Եկատերինա Իվանովնա Դեսնիցկայա (ռուս.՝ Екатери́на Ива́новна Десни́цкая, ապրիլի 27 (մայիսի 9), 1886[1], Լուցկ, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1960(1960-01-03), Փարիզ, Ֆրանսիա), ռուս ազնվականուհի, Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից, Գեորգիևյան խաչի ասպետ (1904), սիամական արքայազն Չակրաբոնի կինը (1906-1919)։ Նրանց սիրո պատմությունը նկարագրված է մի քանի գրական ստեղծագործություններում։

Եկատերինա Դեսնիցկայա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27 (մայիսի 9), 1886[1]
ԾննդավայրԼուցկ, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1960(1960-01-03) (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՖունդուկլեևսկու կանանց գիմնազիա
Մասնագիտությունբուժքույր
ԱմուսինChakrabongse Bhuvanadh?
ԵրեխաներChula Chakrabongse?
 Yekaterina Desnitskaya Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Չակրաբոնը, Եկատերինա Դեսնիցկայան և արքայազն Չուլան
 
Եկատերինա Իվանովնայի հայրը՝ Իվան Ստեփանովիչ Դեսնիցկին

Եկատերինայի հայրը՝ Իվան Ստեպանովիչ Դեսնիցկին, ծնվել է 1838 թվականին, աղքատ գյուղացի դպիրի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հոգևոր ճեմարանում։ Այնուհետև ընունվել է Մոսկվայի համալսարան և 1866 թվականին հաջողությամբ ավարտել իրավաբանական ֆակուլտետի դասընթացը՝ որպես թեկնածու։

1866 թվականին սկսել է աշխատանքային գործունեությունը որպես Մոսկվայի օկրուգային դատարանի քարտուղարի օգնական։ 1869 թվականին նրան տեղափոխում են Նիժնի Նովգորոդ, 1870 թվականի հոկտեմբերին դառնում է Սամարայի օկրուգային դատարանի անդամ, այնուհետև Սամարայի դատական պալատի անդամ։ 1874 թվականի ապրիլին նա Սամարայի օկրուգային դատարանի նախագահ-ընկերն էր։ 1877 թվականի հունվարին պարգևատրվում է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1877 թվականին Սամարայի մայր տաճարի հրդեհը մարելու համար մյուս բոլոր աչքի ընկած քաղաքացիների հետ միասին ստանում է Սուրբ Սինոդի օրհնությունը։ 1880 թվականի մայիսին նշանակվում է Կիևի օկրուգային դատական պալատի անդամ, իսկ երեք տարի անց նրան տեղափոխում են Լուցկի օկրուգային դատարանի նախագահ։ 1888 թվականի հունիսի 28-ին նա հանկարծամահ է լինում Լուցկ քաղաքում։ Թաղված է Լուցկի Սուրբ երրորդության մայր տաճարի գերեզմանատանը։ Գերեզմանի պատվանդանին փորագրված է. «Դատարանի արժանապատիվ ներկայացուցչին, ծառայակիցներից, փաստաբաններից, նոտարներից և Լուցկի դատական օկրուգի ազգաբնակչությունից»։

Առաջին ամուսնությունը։ Չնայած ֆինանսական դժվարություններին, ուսումնառության ընթացքում ամուսնացել է Կարոլինա Կարլովնա (Կլեմենտևնա) ծննդյամբ՝ Գեկլինի հետ (? – 1882, ?) - բարենորոգչական դավանանքի ֆրանսահպատակ։ Ամուսնությունից ունեցել են վեց երեխա՝

  • Վլադիմիրը (05.06.1867, Մոսկվա – ?)
  • Նադեժդան (29.07.1869, Նիժնի Նովգորոդ – ?)
  • Սոֆիան (19.09.1871, Սամարա – 12.12.1872, Սամարա)
  • Եվգենիան (26.11.1873, Սամարա – 1942, ?)
  • Նիկոլայը (10.10 1875, Սամարա – ?)
  • Ալեքսանդրը (1881, Կիև – 1943, ?)

Մայրը՝ Մարիա Միխայլովնա Դեսնիցկայան (ծննդյամբ՝ Խիժնյակովա) (20.06.1851 – ձմեռ, 1903, Կիև)։ 1868 թվականին ավարտել է Պոլտավայի ազնվազարմ օրիորդների ինստիտուտը (այժմ՝ Պոլտավայի Յուրի Կոնդրատյուկի անվան ազգային տեխնիկական համալսարան)՝ ստանալով արծաթե մեդալ։ Առաջին ամուսնությունը եղել է լեհական արմատներով տաղանդավոր ինժեներ Պյոտր Վլադիմիրովիչ Վերդիի հետ (1851-01.08.1878 թվականներ)։ Նա մասնակցել է Կիևի Դարնիցկի կամրջի շինարարությանը։ Մահացել է թոքախտից 27 տարեկան հասակում, թաղված է Կիևի Վիդուբիցկու վանքի գերեզմանատանը։

Մարիա Միխայլովնան մնաց երկու մանկահասակ երեխաների հետ՝ Ալլայի (ամուսնու կողմից՝ Տոմաշևսկի) (1875-1933) և Սերգեյի (1876-1904)։ 1883 թվականին նա ամուսնացավ հինգ երեխա ունեցող այրու՝ Իվան Ստեպանովիչ Դեսնիցկու հետ։ Այդ ամուսնությունից ծնվեցին երկու երեխաներ՝ Իվանը (1884, Կիև – 21.07.1922, Խարբին) և Եկատերինան (27 ապրիլի 1886, Լուցկ - 3 հունվարի 1960, Փարիզ)։

Հայրը մահացավ, երբ Կատյան 2 տարեկան էր։ Մոր և ավագ եղբոր՝ Իվանի հետ միասին ապրում էին Կիևում։ Սովորել է Ֆունդուկլեևսկի կանանց գիմնազիայում (ավարտել է այն 1904 թվականին)։ Մոր մահից հետո (1903) համալսարանի ուսանող եղբոր հետ ապրել է Սանկտ Պետերբուրգում։ Գթության քույրերի դասընթացներն ավարտելուց հետո մեկնել է Հեռավոր Արևելք, որտեղ ընթանում էր ռուս- ճապոնական պատերազմը։ Այնտեղից վերադառնալով երեք պարգևներով՝ ներառյալ Գեորգիևյան խաչը[2] (Դեսնիցկայան ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում սուրբ Գեորգիի շքանշանով պարգևատրված չորս կանանցից մեկն էր) և Վլադիմիրյան ու Աննենյան ժապավեններով մեդալները։

1904 թվականին Դեսնիցկայան ծանոթացավ սիամական արքայազն Չակրաբոնի հետ (Ռամ V թագավորի երկրորդ որդին), որը զինվորական կրթություն էր ստացել Սանկտ Պետերբուրգում, եղել է Պաժական կորպուսի շրջանավարտ (1902)։ 1906 թվականին նրանք ամուսնացան Կոստադնուպոլսում՝ Սուրբ Երրորդության հունական տաճարում։

«Թանկագին Վանյա… Եթե իմանայիր ինչ հաճելի, ազնիվ, բարի անձնավորություն է նա։ Իհարկե շատերը խոսելով իմ ամուսնության մասին, հիշատակում են միայն հարստության և ճոխության մասին, իսկ երջանկության մասին լռում են, իսկ ես կասեմ, որ անհնար է այլևս սիրել, հասկանալ և հարգել միմյանց և ոչ մեկին չեմ ցանկանում ավելի լավ ընտանեկան կյանք։ Այնպես եմ սիրում նրան, որ նույնիսկ չեմ կարող մտածել», գրում էր Եկատերինան եղբորը ամուսնու հանդեպ ունեցած զգացմունքների մասին։

Սիամական թագավորական ընտանիքը սկզբում սառը ընդունեց ամուսնությունը և արքայազնը հանվեց գահի ժառանգորդների թվից։ 1908 թվականի մարտի 28-ին ամուսինները որդի ունեցան, որին կոչեցին Չուլա (th:พระเจ้าวรวงศ์เธอ พระองค์เจ้าจุลจักรพงษ์): Երեխայի ծննդից հետո Չակրաբոնի զայրույթը դադարեց։ Եկատերինան ամեն ինչ արեց նոր կյանքում ներգրավվելու համար, սովորեց թայերեն, հարգում էր նրանց սովորույթները, լավ հարաբերություններ հաստատեց սկեսրոջ հետ։ 1910 թվականին մահացավ Չակրաբոնի հայրը՝ արքա Չուլալլոնգկորնը, թագավոր դարձավ Վաչիրավուդը, Չակրաբոնի անժառանգ մեծ եղբայրը, որը նրան նշանակեց գահի ժառանգորդ։

1919 թվականին Եկատերինան և Չակրաբոնը ամուսնալուծվեցին։ Դրա պատճառ դարձավ Չակրաբոնի զարմուհի Չավալիտը, որը ցանկանում էր դառնալ նրա երկրորդ կինը։ Եկատերինան պայքարեց իր ամուսնության համար.

«Ես խնդրում եմ մի բանի, համակրանքի մասին։ Մտածիր իմ մասին, որպես հիվանդի, որի միակ դեղը համարվում ես դու, … Ես դեռևս սիրում եմ քեզ», գրում էր նա ամուսնուն։ Սակայն հպարտ կինը չէր պատրաստվում դառնալ երրորդ ավելորդը։ Նա մեկնեց Շանհայ, որտեղ բնակվում էր իր եղբայրը և կար մեծ ռուսական համայնք։ Հետագայում ամուսնացավ ամերիկացի Հարրի Քլինթոն Սթոունի հետ, և նրանք տեղափոխվեցին Փարիզ, որտեղ էլ Դեսնիցկայան անցկացրեց իր կյանքի մնացած մասը։ Միայն մեկ անգամ նրա մոտ բերեցին իր միակ թոռնուհուն՝ Նարիսա Չակրաբոնին (ծնվ. 1956), որդու՝ Չուլայի և նրա անգլիացի կնոջ Էլիզաբեթ Հանթերի դստերը։ 1995 թվականին Նարիսա Չակրաբոնը, Այլին Հանտերի (իր մորաքույրը) համահեղինակոթյամբ հրատարակեցին «Կատյան և Սիամի արքայազնը» գիրքը[3]։

Նարիսան լավ հարաբերություններ էր պահպանում Դեսնիցկիների տոհմի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում գտնվող հարազատների հետ։ Նրա որդին՝ Եկատերինայի ծոռը, Թաիլանդում և նրա սահմաններից դուրս հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Հյուգո Չակրաբոն Լևին ամուսնացած է թայլանդցի դերասանուհի Տասանավալայ Օնգարտիտտիչայի հետ[4]։

 
Իվան Ստեպանովիչ Դեսնիցկիի գերեզմանը

Արվեստում

խմբագրել

Արքայազն Չակրաբոնի և Եկատերինա Դեսնիցկայայի ամուսնության պատմությունը նկարագրված է Պաուստովսկու «Հեռավոր տարիներ» (1946) գրքում։

  • Գ. Վոստոկովայի «Նեֆրիտե փղիկը» (1989) վեպում։
  • Վիկտոր Շկլովսկու «Ստորագրություններ նկարներին» (1928) պատմվածքում։
  • Թոռնուհու՝ Թայլանդի արքայադուստր Նարիսսա Չակրաբոնի «Կատյան և Սիամի արքայազնը» գրքում ։

2011 թվականին այս գրքի հիման վրա Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվեց համանուն բալետը[5]։ Եկատերինա Դեսնիցկայայի և արքայազն Չակրաբոնի պատմությանը ակնարկ է արված նաև Լև Կասսիլյայի «Պատրաստ եղեք, Ձերդ վեհություն!» (1964) մանկական հեքիաթային վիպակում։ Հեղինակը հայտարարում է, որ իր հորինած Ջունգահորա երկիրն իրական է, կերպարներն էլ ամբողջովին հորինված չեն։ Վիպակի գլխավոր հերոսը Ջունգահորայի երիտասարդ արքայազնը, ռուսական «Բաբաշուրա» տատիկի թոռն է ջունգահորյան արքայազնի ժառանգորդը։ Հանդիպելով մի ռուս աղջկա՝ արքայազնը ասում է, որ երբ ինքը մեծանա, բժիշկ է դառնալու և ընդհանուր առմամբ շատ է հիշեցնում իր տատիկին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  2. Скворцов В. Принцесса Катя Десницкая // Огонек. М. 1986. № 41. С. 29.
  3. «Нариса Чакрабон: история Кати и принца Сиама легко повторится сейчас». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  4. «И я была девушкой юной. Часть II | Литературное обозрение» (ռուսերեն). litobozrenie.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  5. «В Екатеринбурге состоялась премьера балета о Чакрапонге». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.