, որտեղ նա ամուսնու հետ ապրել են «որպես եղբայր և քույր»[14]։

12-րդ դարում Եվրոպայում դեռևս շարունակվում էր ամուսնության քրիստոնեացումը, տեղի է ունենում այն քրիստոնեական հիմնական խորհուրդի մեջ մտցնելը։ Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ 12-13-րդ դարերում ամուսնության պատմության մեջ վճռորոշ բեկում է տեղի ունեցել[15][16]։ Սակայն նման տեսակետի հետ ընդհանրապես համաձայն չէ Յու․ Լ․ Բեսսմերտնին, որը նշված ժամանակահատվածում նշում է եկեղեցական կանոններով չձևակերպված ամուսնական միությունների տարբեր տեսակների գոյության մասին[17]։

Յու. Լ. Բեսսմերտնին նշում է, որ 12-13-րդ դարերում եկեղեցու՝ ամուսնական կանոնադրությունը խախտելը ժամանակակիցների աչքերում միանշանակ դատապարտելի երևույթ չի եղել. «մոնոգամ քրիստոնեական ամուսնությունը անհաղթահարելի իդեալ չի դարձել ոչ ազնվականության, և ոչ էլ գյուղացիների և քաղաքացիների համար»[17]։

 
Կոմս ֆոն Գլեյհեմի պատկերով վիտրաժներ Թյուրինգայի Սան Վիտի եկեղեցում

Գոյություն ունի գերմանական սագա 13-րդ դարի կեսերի կոմս Գլեյհենի՝ գերմանացի խաչակրի, Խաչակրաց վեցերորդ արշավանքի մասնակցի վերաբերյալ, այն մասին, որ նա թուրքական գերությունից փախել է սուլթանի աղջկա հետ, որը դարձել է նրա երկրորդ կինը[18][19]։ Հռոմի պապը համաձայնություն է տվել այն բանին, որ կոմսը առանց բաժանվելու առաջին կնոջից կնության վերցնի թրքուհու, եթե վերջինս քրիստոնեություն ընդունի։ Եռակի մարմնական ամուսնությունը երջանիկ շարունակվել է մինչև ամուսինների մահը, ինչի մասին պատմում է Էր Թյուրինգիայի Էրֆուրտի տաճարի տապանաքարի գրությունը[20][21]։ Գյոթեն, որը ծանոթ էր այս պատմությանը, իր վաղ շրջանի «Ստելլա» (1775) դրամայում օգտագործել է այն իր պիեսի եզրափակիչ գլխում, որտեղ պիեսի հերոսներից մեկը՝ Սեսիլիան վերապատմում է այն իր ամուսին Ֆերնանդոյին՝ այսպիսով բացատրելով իր համաձայնությունը «երեքով սիրուն»՝ նրա և Ստելլայի հետ․ ավարտելով իր պատմությունը՝ նա արտաբերում է․

Եվ երկնքում Տեր Աստված ուրախացավ, երբ տեսավ այդ սերը, նրա սուրբ փոխանորդը երկրի վրա օրհնեց այն։ Իսկ նրանց սերն ու համաձայնությունը երջանկություն բերեցին նրանց համատեղ տանը, համատեղ անկողնուն և գերեզմանին։

14-15-րդ դարերում եկեղեցական մոնոգամ ամուսնության հեղինակությունը, որպես միակ օրինական ամուսնական միության ձև, Եվրոպայում աճել է։ Այս շրջանում սկսել է հետապնդվել նաև կոնկուբինատը։ Իրավունքը կարգադրել է պատժել նրան բանտով, թույլ է տրվել նաև ինքնադատաստան՝ ընդհուպ մինչև մեղավորների սպանություն։ Քաղաքներում գործում էր յուրօրինակ «բարքերի ոստիկանություն»։ Բացի այդ, Յու. Լ. Բեսսմերտնու կարծիքով, մոնոգամ ամուսնության կանոնի պահպանման մեջ մեծ դեր է խաղացել այնպիսի սովորույթը, ինչպիսին շարիվարին է, որի մասնակիցները առաջ էին շարժվում նույնիսկ աստվածաբաններին պարտադրելով եկեղեցական ամուսնության պահանջների պահպանում, ավելի անհանդուրժող լինելով նրանց շեղումների հանդեպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Загурский Л. Н Элементарный учебник римского права. Кн. 2. — Х.: Типография Адольфа Дарре, 1893. — С. 101—104.
  2. Войнаровська О Правове регулювання фактичних шлюбних відносин у Стародавньому Римі // Юридична Україна. — 2013. — С. 75.
  3. Пивоваров Н. Д. Преступления, направленные против института семьи, в китайском уголовном праве времен империи // Актуальные проблемы российского права. — 2015. — В. 6. — С. 46. — ISSN 1994-1471.
  4. Повесть временных лет, 977 год
  5. Повесть временных лет. По Лаврентьевскому списку / под. ред. В. П. Адриановой-Перетц. — Литературные памятники. — М.—Л.: Изд-во Акад. наук СССР, 1950. — С. 53—54. — 404 с.
  6. [[s:ЭСБЕ/Владимир Святославич, великий князь киевский «ЭСБЕ/Владимир Святославич, великий князь киевский — Викитека]»]. ru.wikisource.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. Добряков А. В Русская женщина в домонгольский период. — СПб.: Тип. В. Безобразова и К°, 1864. — С. 56.
  8. Омельянчук С. В Брак и семья в Древней Руси IX—XIII веков: учеб. пособие. — Владимир: Изд-во Владим. гос. ун-та, 2010. — С. 11. — 118 с.
  9. Романов Б. А Люди и нравы древней Руси. Историко-бытовые очерки. — М.; Л., 1966. — С. 192—193.
  10. Марголин Ю. Б Повесть тысячелетий: сжатый очерк истории еврейского народа. — Издано Об-вом по увековечению памяти Ю.Б. Марголина, 1973. — 458 с.
  11. «Ортодоксальным иудеям предлагают полигамию, чтобы выстоять перед лицом "арабской демографической угрозы"». NEWSru.com. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. Йегер О Всемирная история. — 2014-11-12. — 1018 с. — ISBN 9785447510206
  13. Поло де Бонье, М.-А. Средневековая Франция. — М.: Вече, 2014. — С. 341.
  14. 14,0 14,1 Ле Гофф Ж История тела в Средние века. — Text, 2016-08-13. — 157 с. — ISBN 9785751613907
  15. Duby G. Le chevalier, la femme et le pretre: Le mariage dans la France feodale. — P. 1981. — P. 162—163
  16. Molin J. В. Mutembe P. Le rituel du mariage en France du XII au XVI siecle. — P. 1974
  17. 17,0 17,1 Бессмертный Ю. Л Модель брака и брачность // Демографический рост XI-XIII вв. / Жизнь и смерть в Средние века. — М.: Наука, 1991. — С. 77—87.
  18. Die Sage vom Grafen von Gleichen, abgerufen am: 19. November 2015
  19. Ehe zu dritt — Die Frauen des Grafen von Gleichen, abgerufen am: 19. November 2015
  20. Санктпетербургский вестник. 1779. Ч. 3. Янв. С. 141—143.
  21. Граф Глейхен (Поэма)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկկնություն» հոդվածին։