Երզնկայի դաշտ
Երզնկայի դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդակում, Արևմտյան Եփրատի միջին Հոսանքում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Եկեղյաց գավառին։
Երզնկայի դաշտ | |
---|---|
Տեսակ | հարթավայր և հովիտ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Էրզինջանի մարզ[1] |
Տեղանքը
խմբագրելՇրջապատված է Մնձուր, Մերջան, Սիփիկյոր, Քեշիշ դաղ, Միքրետ դաղ լեռներով։ Երկարությունը 40-45 կմ է․ լայնությունը՝ 13-15 կմ, բարձրությունը՝ 1200-1400 մետր է տարածությունը՝ մոտ 610 կմ2։ Երզնկայի դաշտը միջլեռնային երիտասարդ իջվածք է՝ եզրավորված տեկտոնական խախտումներով, որոնք շրջապատող լեռներին տալիս են աստիճանակերպ բնույթ։ Հիմքում հնագույն մետամորֆային ապարներ և մեզոզոյի ծալքավորված կրաքարաավազաքարային շերտախմբեր են՝ ծածկված պալեոգեննեոգենի ավազաքարային և կավամերգելային նստվածներով, որտեղ տեղադրված են (200-300 մետր հզորությամբ) անթրոպոգենի լճագետային նստվածքները։ Երզնկայի դաշտում են հատվում Փոքր Ասիական թերակղզով անցնող Հյուսիս-Անատոլական (Իզմիր-Էրզրումի) և Կիլիկիա-Ճորոխի խոշորագույն բեկվածքների գոտիները, ՝ որոնց ինտենսիվ նեոտեկտոնական շարժումները Երզնկայի դաշտը դարձրել են Հայկական բարձրավանդակի ամենասեյսմիկ օջախներից մեկը։ 1939-1943 թվականներին Երզնկայի դաշտում նշվել են չորս կործանիչ երկրաշարժ։
Օգտակար հանածոներ
խմբագրելՕգտակար հանածոներից կան կերակրի աղ, քարածուխ, Երզնկա քաղաքից 15 կմ արևմուտք ՝ նավթի և ասֆալտի դրսևորումներ։ Հարուստ է հանքային ջրերով։
Կլիմա
խմբագրելԿլիման ցամաքային է չափավոր տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հուլիսի միջին շերմաստիճանը 16°С-ից 20°С է, հունվարինը՝ -8°С-ից -16°С, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։
Գետեր
խմբագրելԳետերը՝ Արևմտյան Եփրատն իր վտակներով, հորդանում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հունը։ Տարածված են կիսաանապատային և չոր տափաստանային շագանակագույն հողերը և դրանց բնորոշ բուսածածկույթը։ Տեղ-տեղ կան աղաբույսեր և եղեգնուտներ։ Մշակվում է բրինձ, բամբակ, խաղող։ Կան պտղատու այգիներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 586)։ |