1814 թվականից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում։ 1827 թվականի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, Եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին։ 1828 թվականի փետրվարին Պասկեվիչը Լազարյանին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ։ 1828-1829 թվականներին այդ հանձնաժողովը ԱտրպատականիցՀայկական մարզ ու Արցախ գաղթեցրեց ավելի քան 50 հազար (8249 ընտանիք) հայ։ Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լազարյանը հայկական աշխարհազոր ստեղծելու և հայկական պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Լազարյանը թողել է զինվորական ծառայությունը։ 1830 թվականին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկական շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469)։