Դրուժինա (Կիևյան Ռուսիա)

Դրուժինա (ռուս.՝ дружи́на, ռուսերենից թարգմանաբար՝ «ընկերակցություն»[1][2]), իշխանի կամ թագավորի շուրջը համախմբված զինվորականների ջոկատ միջնադարյան Լեհաստանում և Կիևյան Ռուսիայում։ Բնորոշ է եղել տոհմատիրական կարգերի քայքայման և ֆեոդալական կարգերի հաստատման շրջանին։

Ռյուրիկովիչների արքայատոհմի ներկայացուցիչ, Կիևի մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախը ռուսական դրուժինայով շրջապատված։

Դրուժինան պարտավոր էր պաշտպանել առաջնորդին, իսկ վերջինս՝ խնամակալել նրան․ այն նպաստել է սլավոնական երկրներում առաջնորդի իրավասությունների բարձրացմանը և թագավորական իշխանության առաջացմանն ու ամրապնդմանը։ Դրուժինայի անդամները նվաճումների և նվիրատվությունների հետևանքով ժամանակի ընթացքում դարձել են խոշոր հողատերեր՝ ձեռք բերելով տոհմական կալվածքներ։

Պատմություն խմբագրել

Վաղ շրջանի ռուսական պետություններում դրուժինան օգնում էր իշխանին կամ թագավորին իրականացնել սեփական իշխանությունը, ինչպես նաև ձևավորել ռազմական որոշակի մասնավորեցված ուժ։ Ռուսական խագանության առաջին դրուժինան ձևավորվել է բացառապես վարյագներից[3] (բալթիկ ծագմամբ ժողովուրդ էին, ովքեր 9-11-րդ դարերում Արևելյան Եվրոպայի գետերով արշավում էին ներկայիս Ռուսաստան)։ Շուտով դրուժինայի մաս են սկսում կազմել նաև տեղացի ազնվականները, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն են ձեռք բերել երկրում[4]։ Կիևյան Ռուսիայի շրջանի դրուժինան կազմված էր երկու խմբերից՝ ավագ անդամներ (կոչվել են նաև բոյարներ) և կրտսեր անդամներ։ Բոյարները եղել են Կիևյան Ռուսիայի մեծ իշխանի գլխավոր խորհրդականները, որոնք ունեցել են բավականին բարձր պետական գործառույթներ[5]։

Կրտսեր անդամները գահակալի թիկնապահներն էին, ովքեր ձևավորում էին նաև ռուսական բանակի կարևորագույն ենթակառուցվածքները։ Կրտսեր ազնվականները կազմակերպում էին նաև պալատական արարողությունները, մասնավորապես՝ թագադրում կիևյան իշխանին։ Իշխանական դրուժինայի անդամներն ունեին ընդարձակ ազատություններ և ազատ էին կամովի կառավարել սեփական անձը։ Բացի այդ, դրուժինայի կրտսեր անդամները և բոյարները խոշոր հողատերեր էին և ձևավորում էին ավատատիրական հարաբերությունների առանձին ենթաշերտ։

Գերմանացի խաչակիրների «Սառցաջարդ»-ի ժամանակ Նովգորոդի հանրապետության բանակը կազմված էր 5000 մարտիկներից։ Հատկանշական է, որ նրանցից 3000-ն այդ վճռական մարտում եղել են Ալեքսանդր Նևսկու պալատական դրուժինայի անդամները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Online Etymology Dictionary». www.etymonline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  2. Zeno. «Drushine». www.zeno.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  3. «druzhina - Russian history». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. «Kievan Rus - historical state». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. «Druzhina». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին – via The Free Dictionary.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուժինա (Կիևյան Ռուսիա)» հոդվածին։