Եռում, հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի ջերմաստիճանի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է ջրի գոլորշիացման ինտենսիվությունը այդ պղպջակների ներսում։ Ուստի ավելանում է ջրային գոլորշու քանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ մեծանում է պղպջակների ներսի ճնշումը։ Երբ ջրի ստորին շերտերի ջերմաստիճանը մոտենում է 100 0C-ի, պղպջակների ներսում ճնշումը հավասարվում է դրանց շուրջը եղած ճնշմանը, որից հետո պղպջակները սկսում են ընդարձակվել։ Պղպջակների ծավալի մեծացման հետ աճում է նաև նրանց վրա ազդող դուրս հրող ուժը։ Այդ ուժի ազդեցությամբ առավել խոշոր պղպջակները պոկվում են անոթի պատերից և բարձրանում վեր։ Եթե ջրի վերին շերտերը դեռ չեն հասցրել տաքանալ մինչև 100 0C-ը, ապա այդպիսի ջրում պղպջակների ներսի ջրային գոլորշու մի մասը խտանում և կրկին ջուր է դառնում. այդ դեպքում փոքրանում են պղպջակների չափերը, և ծանրության ուժը ստիպում է դրանց նորից իջնել ներքև։ Այստեղ դրանք դարձյալ ընդարձակվում են և կրկին լողում վերև։ Ջրի ներսում պղպջակների փոփոխական մեծացումն ու փոքրացումն ուղեկցվում են նրանում բնորոշ ձայնային ալիքների առաջացմամբ. եռացող ջուրն «աղմկում է»։

Եռում

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում են և վեր են բարձրանում գոլորշու պղպջակները։ Դա սկսվում է այն բանից հետո, երբ պղպջակների ներսում ճնշումը հավասարվում է շրջապատվում է շրջապատող հեղուկի ճնշմանը։

Եռման ժամանակ հեղուկի և նրա վրայի գոլորշու ջերմաստիճանը չի փոխվում։ Այն անփոփոխ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ հեղուկը չի եռացել։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։ Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից։ Այդ ճնշումը մեծացնելու դեպքում հեղուկի մեջ պղպջակների աճն ու վերելքը սկսվում են ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ ճնշումը փոքրացնելու դեպքում՝ ավելի ցածր։ Տարբեր նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը լայնորեն օգտագործվում է տեխնիկայում, մասնավորապես՝ նավթի թորման ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522