«Եվ դու՞, Բրուտոս» («Անգամ դու՞, Բրուտոս», «Դու նու՞յնպես, Բրուտոս», լատին․՝ Et tu, Brute?), համաձայն լեգենդի, Հուլիոս Կեսարի վերջին խոսքն ուղղված իրեն սպանող Մարկոս Բրուտոսին[1]։

Վինչենցո Կամուչչի, «Կեսարի մահը»

Պատմություն խմբագրել

 
Մարկոս Բրուտոս

Մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին Բրուտոսի և Գայոս Կասիոս Լոնգինի գլխավորած դավադիրների խումբը սպանեց Կեսարին, որը Բրուտոսին համարում էր իր ընկերը։ Սկզբում Կեսարը դիմադրեց հարձակմանը, սակայն, տեսնելով Բրուտոսին՝ արտասանեց այս բառերը, որին էլ հետևեց դաշույնով խոցումը։

Ըստ երևույթին, Կեսարը ճշգրտությամբ չի արտաբերել «Et tu, Brute?» բառերը։ Իր ժամանակների տարբեր աղբյուրների համաձայն, նա մահացել է՝ չասելով ոչ մի խոսք, կամ հին հունարենով ասել է «Եվ դու՞, իմ երեխա» (հին հունարեն՝ Και σύ, τέκνον, կամ լատիներեն՝ «Եվ դու՞, Բրուտոս, իմ տղա» (լատին․՝ Tu quoque, Brute, fili mi!)։ Մեր ժամանակներում առավել տարածված տարբերակը Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգությունից է։

Տարածված սխալ է «Et tu, Brutus?» ձևը, քանի որ Բրուտոսի անունը (Marcus Junius Brutus) լատիներեն լեզվի ուղղագրական կանոնների համաձայն պետք է դրվի ոչ թե ուղղական հոլովով, այլ՝ կոչական։

Բացատրություն խմբագրել

Մեր օրերում «Եվ դու՞, Բրուտոս» խոսքը լայնորեն կիրառվում է, երբ խոսողը կարծում է, որ իրեն դավաճանել է այն մարդը, ում նախկինում վստահել է և վերջինիս դիմում է զարմացած հարցով։ Սա թևավոր խոսքի օգտագործման սխալ համատեքստն է։ Ճիշտ համատեքստը սպառնալիք է և ունի «Դու հաջորդն ես» իմաստը։ Կեսարի խոսքն ամբողջական ձևով պետք է հնչի այսպես. «Եվ դու, որդիս, կզգաս իշխանության համը»։ Կեսարը կարծես անիծում էր որդուն՝ նրա համար բռնի մահ կանխազգալով։

Մշակութային ազդեցություն խմբագրել

Այս խոսքը տեղ է գտել համաշխարհային գրականության մեջ։ Օրինակ, Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» վեպում այն հանդիպում է «Եվ դու, Բրուտոս, վաճառվեցիր պատասխանատու աշխատողներին», «Եվ դու, Բրուտոս, վաճառվեցիր բոլշևիկներին»[2]

Այս խոսքը հաճախ է հանդիպում նաև Լև Կասիլի «Հանրապետության դարպասապահը» վեպում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Latin - Vocative Endings - Et tu, Brute?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  2. Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով, «Ոսկե հորթը», Մաս 2-րդ, Գլուխ 16
  3. Լև Կասիլ, «Հանրապետության դարպասապահը», 1937

Արտաքին հղումներ խմբագրել