Երաժշտական լարվածք, հնչյունային համակարգում աստիճանների հաճախության մաթեմատիկորեն արտահայտված հարաբերությունը։ Մ. թ. ա. տարբեր սկզբունքների լարվածքներ գործածել են Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Հին Եգիպտոսում և այլուր։ Եվրոպայում հնագույն լարվածքը պյութագորասյանն է, որը կազմվում է հաջորդական մաքուր կվինտաներով (2:3) ստացվող հնչյուններն օկտավայի սահմաններում ի մի բերելով։ Մաքուր լարվածքում, կվինտաներից և օկտավաներից բացի, հաշվի է առնվում նաև մաքուր մեծ տերցիան (4:5)։

Պյութագորասյան լարվածք
c d e f g a h c1
1 8/9 64/81 3/4 2/3 16/27 128/243 1/2
Մաքուր լարվածք
1 8/9 4/5 3/4 2/3 3/5 8/15 1/2

Այս հնչյունաշարերում, էնհարմոնիզմի բացակայության հետևանքով, օկտավայի մի շարք աստիճաններ հանդես են գալիս մի քանի տարբերակներով, ուստի դրանք գործածելի չէին որոշակի բարձրության հնչյուններ արտաբերող երաժշտական գործիքներում։ 17-րդ դարից պրոֆեսիոնալ երաժշտության մեջ կիրառվում է էնհարմոնիզմի երևույթն օգտագործող 12-աստիճանանոց հավասարաչափ տեմպերացված լարվածք։

Լարվածք է կոչվում նաև կամերտոնի հնչյունների համար չափանմուշ ընդունված բացարձակ բարձրությունը, որի հիման վրա լարում են երաժշտական գործիքները (հիմքն օկտավայի լարվածքն է, վրկ-ում՝ 440 տատանում), ինչպես նաև մի շարք լարային գործիքների բաց լարերով ստացվող հնչյունների բարձրությունների հարաբերությունը։ Ջութակի, ալտի և թավջութակի լարվածքը կվինտաներով է, կոնտրաբասինը՝ կվարտաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։