Երեքնուկային հիվանդություն

Երեքնուկային հիվանդություն, գյուղատնտեսական կենդանիների թունավորում, որն առաջանում է մեծ քանակությամբ վարդագույն երեքնուկով կերակրվելիս։ Առավել թունավորությամբ օժտված է կանաչ զանգվածը, սակայն հնարավոր է նաև խոտով թունավորումը։ Երեքնուկային հիվանդության զարգացմանը նպաստում է կենդանիների արևահարությունը երեքնուկի թունավոր նյութը՝ ֆիլոէրիթրինը կուտակվում է մաշկում և արևի լույսի ազդեցությամբ օքսիդանում է՝ առաջացնելով մաշկի գրգռվածություն, որը թեթև ընթացքի դեպքում դրսևորվում է կարմրությամբ, գունազուրկ հատվածների այտուցով, ցավոտությամբ։ Ծանր թունավորման դեպքում նկատվում է ուժեղ քոր, ճանկռվածքների դեպքում՝ մաշկի թարախակալում և մեռուկացում, զարգանում է բշտային կամ ֆլեգմոնային բերանաբորբ, ախտահարվում են լյարդը (դեղնախտ), մարսող համակարգը (որոճողների փորափքանք) և կենտրոնական նյարդային համակարգը։

Երեքնուկ մարգագետնային

Բուժում խմբագրել

Կերաբաժնից բացառում են երեքնուկը, կենդանիներին տեղավորում են մթնեցրած շինությունում, խմեցնում թեթևակի թթվեցրած ջուր, նշանակում լուծող բուսայուղեր, ախտահարված մաշկը մշակում են իխթիոլով, կարբոլային կամ սալիցիլային քսուկներով։

Կանխարգելում խմբագրել

Արևոտ եղանակին գունակազուրկ մաշկով կենդանիներին չարածեցնել երեքնուկի դաշտերում, երեքնուկի կանաչ զանգվածով կերակրել այլ կերախառնուրդների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։