Դիզակ թերթ, (ԿՈԼԽՈԶՆԻԿ-ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ-ԴԻԶԱԿ), Արցախի Հանրապետության Հադրութ շրջանում տպագրվող երկշաբաթաթերթ է։

Պատմություն խմբագրել

1934թ․ հուլիսի 4-ին լույս է տեսել Ադրբեջանի ԿԿ Հադրութի շրջկոմի և շրջսովետի օրգան «ԿՈԼԽՈԶՆԻԿ» թերթը՝ 2 էջի վրա։ Թերթի առաջին խմբագրի մասին որևէ արխիվային տեղեկություն չկա։ Հայտնի է, որ տարբեր տարիների թերթի խմբագրի պաշտոնում աշխատել են Եղիշե Համբարձումյանը, Գուրգեն Մելքումյանը, Սիմոն Միրզոյանը, Արտաշ Զախարովը, Հայկ Բալայանը։ Հայաստանի Ազգային Գրադարանում պահպանված փաստերի համաձայն՝ 1949 թվականին թերթը տպագրվել է 2-4 էջ, խմբագիրն էր Մ․ Ասրյանը։ Մինչև 1955 թվականի խմբագիրն էր Արշավիր Ավագյանը, նույն թվականից՝ Նորա Բաղդասարյանը։ 1959 թվականին շրջանային թերթերը փակվել են և վերաբացվել 1965 թվականին։

1966 թվականի մարտի 8-ին տպագրվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Հադրութի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի օրգան «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» թերթը՝ 4 էջի վրա, որի խմբագիրն էր Էլմիր Լալայանը, ում 1969 թվականին փոխարինել է Գրիգորի Մարդանյանը։ 1979-1991 թվականներին թերթի խմբագիրն էր Արփիկ Խասապետյանը։ 1989թ․ «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ»-ը վերանվանվեց «ԴԻԶԱԿ», որի առաջին համարը լույս տեսավ 1989թ դեկտեմբերի 28-ին։

1992-1994 թվականներին «ԴԻԶԱԿ»-ը չի հրատարակվել՝ էլեկտրաէներգիայի բացակայության, թշնամու հրետակոծությունների արդյունքում տպարանի՝ շարքից դուրս գալու և այլ պատճառներով։

1994հոկտեմբերի 13-ին լույս է տեսել ժողովրդական պատգամավորների Հադրութի շրջանային խորհրդի օրգան «ԴԻԶԱԿ» թերթի առաջին համարը՝ 2 էջի վրա, 1995մարտի 24-ից՝ Հադրութի շրջանի վարչակազմի օրգան՝ 2 էջի վրա, իսկ 1996թօգոստոսի 26-ից առ այսօր տպագրվում է որպես Հադրութի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ՝ հիմնականում 4 էջի վրա։

1992-2008 թվականներին թերթի խմբագիրն էր Յուրի Մադունցը, 2008-2014 թվականներին՝ Վիտալի Պետրոսյանը։

«ԿՈԼԽՈԶՆԻԿ» թերթը տպագրվել է 800-900 տպաքանակով, Հադրութի տպարանում, «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ»-ի տպաքանակը՝ 2400, տպագրվում էր Ստեփանակերտի Վ․ Լենինի անվան տպարանի Հադրութի բաժանմունքում՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, «ԴԻԶԱԿ»-ը տպագրվել է Ստեփանակերտի Վ․ Լենինի անվան տպարանի Հադրութի բաժանմունքում, 1994-ից՝ Վ․ Ամիրջանյանի անվան Հադրութի տպարանում, «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ տպարանում, «ՍՈՆԱ» ՓԲԸ հրատարակչությունում և «ԴԻԶԱԿ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ում՝ առ այսօր՝ 4 էջի վրա՝ 400 օրինակով։

1998թ․ հոկտեմբերին Արփի Վանյանի ջանքերով լույս է ընծայվել համակարգչային շարվածքով «ԴԻԶԱԿ» թերթը։

«ԿՈԼԽՈԶՆԻԿ»-ի և «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ»-ի էջերում լուսաբանվում էր շրջանի կուսակցական, տնտեսական կյանքը՝ «Խոսք կումունիստի մասին», «Կուսակցական կյանք», «Վետերանը շարքում է», «Աշխատանքի մարդիկ», «Սովետական շինարարություն», «Արտադրության հրամանատարի ամբիոն», «Մարդը և օրենքը», «Սոցիալական ոլորտ», «Կուլտուրական ոլորտ», «Ընկերը՝ ընկերոջ մասին», «Հետաքրքիր է իմանալ» և այլ խորագրերով։

Թերթի երկարամյա աշխատողներ, ֆոտոթղթակիցներ Ալեքսանդր Գյուլաբունցը և Վազգեն Գրիգորյանը լուսանկարային ռեպորտաժներ էին ներկայացնում շրջանի կոլեկտիվ և պետական տնտեսություններից։

Ժամանակի հետ բովանդակային փոփոխության են ենթարկվել նաև թերթում տպագրվող նյութերը։ Կուսակցական թեմաներն իրենց տեղը զիջում են ազգայինին, սկսում են տպագրվել Արցախյան շարժմանը, Սումգայիթի ջարդերին, Բաքվում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող հոդվածներ, ակնարկներ։

Այսօր Հադրութի շրջվարչակազմի «ԴԻԶԱԿ» պաշտոնաթերթը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ԱՀ ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան լուսաբանելով ինչպես շրջանային, այնպես և հանրապետական մասշտաբով տեղի ունեցաղ իրադարձությունները, տեղեկատվական ծառայություն մատուցելով շրջանի բնակչությանը, տպագրելով ընթերցողների ստեղծագործությունները։

Կառուցվածք խմբագրել

Թերթը տպագրվում է որպես երկշաբաթաթերթ՝ էջերի քանակը՝ 4, տպաքանակը՝ 400։ Թերթի համարներում լուսաբանվում են պետական և ազգային տոները, համայնքների ղեկավարների հաշվետվությունները, շրջվարչակազմի խորհրդի նիստերի համառոտ արձանագրությունները, գյուղատնտեսության, մշակույթի, կրթական և այլ ոլորտների առնչվող հարցեր։ Առանձին հոդվածներով անդրադարձ է կատարվում զոհված, անհայտ կորած և հաշմանդամ ազատամարտիկներին, դիրքապահ զինվորներին։ Պարբերաբար ներկայացվում է Հադրութի շրջանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարզա-մշակութային կյանքը, վեր են հանվում նաև սոցիալական խնդիրներ։

2014 թվականից սկսած՝ թերթն ունի «ԼՐԱՀՈՍ», 2016-ից՝ «ԾԱԳՈՒՄՈՎ ԴԻԶԱԿՑԻՆԵՐ», «ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ», «ՀԱՐՑ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ», 2019 թվականից՝ «ՕՐԱԽՆԴԻՐ» բաժինները։

Խմբագրության աշխատողները մշտական կապի մեջ են հանրապետությունում գործունեություն ծավալող այլ ԶԼՄ-ների հետ, թերթին թղթակցում են շրջանի կյանքով մտահոգ մարդիկ՝ Զ․ Ըռքոյանը (Բերձոր), Գ․ Գրիգորյանը (Երևան), Է․ Դավթյանը (Թաղասեռ), Ռ. Հայրապետյանը (Հադրութ), Շ. Ստեփանյանը (Երևան), Ե. Հայրիյանը (Հադրութ), դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ։

2019-ին նշվում է ԿՈԼԽՈԶՆԻԿ-ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ-ԴԻԶԱԿ թերթի 85 -ամյակը[1]։

2014 թվականի սեպտեմբերի 16-ից թերթի խմբագիրն է Լիաննա Գագիկի Պետրոսյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հադրութի «Դիզակ» պաշտոնաթերթը 85 տարեկան է». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.