Եվգենի Հարությունյան

հայ մաթեմատիկոս,

Եվգենի Արմենակի Հարությունյանը (մայիսի 12, 1936(1936-05-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 22, 2021(2021-05-22), Երևան), հայ մաթեմատիկոս, ինֆորմացիայի տեսության և կիրառական վիճակագրության մասնագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003)։

Եվգենի Հարությունյան
Ծնվել էմայիսի 12, 1936(1936-05-12)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 22, 2021(2021-05-22) (85 տարեկան)
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Հարությունյանը ծնվել է Երևանում։ 1953 թ. ավարտել է Մռավյանի անվան դպրոցը՝ արծաթե մեդալով։ 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։ Նույն տարում աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Հաշվողական կենտրոնում։ 1971 - 1987 թթ. աշխատել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1971 թվականին Եվգենին պաշտպանել է թեկնածուական թեզը (ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու, Վիլնյուսի համալսարան), իսկ 1992 թվականին՝ դոկտորական թեզը, (ֆիզ․ մաթ գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ինֆորմացիայի հաղորդման պրոբլեմների ինստիտուտ, Մոսկվա)։ Մի քանի տասնամյակ դասավանդել է ԵՊՀ, ՀՊՃՀ, նաև 6 տարի Ալժիրի դեմոկրատական հանրապետության համալսարաններում։ Երկարատև աշխատել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, որը վերանվանվել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ։ 1992 - 2014 թթ․ ղեկավարել է ինստիտուտում կատարվող ինֆորմացիայի տեսության և կիրառական վիճակագրության գիտական հետազոտությունները։ 2015 - 2021 թթ․ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գլխավոր գիտաշխատողի պաշտոնը։

Պարգևներ խմբագրել

Երկրին և գիտությանը մատուցած մեծ ծառայության համար Ե. Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, ՀՀ ԱԺ Պատվո մեդալով։

Գիտական հետազոտությունների ոլորտը խմբագրել

Ինֆորմացիայի տեսություն, մաթեմատիկական վիճակագրություն, հավանականության տեսություն։ Եվգենի Հարությունյանը ավելի քան 250 գիտական հրապարակումների հեղինակ է, այդ թվում 6 գրքերի հեղինակ։ Կարևոր արդյունքները ցիտվում են միջազգային գիտական հրապարակումներում և դասագրքերում։ Հայտնի է Ինֆորմացիայի տեսությունում սֆերիկ գնահատականի Հարությունյանի-Բլեյհուդի ձևը (Haroutunian-Blahood form of spheric bound) և հակադարձ կապով կապուղու Հարությունյանի ցուցիչը (Haroutunian exponent)։ Պատրաստել է գիտության 15 թեկնածու և 1 դոկտոր։

Խմբագրական գործունեություն խմբագրել

1997 - 2018 թթ․ եղել է «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» աշխատությունների ժողովածուի խմբագրի տեղակալ։ 2003 - 2021 թթ․ ՀՊՃՀ-ի <<Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում>> պարբերականի խմբագրական կոլեգայի անդամ։

Մասնագիտական միությունների անդամակցություն խմբագրել

1991 թ․- ից Հայաստանի մաթեմատիկան միության անդամ,

1994 թ․- ից Էլեկտրոնիկայի և էլեկտրականության ճարտարագետների ինստիտուտի թղթակից անդամ (ԱՄՆ),

1995 թ.- ից Վիճակագրական հաշվումների միջազգային ընկերակցության անդամ,

1996 թ․- ից Միջազգային վիճակագրական ինստիտուտի անդամ,

1996 թ․- ից Մաթեմատիկական վիճակագրության և հավանականության տեսության Բեռնուլլի միության անդամ,

2002 թ․- ից Ռուսական ակադեմիայի բնական գիտությունների արտասահմանյան անդամ,

2011 թ․- ից Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտի անդամ (ԱՄՆ)։

Գրականություն խմբագրել

  • Ե. Հարությունյան և ուրիշներ, "Հավանականություն և կիրառական վիճակագրություն", ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 2000, Երևան
  • E. A. Haroutunian and others, "Reliability Criteria in Information Theory and in Statistical Hypothesis Testing", Foundation and Trends (R) in Communications and Information Theory, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել