Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնչյուն (այլ կիրառումներ)

Հնչյուն, երգչական ձայնի և նվագարանների հնչյունները, որոնք որպես կանոն, որոշակի բարձրություն (տատանումների հաճախականության սահմանները 16-4700 հց) և որոշակի գեղագիտական որակ, մաս կազմելով հնչյունային համակարգի և երաժշտական հյուսվածքի մեջ, ձեռք են բերում երաժշտական-արտահայտչական ֆունկցիա։ Երաժշտական հնչյունները բնութագրող գեղագիտական նորմաները պայմանավորված են պատմականորեն և ընդհանուր գեղագիտական ընկալումների փոփոխության հետ դրանք ևս փոփոխվում, նորացվում են։

Երաժշտական հնչյուններ

Ընդհանուր բնութագիրը խմբագրել

Հնչյունը, որպես ֆիզիկական երևույթ, որևէ մարմնի տատանումների արդյունք է։ Հնչյունն ունի հիմնական 4 հատկություն՝ բարձրություն, ուժգնություն, տևողություն և տեմբր։ Հնչյունի բարձրությունը կախված է տատանումների հաճախականությունից։ Որքան արագ են միմյանց հաջորդում տատանումները, այնքան բարձր է հնչյունը։ Հնչյունի ուժգնությունը կախված է տատանումների թափից, կամ, ինչպես ֆիզիկայում են ասում, ամպլիտուդից։ Որքան մեծ է տատանումների թափը, այնքան ուժգին է հնչյունը։ Հնչյունի տևողությունը կախված է ժամանակի այն միջոցից, որի ընթացքում մարմինը տատանվում է։

Հնչյունի տեմբր խմբագրել

Տեմբրը հնչյունի յուրահատուկ երանգն է, նրա այն հատկությունը որով զանազանվում են տարբեր աղբյուրներից ստացվող հնչյունները, եթե անգամ նրանք ունենան միևնույն բարձրությունն ու ուժգնությունը։ Տեմբրը կախված է տվյալ հնչյունի օբերտոնային կազմից և օբերտոնների համեմատական ուժգնությունից։ Օբերտոնները լրացուցիչ հնչյուններ են, որոնք ամբողջական մարմնի տատանումներից գոյացող հիմնական հնչյունի հետ գոյանում են նրա առանձին մասերի տատանումներից։ Օբերտոնները միմյանց հաջորդում են շարունակ փոքրացող ինտերվալների շարքով դեպի վեր։ Այդ շարքը կոչվում է նաև բնական հնչյունաշար։ Ընդունված է օբերտոնները համարակալել։

Երաժշտական հնչյուններ խմբագրել

Երաժշտական հնչյունները բոլոր մյուս հնչյուններից առանձնանում են նրանով, որ ունեն ճշգրիտ բարձրություն։ Հնչյունի ճշգրիտ բարձրությունը կախված է հնչյունային ալիքների կանոնավոր հաջորդականությունից։ Ալիքների կանոնավոր հաջորդականությունը, իր հերթին, կախված է հնչյուն առաջ բերող մարմնի նյութի ձայնաբանական հատկանիշներից, ինչպես նաև նրա ձևից ու կառուցվածքից։

Հնչյունի գոյացումը նվագարաններում խմբագրել

 
Հնչյունների հաճախականություններ, կիսատոներ և օկտավաներ

Լարային նվագարանների հնչյունները ստացվում են մատներով, աղեղով կամ այլ հատուկ հարմարանքներով՝ լարը տատանելու միջոցով։ Որքան կարճ, բարակ և ձգված է լարը, այնքան այն արագ է տատանվում, ուրեմն և՝ այնքան բարձր է այդ լարի միջով ստացվող հնչյունը, և ընդհակառակը։ Փողային նվագարանների հնչյունները ստացվում են նրանցում պարունակվող օդի շիթը արտաշնչման ուժով կամ օդամուղ հարմարանքի օգնությամբ տատանելու միջոցով։ Որքան նեղ է արտաշնչելիս շուրթերի բացվածքը, կարճ ու նեղ է փողը, այնքան արագ է տատանվում օդի շիթը և բարձր հնչյուն է ստացվում։ Հարվածային նվագարանների դեպքում որքան փոքր ու ձիգ է հարվածի միջոցով տատանվող մակերեսը, այնքան բարձր է հնչյունը։ Երգչի ձայնի հնչյունային ալիքները գոյանում են արտաշնչվող օդով կոկորդի ձայնալարերը տատանելու միջոցով։

Որևէ մի նվագարանից տարբեր բարձրության հնչյունները արտադրվում են հետևյալ կերպ. դաշնամուրը, երգեհոնը և սրանց նման մի քանի այլ նվագարաններ տարբեր բարձրության ամեն մի հնչյունի համար ունեն համապատասխան չափի առանձին լար կամ խողովակ։ Բոլոր նվագարաններն ունեն ռեզոնատոր կամ ձայնադարձիչ, որ առաձգական պատերում ամփոփված բաց խոռոչ է, և ալիքների տարածման մակերևույթը լայնացնելով, հնչյունն ուժեղացնում, այն դարձնում է լիահունչ ու երանգավոր։ Երգչի ձայնի համար որպես ռեզոնատոր ծառայում են կոկորդը և բերանի ու քթի խոռոչը։

Հնչյունների երաժշտական համակարգը խմբագրել

Երաժշտական հնչյունները միասին վերցրած կազմում են համակարգ։ Արդի երաժշտական համակարգը բազմաթիվ դարերի ընթացքում է մշակվել։ Նրանում ընդգրկված են մոտ 100՝ որոշակի բարձրություն ունեցող տարբեր հնչյուններ։ Ամենացածր հնչյուն ունի 16 տատանում, ամենաբարձրը՝ մոտավորապես 4200 կամ 4700 տատանում 1 վայրկյանում։ Դաշնամուրը վերարտադրում է 88 հնչյուն։ Դաշնամուրի հնչյուններից ավելի ցածր հնչյուններ ստացվում են երգեհոնից, իսկ ավելի բարձր հնչյուններ՝ փոքր ֆլեյտայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 496