Երաժշտական տևողություն

Երաժշտական տևողություն Երաժշտության հնչյունների և նրանց միջև տեղի ունեցող դադարների հարաբերական տևողությունը։ Երաժշտության արտահայտչականության համար հնչյունների տևողությունների տրամաբանված կազմակերպումը նույնքան առաջնային պայման է, որքան նրանց բարձրությունների նույնպիսի կազմակերպումը։ Տևողությունների բազմազան հարաբերությունները արտահայտվում են ռիթմում, չափակցվում մետրի հիման վրա, գրավոր դրսևորվում նոտաների և դադարի նշանների միջոցով։ Միավոր է համարվում մեկ ամբողջ տևողությունը, մյուսները ստացվում են դրա բաժանումից և մասերի գումարումից։ Հիմնականը ամբողջի բաժանումն է զույգ մասերի՝ երկու կեսի, չորս քառորդի ևն։ Կիրառվում են նաև զույգ տևողությունների բաժանումը կենտ մասերի (տրիոլ, կվինտոլ և այլն) և կենտ (գումարված) տևողությունների բաժանումը զույգ մասերի (դուոլ, կվարտոլ և այլն)։ Հարաբերականորեն նշված տևողությունները երաժշտության կատարման ընթացքում իրենց փաստական տևականությունը ստանում են ըստ կատարման ընտրված արագության (տես Տեմպ, նաև՝ Նոտա, Դադար, Նոտագրություն, Ամանակ, խազագրություն, Նոր հայկական ձայնագրութուն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png