Արտավազդ Արամի Սաղոյան (16.01. 1904, Ախալցխա-17․10․1971, Մոսկվա), ԽՍՀՄ դերծովակալ, ռազմածովային հրետանավոր, Տալլինի, Լենինգրադի պաշտպանության ռազմածովային ուժերի ղեկավար։

Արտավազդ Սաղոյան
Ծնվել է16․01
ԾննդավայրԱխալցխա
Մահացել էհոկտեմբերի 17
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
Աշխատանքռազմածովային հրետանավոր
ԱշխատավայրԽՍՀՄ ռազմածովային ուժեր
Զբաղեցրած պաշտոններդերծովակալ
Կուսակցությունկոնունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի առաջին աստիճան, Նախիմովի երկրորդ աստիճան, Լենինի շքանշան, Հայենական պատերազմի առաջին աստիճան

Կրթությունը խմբագրել

Ծնվել է 1904 թվականին հայաբնակ Ախալցխայում։ 1921 թ. ավարտելով դպրոցը՝ 1922 թ. հոկտեմբերին ընդունվել է Բաթումի ռազմածովային ուսումնարանը։ Ուսումը շարունակելու նպատակով 1924-1927 թթ. սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանում։ Հետագայում Ա․ Սաղոյանը ծառայության է անցել Կասպիական ռազմական նավատորմի «Մարկին» և «Կարմիր Ադրբեջան» ռազմանավերի վրա։ 1930-1931 թթ. մասնակցել է Կարմիր բանակի ռազմածովային ուժերի հրամանատարների հատուկ դասընթացներին, որն ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Դվինա գետի ռազմական նավատորմի «Հարվածային» («Ударный») հրետանավակի վրա՝ որպես հրետանու հրամանատար։ 1932 թ. նա ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։

1933 թ. հունվարին Ա․ Սաղոյանը նշանակվել է Դվինա գետի ռազմական նավատորմի շտաբի գլխավոր հրետանավոր։ 1936-1941 թվականներին կապիտան-լեյտենանտ Արտավազդ Սաղոյանն սովորում է Կ.Ե. Վորոշիլովի անվան Ռազմածովային ակադեմիայում։ 1937 թ. մարտին նրան շնորհվում է 3-րդ կարգի կապիտանի, իսկ 1941 թ. փետրվարին՝ 2-րդ կարգի կապիտանի զինվորական կոչում։ Ակադեմիան ավարտելուց հետո Ա․ Սաղոյանը նշանակվում է Կարմիրդրոշ Բալթյան նավատորմի գլխավոր հրետանավոր, որը պաշտոնավարում է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը։

Գործունեություն խմբագրել

Համաշխարհային պատերազմի տարիներ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Ա. Սաղոյանը մասնակցում է Բալթիկ ծովի մարտերին, ղեկավարում է «Суровый» և «Статный» ականակիրների հրետանային գործողությունները Ֆիննական ծոցի հենակետերի պաշտպանության համար։ 1941 թ. հուլիսի 10-ից մինչև 1944 թ. օգոստոսի 9-ը Բալթյան նավատորմը մասնակցում է Լենինգրադի համար մղված մարտերին, որի համար նրան շնորհվում է 1-ին կարգի կապիտանի կոչում և պարգևատրվում Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով, հետագայում նաև՝ Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշանով։

1941 թ. օգոստոսի 5-ից սկսվեցին Տալլինի ռազմածովային հենակետի պաշտպանական մարտերը՝ իրականացնելով 2-րդ էսկադրայի հրետանու համագործակցության պլանը։ Կապիտան Ա. Սաղոյանի ղեկավարած հրետանին կարողացավ հետ մղել գերմանական վերջրյա և ստորջրյա գրոհները։ Ապա նա կազմակերպում է Տալլինից Բալթյան նավատորմի տեղափոխումը Կրոնշտադտ։ Հակառակորդի շրջափակումից դուրս բերված ռազմանավերը, դրանց անձնակազմերը մարտնչեցին Լենինգրադի հերոսական պաշտպանության ժամանակ, որը տևեց ավելի քան 900 օր։ Այդ գործողության ժամանակ Ա․ Սաղոյանը ծանր վիրավորովում է և տեղափոխվում է հոսպիտալ, սակայն կարողանում է նավատորմի մեծ մասը հասցնել Կրոնշտադտ։ Իր բացառիկ ու անձնուրաց ծառայությունների համար նա պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1941 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է ծառայության՝ շարունակելով ղեկավարել Բալթյան նավատորմի հրետանու գործողությունները։

Հ. Սվյազովը նշել է.

  Բարձր որակավորում և կրթություն ունեցող ծովային հրետանավոր ընկ. Ս.Ա. Սաղոյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ գործողությունների Ռիգայի և Ֆիննական ծովածոցերում, հրետակոծել հակառակորդի ափամերձ ամրությունները։ 1941 թ. Տալլինի պաշտպանության ժամանակ նա ղեկավարում էր նավախմբի հրետանու կրակը, հմտորեն համաձայնեցնում և կազմակերպում նավային հրետանու գործողությունները՝ ցամաքային զորքերի հետ համատեղ, որի հետևանքով մեծ չափով բարձրացրեց Տալլինի պաշտպանության արդյունավետությունն ու երկարատևությունը  

Բալթյան նավատորմի շտաբի պետ, դերծովակալ Ա.Ն. Պետրովը 1944 թ. սեպտեմբերի 16-ին նրան ներկայացրեց պարգևատրման՝ Կարմիր դրոշի շքանշանով։ Շտաբի պետը Ա.Ա. Սաղոյանի պարգևատրման թերթիկում նշել է.

  1-ին կարգի կապիտան Սաղոյանը կարգապահ, լավ պատրաստված սպա է։ Հայրենական մեծ պատերազմում նա իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, իր գործը լավ իմացող մասնագետ-հրետանավոր։ Իր գիտելիքներով և եռանդով նա նպաստել է նավախմբի հրետանային պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Անձամբ ակտիվորեն մասնակցել է նավատորմի մի շարք մարտական գործողությունների։ 1944 թ. նոյեմբերի 7-ին լրանում է նավատորմում նրա ծառայության 21 տարի 4 ամիսը։ Արժանի է պարգևատրվելու Կարմիր դրոշի շքանշանով։  

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թ. նոյեմբերի 3-ի հրամանագրով Արտավազդ Սաղոյանը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո Արտավազդ Սաղոյանը ծառայեց Բալթյան նավատորմում մինչև 1947 թ. դեկտեմբերի 11-ը։ Նա պարգևատրվեց Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1946 թ.), Լենինի (1947 թ.) շքանշաններով, նշանակվեց ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության բաժնի գլխավոր հրետանավոր։ 1951 թ. հունվարի 27-ին Արտավազդ Սաղոյանին շնորհվում է դերծովակալի կոչում։ 1951 թ. դեկտեմբեր – 1953 թ. ապրիլ ամիսներին դերծովակալ Ա. Սաղոյանը ԽՍՀՄ Ռազմածովային ուժերի երկրորդ ինստիտուտի (գտնվում էր Լենինգրադում) պետի տեղակալն էր։ 1953-1956 թվականներին դերծովակալը դասավանդել է Ա.Ն. Կռիլովի անվան ռազմածովային ակադեմիայի մարտավարական ամբիոնում։ 1954 թ. նա պաշտպանում է գիտական ատենախոսություն՝ ստանալով ռազմածովային գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1956 թ. նրան շնորհվում է դոցենտի կոչում։ Ա. Սաղոյանը հեղինակ էր 2 մենագրության, շուրջ 10 գիտական հոդվածների՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմածովային ուժերի հրետանու մարտական օգտագործման։ 1956 թ. ապրիլի 12-ին Ա. Սաղոյանը նշանակվում է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գիտատեխնիկական կոմիտեի 4-րդ բաժանմունքի անդամի պաշտոնում։ Նույն թվականին ռազմածովային նավատորմի հրետանու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվում է Կարմիր դրոշի երրորդ շքանշանով։

Արտավազդ Սաղոյանը նավատորմում ծառայեց մինչև 1959 թ. հոկտեմբերի 16-ը և պաշտոնաթող եղավ հիվանդության պատճառով։ Դրանից հետո մինչև իր մահը՝ 1971 թ. հոկտեմբերի 17-ը, ապրում էր Մոսկվայում։ Հայազգի ծովակալը թաղվել է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կլիմենտ, Հարությունյան (2022, 2, 312-317). «Դերծովակալ Արտավազդ Արամի Սաղոյան». Լրաբեր հասարակական գիտությունների.