Երերույքի տաճար

(Վերահղված է Երերույքից)

Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին[2]։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը[3]։

Երերույքի տաճար
Հիմնական տվյալներ
ՏեսակԲազիլիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՇիրակի մարզ, Անիպեմզա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ներկա վիճակԿիսավեր
Մասն էԳյուղատեղի Երերույք
Կազմված էԱրձանագրություն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Ճարտարապետական տիպԲազիլիկա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ5-րդ դար
Հիմնադրված5-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Yererouk Basilica Վիքիպահեստում

Ծագումնաբանություն

խմբագրել

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Նկարագիր

խմբագրել

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։

Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։

Շենքը կանգնեցված է աստիճանավոր պատվանդանի վրա․ աստիճանները ամբողջովին շրջապատում էին շենքը տեղի բնական դիրքի համեմատ՝ 5-ից մինչև 7 աստիճաններով։ Աստիճանները վերջացնելուց հետո մտնում էին երեք կողմից ևս սյունազարդ սրահների տակ, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից մեկ շքեղ դռներից մուտքեր կային դեպի տաճարի մեջ։

Շենքը կանգնեցված էր ընդարձակ բնական ժայռոտ տեղի վրա, և տեղի անկանոնությունները ուղղվում են և հարթ մակարդակի վերածվում աստիճանավոր պատվանդանով։ Այդ պատվանդանի աստիճանները, որոնք կառուցված էին մեծ քարերով գրեթե ամբողջովին կոտրված ու փշրված վիճակի մեջ են։ Սյունազարդ սրահներն իրենց ծածկույթով միասին քանդված են. մնացել են միայն հաստահեղույս կլոր սյուների բեկորները և այլանդակված խարիսխներ ու խոյակներ՝ 5-րդ դարի և ավելի վաղ ժամանակներին հատուկ ինքնուրույն քանդակներով։ Արևելյան կողմի խորանը քանդված է թե՛ ներսից և թե՛ դրսից, իսկ հարավարևելյան դուրս ցցված թևի անկյունը նմանապես դիտավորյալ կերպով քարերը հանված են ներսից և դրսից։ Ներքևի երեք կարգ քարերի հանված լինելու պատճառով վերևի շարքերի մեծամեծ քարերի ճնշումից շենքը ճաքել է երկու տեղից։ Նույն վիճակին է մատնված հարավային այս դուրս ցցված մասի արևմտահարավային անկյունը․ ոչ միայն հանել են սրբատաշ մեծամեծ քարերը, այլև քանդել են պատին միջի լիցքը, առաջացնելով խոր խոռոչներ, որով միանգամայն թուլացել է պատերի տարողության ուժը։

Հարավային ճակատը, որ բոլոր կողմերի համեմատությամբ, ամենից գերազանց գեղարվեստականն էր իր վսեմ պարզությամբ, ամբողջ երկարության վրա, քանդված են քարերը, թե՛ ներսից և թե՛ դրսից, մինչև այնքան բարձրության վրա, ուր մարդկային ձեռքերը կարող էին հասնել, ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներ հազիվ կանգնած են մաշված ու թուլացած ոտների վրա։

Արևմտյան կողմը, որ նույնպես ունեցել է դուրս ցցված թևեր, որոնց մեջ չափավոր մեծությամբ սենյակներ էին, հարավային կողմինը միանգամայն կործանվել է, թողելով կանգուն արևմտյան կողմի վրա մի պատի կտոր միայն։ Այս կողմի վրա ևս շատ մասերի մեջ պատերի արտաքին երեսների քարերի արանքում եղած լիցքերը քանդած են։

 
Անիպեմզայում գտնվող Երերույքի տաճարի մուտքերից մեկը

Դեպի հարավ դուրս ցցված արևելյան մասի երկու անկյունները ևս քանդված և քարերը հանված են որոշ բարձրությամբ, այդ պատճառով էլ պատի երկու երեսից հանված քարերի շնորհիվ միջուկը ևս քայքայվել է և պատի ստորին մասերը ծակվել, որով երկու տեղից վտանգավոր ճեղքեր են առաջացել վերևից ներքև։ Ճեղքերից մեկը մեջտեղից է դեպի արևմտյան անկյունը առաջացած, իսկ մյուսը՝ ուղիղ հարավ- արևելյան անկյունի վրա, որ բավականին առաջացել է և 3-4 սանտիմետր բացվել է։

Հյուսիսային պատն է, որ ավելի անվնաս է և ուղղահայաց կանգնած է։ Քարերը իրենց հիանալի շարքով կմնան և վրան պարզ նկատելի են զանազան դարաշրջանների վերանորոգման հետքերը։ Աստիճաններից վերև գրեթե մինչև կեսը նախնական շարքն է, որից վերևը վերանորոգվել է 6-7-րդ դարերում[4]։

 
Տաճարի հատակագիծը

Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Դրանք, ինչպես նաև դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։ Երերույքի տաճարի տարածքում չնայած նախկինում շուրջ մեկ դար աշխատել են հնագետները, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն։

Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա, նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։ Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է։ Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի։ Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել։

Նորագույն պեղումներ

խմբագրել

2010-2011 թվականներին այստեղ աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի» մասնագետները։

 
Երերույքի տաճարին հարակից դամբարանը

2011 թվականին կատարված պեղումների ժամանակ (պեղվել են եկեղեցու հարավային եզրի տարածքը) նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա։ Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն։ Դրա վրա ևս մի խոյակ կա՝ ծայրին քարե նախշ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը։

Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրիկ Տոնապետյանը, 2011 թ.-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։ Իսկ ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն նշել է, որ լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև թվագրման համար։ Մի քանի թաղումներում գտնվել են երեխաների կմաղքներ, որոնք փաթաթված են եղել պատանով։ Թաղման կարգը նույնն է, ինչ Ֆրանսիայում՝ երեխաները պառկած են մեջքի վրա, գլուխը դեպի արևմուտք, ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված։ Դա ընդհանուր քրիստոնեական երևույթ է։ Ավելի խոր, հետևաբար՝ երևի ավելի հին շերտում հայտնաբերվել են մեծ դամբարաններ՝ հավանաբար մեծահասակների։ Դատելով շարվածքից ու քարերի դասավորությունից՝ ենթադրվում է, որ այնտեղ թաղվածները հասարակ մարդիկ չեն։

Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են։ Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան։ Կարելի է ասել, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Երեքույրի տաճար Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, Hushardzan.am
  3. Արարատ Աղասյան; Հրավարդ Հակոբյան; Մուրադ Հասրաթյան; Վիգեն Ղազարյան (2009 թ). Հայ արվեստի պատմություն. Երևան: «Զանգակ-97» հրատարակչություն. էջեր 53, 54. ISBN 978-99941-1-442-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 72-73 — 300 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 583