Դատահաշվապահական փորձաքննություն

հաշվապահական հաշվառման և այլ ֆինանսական և հաշվետվական գործունեության ուսումնասիրություն

Դատահաշվապահական փորձաքննություն, տնտեսաիրավական կիրառական գիտություն, հաշվապահական հաշվառման և այլ ֆինանսական և հաշվետվական գործունեության ուսումնասիրություն՝ կապված իրավական փորձի որոշակի հարցերի հետ։ Այն իրականացնում է հաշվապահական հաշվառման մեջ անհամապատասխանությունների հայտնաբերում և պատճառների որոշում` կապված հաշվապահական փաստաթղթերում արտացոլված ապրանքանյութական արժեքների մուտքագրման, պահպանման, լուծարման, իրացման և դրամական միջոցների մուտքագման ու կոնկրետ ուղղությունների գծով կատարվող ծախսերի գործառնությունների հետ[1]։

Զարգացման պատմությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում դատական փորձաքննությունների ծագման պատմությունը համարվում է քիչ լուսաբանված, սակայն հին հայկական ձեռագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն սկիզբ է առել դեռևս 4-րդ դարում։ Հնագույն ժամանակներից պետությունների օրենսդրություններում ցուցումներ են եղել հանցագործությունների քննության և բացահայտման ժամանակ հատուկ գիտելիքների օգտագործման մասին։ Հայաստանում հատուկ գիտելիքների զարգացման վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան հին հայկական ձեռագրերում։ Դժվար է ասել, թե երբ է Հայաստանում առաջին անգամ քրեական գործերի քննության ընթացքում կիրառվել հատուկ գիտելիքներ։ Հին հայկական ձեռագրերի, ինչպես նաև տարբեր աշխատությունների ուսումնասիրությունը վկայում է, որ հատուկ գիտելիքների կիրառումը Հայաստանում սկիզբ է առել դեռևս IV դարից[1]։

Հայաստանում հանցագործությունների քննության ընթացքում հատուկ գիտելիքների կիրառումը լայն թափ ստացավ 20-րդ դարի կեսերից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Հայաստանի երկրորդ Հանրապետությունում Արտակարգ հանձնաժողովները, քննչական խմբերը, քրեական հետախուզությունը լարված պայքար էին տանում հանցագործությունների դեմ։ Սակայն, 20-րդ դարի սկզբին Հայաստանում հանցագործությունների քննության ընթացքում լայնորեն չէր կիրառվում հատուկ գիտելիքները, չկար հանցագործությունների քննության գիտությունը՝ կրիմինալիստիկան, չկային ձևավորված փորձագիտական հիմնարկներ։ 1922թ. մայիսի 22-ին հիմնադրվեց դատախազությունը, որպես օրենքների կատարման վրա հսկող մարմին։ Այդ տարիներին վերակազմավորվեցին նախաքննության մարմինները։ Սակայն փորձաքննական մարմիններ, որոնք անհրաժեշտ էին գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում շատ հարցեր լուծելու համար, Հայաստանում չկազմավորվեցին[1]։

Դատա-փորձագիտական լաբորատորիաների բացակայությունը բացասաբար էր անդրադառնում դատաքննչական մարմինների գործունեության վրա և դատական փորձաքննությունների իրականացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ էր և բացակայությունը անկասկած կարող էր հանգեցնել ինչպես գործերի քննության արդությունների, այնպես էլ դատական սխալների։ Դատաքննչական մարմիններն առանձին կարևոր գործերով, այն էլ բացառիկ դեպքերում, դիմում էին Թբիլիսիի լաբորատորիային, իսկ փորձաքննության ենթակա շատ նյութեր մնում էին անկատար[1]։

Հանցավորության դեմ տարվող պայքարում և հանցագործներին հայտնաբերելու համար առաջնային խնդիր է դառնում գիտության և տեխնիկայի նվաճումների օգտագործումը։ Այդ հարցն իր լուծումն ստացավ 1959թ., երբ Հայաստանի խորհրդային հանրապետության կառավարության ապրիլի 25-ի թիվ 149 որոշմամբ Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց կրիմինալիստիկայի գիտահետազոտական լաբորատորիա[1]։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը[2], որը ստեղծվել է ՀՀ Կառավարության 22 հուլիսի 2004թ. թիվ 1127-ն որոշմամբ (ՀՀ կառավարության 23 հունիսի 2005 թվականի N 867-Ն և 11 հունիսի 2009թ-ի N 638-ն որոշումներով փոփոխված և լրացված)[3], «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում[4]։

Առանձնահատկություն, նպատակ ու խնդիր խմբագրել

Ցանկացած տնտեսական գործառնություն պարտադիր ուղղորդվում է համապատասխան սկզբնական փաստաթղթային ձևակերպմամբ` արտացոլելով կատարվող գործարքի փաստը։ Հաշվապահական հաշվառման տվյալները համարվում են արժանահավատ և իրավական ուժ ունեն։ Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մեջ կողոպուտների, փաստերի խեղաթյուրումների, հարկային իրավախախտումների դեպքում պարտադիր առկա է տեղեկատվություն օրինախախտումների փաստերի վերաբերյալ, որոնք հնարավոր է հայտնաբերել կազմակերպության հաշվապահության և տնտեսական գործունեության մանրակրկիտ հետազոտման գործընթացում։ Այդ փաստերի բացահայտումը հնարավոր է միայն դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու և անցկացնելու դեպքում[1]։

Դատահաշվապահական փորձաքննության ժամանակ փորձագետ-հաշվապահի կողմից իրականացվում է հաշվապահական հաշվառման մեջ հարուցված գործի նյութերի գծով համապատասխան հետազոտություն և քննիչի կամ դատարանի կողմից դրված հարցերին լուծում տալու հիման վրա նրա կողմից կազմվում է եզրակացություն։ Դատահաշվապահական փորձաքննության էությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է  բացահայտել վերջինիս առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են հետևյալ կետերով`

  • վերջինիս իրականացման համար պահանջվում են հատուկ հաշվապահական և տնտեսագիտական այլ մասնագիտական գիտելիքներ (կառավարում, տնտեսական վերլուծություն, հարկային գործ, ֆիանսական կառավարում, աուդիտ),
  • դատական հետաքննության և հետազոտության օբյեկտ են հանդիսանում հաշվային մատյաններում, հաշվապահական և հարկային հաշվետվություններում և այլ փաստաթղթերում արտացոլված տնտեսական գործառնությունները[1]։

Հաշվապահական փորձաքննության հիմնական խնդիրն է աջակցել քրեական, քաղաքացիական և վարչական խախտումների հարուցված գործերի գծով ապացուցողական տեղեկատվության ստացումը` օգտագործելով հաշվապահական հաշվառան ոլորտում կիրառվող ժամանակակից բոլոր մասնագիտական գիտելիքներն ու հնարավորությունները։ Դատահաշվապահական փորձաքննության անցկացման ժամանակ լուծվում են հետևյալ հիմնական խնդիրները`

  • վերլուծվում են պաշարների, դրամական միջոցների և այլ ակտիվների ավելցուկի կամ պակասորդի փաստացի տվյալները և նյութական վնասի չափը,
  • ստուգվում է պաշարների, դրամական միջոցների  և այլ ակտիվների շարժի փաստաթղթային ձևակերպման ճշտությունը, դրանց պահպանման և հսկողության պայմանները, ինչպես նաև նյութական պատաասխանատվության կազմակերպման դրվածքը,
  • որոշվում է հաշվապահական փաստաթղթերում արտացոլված տնտեսական գործառնությունների համապատասխանությունը օրենսդրության և հաշվապահական դրվածքին և փաստաթղթային տեղեկատվության երկհամատեղելիությունը մեղադրվողի և վկաների տրված ցուցմունքների հետ,
  • հետազոտվում է պաշարների, դրամական միջոցների  և այլ ակտիվների մուտքագրման և ելքագրման փաստաթղթային հիմնավորվածությունը, ինչպես նաև հաշվառումից դուրս պատրաստի արտադրանքի քանակն ու գինը` հիմք ընդունելով տեխնոլոգների, ապրանքագետների և ինժեներների եզրակացության արդյունքները,
  • բացահայտվում են հաշվապահական հաշվառման կազմակերպման և հաշվետվությունների կազմման մեջ այն բացթողումները, որոնք հիմք են հանդիսացել տնտեսավարող սուբյեկտին նյութական վնաս պատճառելու համար[1]։

Հաշվապահական փորձաքննության ընդհանուր նպատակը հաշվապահական հաշվառման կազմակերպման և հաշվետվությունների կազմման ճշտության բացահայտումն է, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության հավաստի փաստերը` դրված հարցերին հիմնավոր եզրակացություն տալու համար[1]։

Առարկա և օբյեկտ խմբագրել

Հաշվապահական փորձաքննության առարկան, դա յուրաքանչյուր նախապատրաստվող նյութերով, հարուցված քրեական գործերով, ինչպես նաև քաղաքացիական գործերով նախաձեռնողի (քննիչի, հետաքննիչի, դատախազի, դատավորի), կողմից առաջադրված հարցերն են, որոնց պարզաբանումը պահանջում է հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական բնագավառների հատուկ մասնագետների գիտելիքներ։ Դատահաշվապահական փորձաքննություն առարկան իր էությամբ մի շարք հարցերի համալիր վերլուծություն է, որի արդյունքները նախաձեռնողի կողմից քրեական կամ քաղաքացիական գործերի մյուս ապացույցների հետ միասին օգտագործվում է տնտեսական բնույթի հանցագործությունների հետևանքների և մեղավոր անձանց շրջանակը ճշտելու նպատակով։ Ինչպես յուրաքանչյուր գիտություն, այնպես էլ դատահաշվապահական փորձաքննությունը ունի իր առարկան, մեթոդը և հետազոտման մեթոդները։ Դատահաշվապահական փորձաքննությունը կիրառական գիտություն է, որի օբյեկտն են հանդիսանում հաշվապահական հաշվառման սկզբնական և ամփոփ փաստաթղթերը, այսինքն անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև հետազոտվող ժամանակաշրջանում կատարված գործարքների կապակցությամբ կազմված մի շարք փաստաթղթեր (բիզնես ծրագրեր, եզրակացություններ և այլ փաստաթղթեր)։ Դրանք ներառում են եզրակացություն տալու համար անհրաժեշտ բոլոր փաստացի տվյալները։ Հետաքննության ընթացքում փորձագետ-հաշվապահի կողմից օգտագործվում են փաստաթղթային ստուգումների արդյունքները, փորձագետի եզրակացությունը, մեղադրյալների, վկաների կողմից տրված ցուցմունքները և այլն։ Որպես հաշվապահական փորձաքննության օբյեկտ կարող են հանդես գալ մեղադրյալների և վկաների հարցաքննությունների արձանագրությունները։ Այդ վկայությունները տրամադրվում են որպես ելակետային տվյալներ անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի հետազոտման համար[1]։

Հաշվապահական փորձաքննության անցկացման ժամանակ հետազոտման օբյեկտներ կարող են հանդիսանալ իրեղեն ապացույցները, փաստաթղթերը, առարկաները, համեմատական հետազոտման համար նմուշները, ինչպես նաև գործի նյութերը, ըստ որի իրականացվում է դատական փորձաքննությունը։ Հաշվապահական փորձաքննության անցկացման ժամանակ մասնավորապես հետազոտվում են ապացույցներում պարունակվող ելակետային տվյալները և փորձաքննության առարկային վերաբերող գույքի փաստացի առկայությունը։ Դրանք վերաբերում են հաշվապահական փորձաքննության օբյեկտներին։ Փորձաքննությանը ներկայացված օբյեկտները պետք է փորձագիտական հետազոտմանը պիտանի լինեն[1]։

Մեթոդ խմբագրել

Փորձաքննության մեթոդները դրանք հնարքների ամբողջություն են, որոնց օգնությամբ փորձագետ-հաշվապահը ուսումնասիրում է հաշվապահական փորձաքննության առարկան։ Հաշվապահական փորձաքննության մեթոդները կարելի է պայմանականորեն բաժանել ընդհանուր և հատուկ տարրերի[1]։

Ընդհանուրին վերաբերում են ընդհանուր գիտական մեթոդները, որոնք հիմնված են հետազոտման համընդհանուր ընդունված մոտեցումների վրա։ Դրանցից են`

  1. Վելուծությունը (հին հունարեն՝ մասերի բաժանում), դա հետազոտման ձև է, որը իր մեջ ներառում է առարկայի ուսումնասիրումը` նրան մտովի կամ գործնական մասնատելով հիմնական օբյեկտների միջոցով։ Յուրաքանչյուր բաժին վերլուծվում է առանձին։ Օրինակ քրեական կամ քաղաքացիական գործով փաստերի հետազոտումը փորձագետին առաջադրված հարցերի շրջանակներում,
  2. Սինթեզը (հին հունարեն՝ միացում, համադրում, կազմում) օբյեկտի ամբողջականության ուսումնասիրումն է, նրա մասերի ընդհանրացումն ու փոխկապակցվածությունը։ Ֆինանսատնտեսական հսկողությունում սինթեզը կարելի է կապել վերլուծության հետ։ Այն թույլ է տալիս վերլուծության գործընթացում մասնատված օբյեկտները միացնել, վերականգնել նրանց կապը և ճանաչել առարկան որպես մեկ միասնություն։ Օրինակ ըստ փորձագիտական հետազոտման հարցերի եզրակացության կազմումը,
  3. Ինդուկցիան (լատին․՝ ուղղորդում) հետազոտման մի ձև է, որն իրենից ներկայացնում է առանձին գործոնների հանգուցալուծում ընդհանուր եզրահանգումների նկատմամբ, այսինքն օբյեկտի վիճակի կողմերի հետազոտման հիման վրա։ Օրինակ կազմակերպության պարտավորությունները արտացոլող փաստաթղթերի փորձաքննությունը իրականացվում է սկզբնապես վերլուծական, այնուհետև սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա,
  4. Դեդուկցիան (լատին․՝ պարզաբանում) օբյեկտի վիճակի ընդհանուր հետազոտումն է և տրամաբանական քննարկումների հիման վրա նրա հիմնական տարրերի վերաբերյալ եզրահանգումների կայացումը, այսինքն անցումը ընդհանուրից մասնավորին։ Օրինակ վնասի ընդհանուր գումարը որոշվում է նյութական պատասխանատու անձանց միջև ըստ գույքի տեսակների և առաջացման ժամանակահատվածների,
  5. Անալոգիան (լատին․՝ զուգակցում) օբյեկտի ճանաչումն է այլ օբյեկտների հետ զուգորդելու հիման վրա։ Զուգակցման մեթոդը դատահաշվապահական փորձաքննությունում կիրառվող ստանդարտացման և մոդելավորման հիմք կարող է հանդիսանալ։ Օրինակ կազմակերպությունում ՀՀ օրենսդրությամբ սահմնաված նորմերով հաշվապահության վարման գործընթացի պահպանումը,
  6. Մոդելավորումը, որն իրենից ներկայացնում է հենց առկա օբյեկտի հետազոտում և այնպիսի մոդելի ստեղծում, որն իր մեջ կպարունակի տվյալ ոսումնասիրվող օբյեկտին յուրահատուկ գծեր և առանձնահատկություններ,
  7. Համակարգված վերլուծությունն իր մեջ ներառում է հետազոտվող օբյեկտի ուսումնասիրումը որպես համակարգը ձևավորող տարրերի ամբողջականություն[1]։

Հաշվապահական փորձաքննության հատուկ մեթոդներին են վերաբերվում հաշվարկա-վելուծական և փաստաթղթային մեթոդները[1]։

Հաշվարկա-վերլուծական մեթոդները իրենց մեջ ներառում են փորձագետ-հաշվապահի կողմից փորձաքննության անցկացման մեջ կիրառվող վերլուծական գործընթացներ։ Հաշվապահական փորձաքննության հետազոտման ժամանակ հաշվարկա-վերլուծական մեթոդների կիրառումը թույլ է տալիս բացահայտել փորձագիտական հետազոտման ենթարկված օբյեկտների ընդհանուր վիճակը։ Հաշվապահական փորձաքննության անցկացման ժամանակ հաշվարկա-վերլուծական մեթոդները համադրվում են փաստաթղթային մեթոդաբանական ձևերի հետ։

Հաշվարկա-վերլուծական մեթոդներն իրենց հերթին ներառում են`

  • ֆինանսատնտեսական վերլուծության մեթոդը,
  • վիճակագրական հաշվարկների մեթոդը,
  • տնտեսա-մաթեմատիկական մեթոդը,
  • մաթեմատիկական հաշվարկների ստուգման մեթոդը[1]։

Ֆինանսատնտեսական վերլուծության ժամանակ կիրառվում է իրավապահ մարմինների հետաքննման օբյեկտ հանդիսացած խնդիրահարույց հատվածների պատճառա-հետևանքային կապերի բացահայտման և որոշման ձևերի համակարգ։ Այս մեթոդի օգնությամբ որոշվում են փաստացի ցուցանիշների շեղումները պլանայիններից, արդյունքային ցուցանիշների վրա գործոնների ազդեցությունը և այլն[1]։

Անցկացման անհրաժեշտություն և քայլերի հաջորդականություն խմբագրել

Դատահաշվապահական փորձաքննությունը նշանակվում է ինչպես գործի նախաքննության փուլում, այնպես էլ դատարանում։ Ավելի հաճախ այն նշանակվում է թե´ քրեական, և թե´ քաղաքացիական գործերի հետաքննման ժամանակ։ Փորձաքննություն նշանակելու կամ կատարելու հիմքերը շարադրված են ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի 243-րդ հոդվածում` «փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառների հատուկ մասնագետի գիտելիքներ, հետաքննության մարմնի աշխատակցի` քննիչի, դատարանի, մասնագետի, հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից»[5]: Փորձաքննություն նշանակելու հարցը որոշվում է քննիչի կողմից` ելնելով հարուցված գործի պայմաններից[1]։

Դատահաշվապահական փորձաքննություն, որպես կանոն, նշանակվում է հետևյալ դեպքերում.

  • երբ քննիչը, դատարանը ենթադրում են, որ անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն հատուկ հաշվապահական գիտելիքների օգտագործմամբ,
  • երբ անցկացված վերստուգման արդյունքները հակասում են քննվող գործի նյութերին և իրականության վերականգնման համար անհրաժեշտ է հատուկ փորձագիտական հետազոտման անցկացում,
  • եթե վերահսկողի կողմից հաշվի չեն առնվել նյութական պատասխանատու անձի մոտ առկա կարևոր փաստաթղթերը` կապված ապրանքների փչացումների ակտերի, ապրանքների ապառիկ վաճառքի գրառումների հետ և այլն,
  • երբ առկա է մեղադրյալի, կասկածյալի, ամբաստանյալի, տուժողի կամ նրանց ներկայացուցիչների հիմնավորված միջնորդություն հաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ,
  • երբ սկզբնական փորձաքննության եզրահանգումները հակասում են գործով հավաքված այլ ապացույցներին,
  • երբ առաջին և երկրորդ անգամ կատարված վերստուգման եզրահանգումների մեջ առկա են հակասություններ,
  • երբ վերահսկողի կողմից նյութական վնասը որոշելու համար կիրառվել են կասկածելի մեթոդներ,
  • եթե այդպիսի անհրաժեշտությունը բխում է այլ տիպի կամ ձևի դատական փորձաքննության եզրահանգումներից (օրինակ` դատատեխնոլոգիական փորձաքննությունը)[1]։

Խոսելով դատահաշվապահական փորձաքննության նշանակման հիմնավորվածության մասին, չպետք է մոռանալ, որ կողոպուտների և տարբեր չարաշահումների, տնտեսական հանցագործությունների գծով գործերը կարող են պարզաբանվել փաստաթղթերի (այդ թվում նաև վերահսկողության ակտերի), վկաների ու մեղադրվողների տրված ցուցումունքների հիման վրա և այլն։ Ուստի, փորձագետ-հաշվապահ նշանակելու հարցի որոշու-մը կապված է գործի կոնկրետ հանգամանքներից[1]։

Քաղաքացիական գործերով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու գործընթացը մի փոքր տարբերվում է քրեական դատավարության գործընթացից։ Այն կարող է նշանակվել ինչպես դատարանի, այնպես էլ գործով շահագրգիռ կողմերի միջնորդությամբ (հայցվոր, պատասխանող, երրորդ անձինք)։

Քաղաքացիական գործին մասնակից կողմերն ու անձինք իրավունք ունեն`

  • միջնորդություն ներկայացնել հաշվապահական փորձաքննության նշանակման վերաբերյալ կոնկրետ դատա-փորձագիտական հիմնարկում կամ կոնկրետ փորձագետի,
  • բացարկ ներկայացնել փորձագետին (հիմնավորված պատճառաբանության դեպքում),
  • փորձագետի համար հարցեր ձևակերպել,
  • ծանոթանալ դատարանի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման և նրանում ձևակերպված հարցերի բովանդակությանը,
  • ծանոթանալ փորձագետի կողմից տրված եզրակացությանը,
  • միջնորդություն ներկայացնել դատարանին լրացուցիչ, կրկնակի, համալիր կամ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ[1]։

Համաձայն քրեական դատավարության օրենսդրության փորձագետին առաջադրվող հարցերի ձևակերպման վերջնական իրավասությունը պատկանում է դա-տարանին։ Դատարանը վերանայում է գործի մասնակիցների կողմից կազմված  հարցերը և կարող է բացառել այն հարցերը, որոնք չեն վերաբերում գործին կամ դուրս են փորձա-գետի որոշման շրջանակներից։ Ընդ որում կողմերի կողմից առաջադրված հարցերի մերժման դեպքում դատարանը պետք է գրավոր տեսքով հիմնավորի իր կողմից կատար-ված գործողությունը։ Փորձագետին առաջադրվող հարցերը պետք է լինեն հստակեցված և կոնկրետացված, քանի որ փորձագետ-հաշվապահի կողմից տրվող փորձագիտական եզ-րահանգումները ուղղակիորեն կախված են լուծում պահանջող հարցերի մասնագիտական, հստակ ու ամբողջական ձևակերպումից[1]։

Ընդհանուր պահանջներին, որոնց պետք է բավարարեն առաջադրված հարցերը, կարելի է ձևակերպել այսպես.

  • դրանք համարվում են էական տվյալ քրեական գործի համար, բխում են գործի նյութերից և առանց վերջինիս պարզաբանման հարուցված քրեական գործը հնարավոր չի լինի ճիշտ հանգուցալուծել,
  • վերաբերվում են հաշվապահական հաշվառմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ են այդ ոլորտին բնորոշ հատուկ գիտելիքներ,
  • քննիչը (դատարանը) օգտագործելով հաշվապահական հաշվառման ոլորտում կիրառվող տվյալներ տվյալ գործի գծով չի կարող ինքնուրույն լուծել դրանք,
  • այդ հարցերը կարող են լուծվել միայն փորձագետ-հաշվապահի կողմից տրվող եզրակացության միջոցով,
  • չեն պարտադրում փորձագետ-հաշվապահին լուծել գործի իրավական գծով հարցերը,
  • կոնկրետացված են, որն էլ փորձագետ-հաշվապահին ստիպում է տալ կոնկրետ եզրակացություն,
  • դրանք տրվում են քննիչի կողմից տրամաբանական հաջորդականությամբ, որը հնարավորություն է տալիս փորձագետ-հաշվապահին վերջիններիս հիման վրա եզրակացություն կազմել տրամաբանական փոխկապվածությամբ,
  • անհրաժեշտ է հստակ ձևակերպել հարցերը, խուսափել չհիմնավորված ընդհանրացումներից (օրինակ ինչպիսի նոմատիվա-իրավական ակտեր են խախտվել հաշվապահական հաշվառման մեջ),
  • հարցերի բովանդակությունը պետք է անհրաժեշտություն առաջացնի մասնագիտական հետազոտման, այլ ոչ թե կրի տեղեկատվական բնույթ, օրինակ` ինչպիսի փաստաթղթերով են ձևակերպվում դրամի դուրսգրումը դրամարկղից[1]։

Նախքան դատահաշվապահական փորձաքննություն նշանակելը քննիչը մանրամասն ուսումնասիրում է գործում առկա նյութերը (առաջին հերթին վերահսկողության նյութերը) և համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո միայն որոշում արդյոք կա անհրաժեշտություն փորձագետ-հաշվապահի, թե ոչ։ Նա ուումնասիրում է նաև տվյալ կազմակերպության հաշվապահական հաշվառման վարման և հաշվետությունների կազմման համակարգը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը։ Քննիչը գալով այն եզրակացության, որ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, կազմում է այն հարցերի ցուցակը, որոնք պետք է ներկայացնի փորձագետ-հաշվապահին։ Կարևոր նշանակություն ունի նաև տարբեր կազմակերպությունների հաշվառման վարման առանձնահատկությունները։ Ուստի, մեծ, բարդ գործերի գծով հարցերը կազմելիս քննիչին խորհուրդ է տրվում խորհրդակցել բարձր մասնագիտական կրթություն և երկար տարիների փորձ ունեցող հաշվապահի հետ։ Խորհրդատու կարող է հանդես գալ, մասնավորապես, գործի գծով նշանակվող ապագա մասնագետը։ Այդ տիպի ոչ իրավագիտական խորհրդատվությունը չի կարող խորչընդոտ հանդիսանալ կոնկրետ տվյալ փորձագետ-հաշվապահին գործին կցելու համար[1]։

Նախաքննության մեջ կարևոր դեր ունի դատահաշվապահական փորձաքննության նշանակումը։ Նախնական քննության ընթացքում փորձաքննության նշանակում օրենքով նախատեսված չէ, ուստի նրա անցկացումը որոշվում է քննիչի կողմից` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից։ Գործնականում քննիչը հիմնվում է հետևյալ օրենքի վրա` քանի որ փորձաքննությունն հիմնականում անցկացվում է վերահսկումից հետո, ապա այն նշանակվում է հենց նրանից հետո։ Եվ օրենսդրությամբ և իրավական փորձով նախատեսվում է մեղադրյալի մասնակցությունը փորձաքննության նշանակման ժամանակ։ Մեղադրյալը ծանոթանալով որոշմանը, կարող է հայց ներկայացնել լրացուցիչ հարցերի ընդգրկման համար փորձաքննության նշանակման որոշման մեջ։ Այդ կերպ, դատահաշվապահական փորձաքննության նշանակումը իրավապահ մարմինների գործունեությունում հանդիսանում է ընթացակարգային գործողություն, որն ապահովում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը գործի քննման ընթացքում` ճշմարտությունը բացահայտելու համար[1]։

Քրեական գործի շրջանակներում հետաքննության փուլում հետաքննիչը 10 աշխատանքային օր ժամանակահատվածում պետք է իրականացնի անհրաժեշտ տվյալների հավաքագրում, գործով առնչվող փաստաթղթերի առգրավվում և այլն։ Տվյալների հավաքագրման ժամանակ գործին կարող է կցվել միայն փորձագետ-խորհրդատու, որպեսզի հետաքննիչը իմանա ինչ փաստաթղթեր առգրավի նախաքննական փուլի համար։

Դատահաշվապահական փորձաքննություն կարող է նշանակվել միայն հարուցված քրեական գործով։ Նախաձեռնողը համոզվելով, որ արդեն իսկ հարուցված քրեական գործի նյութերով առկա են այն բոլոր պահանջվող հիմքերը, որոնցով անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն, կայացնում է որոշում փորձաքննություն նշանակելու մասին, որի կարգը սահմանված է ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 244-ի[5]։ Եթե հանգամանքները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջացել օգտագործել հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործ հարուցելու համար, ապա քննիչը կարող է գրավոր հարցման միջոցով իրավասու հիմնարկից կամ անձից ստանալ գրավոր խորհրդակցություն տվյալ քննվող գործին առնչվող հարցերի վերաբերյալ[1]։

Փորձաքննություն նշանակելու մասին կարող է հրապարակվել միայն քննիչի որոշմամբ, որը չի փոխարինվում այլ կարգադրողական փաստաթղթով։ Որոշման մեջ ցույց է տրվում` փորձաքննության նշանակման հիմնավորումը, տեսակը կամ ձևը, փորձագետի անուն, ազգանուն, հայրանունը կամ փորձագիտական հիմնարկի անվանումը, փորձագետին առաջադրված հարցերի ցուցակը, փորձագետ-հաշվապահի տնօրինմանը տրվող նյութերը։

Համաձայն ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի նախաքննության փուլում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործի շրջանակներում դատահաշվապահական փորձաքննություն կարող է նշանակել ոչ միայն քննիչը, այլև դատարանը, երբ գործն արդեն գտնվում է դատավարության մակարդակում։

Հաճախ փորձաքննություն են նշանակում թե´ փորձագիտական հիմնարկներում, և թե´  հիմնարկներից դուրս[1]։

Երկու դեպքում էլ փորձաքննության կատարումը կարգավորվում է ՀՀ  Քրեական Դատավարության համապատասխան հոդվածներով։ Այսպես, փորձագիտական հիմնարկներում փորձաքննության կատարման կարգը ամրագրված է ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 248-ի, իսկ փորձագիտական հիմնարկից դուրս փորձաքննության կատարումը` ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 249-ի[5]։

Համաձայն ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 248-ի 1-ին կետի քննիչը փորձաքննություն նշանակելու մասին իր կայացրած որոշումը, հետազոտման օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քրեական գործը, ուղարկում է փորձագիտական հիմնարկի ղեկավարություն։ Փորձաքննության կատարմանը մասնակցում է այն փորձագետը, որը նշված է քննիչի կողմից կայացրած որոշման մեջ։ Եթե քննիչը իր որոշման մեջ կոնկրետ որևէ փորձագետի անուն չի նշում, ապա նման պայմաններում փորձագիտական հիմնարկի կամ տվյալ ստորաբաժանման պետի կողմից որոշվում է թե այդ փորձաքննությունը որ փորձագետը պետք է կատարի։ Հիշյալ Օրենսգրքի Հոդված 248-ի 2-րդ կետի համաձայն փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է ՀՀ Քրեական Դավարության Օրենսգրքի Հոդված 85-ի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին և միաժամանակ նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խոսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին։ Փորձագետը կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն թե´ փորձագիտական հիմնարկի ղեկավարը, և թե´ տվյալ ստորաբաժանման պետը իրավունք չունեն փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և կատարվելիք հետևությունների բովանդակությունը[1]։

Համաձայն ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 249-ի[5] պահանջների, եթե փորձաքննությունը կատարվելու է փորձագիտական հիմնարկից դուրս, ապա քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո իր մոտ է կանչում այն անձին կամ անձանց, ում հանձնարարված է փորձաքննության կատարումը (աուդիտորներ)։ Կանչելու նպատակն է, որպեսզի նախաձեռնողը հավաստիանա տվյալ անձի կամ անձանց ինքնուրույնության և անկողմնակալության մեջ, ինչպես նաև պարզում է փորձագետի հարաբերությունները կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, դատավա-րության այլ մասնակիցների հետ և ստուգում է թե չկա՞ն արդյոք փորձագետին բացարկ հայտնելու հիմքեր։

Տվյալ դեպքում դատական մարմնի և աուդիտորական ընկերության միջև կնքվում է պայմանագիր, որում ներկայացվում է`

  1. վեճի առարկան,
  2. կողմերի պատասխանատվությունը,
  3. պահանջ առ այն, որ փորձաքննության անցկացման ընթացքում հաշվապահական փաստաթղթերի և այլ անհրաժեշտ տեղեկատվության ստացման համար կողմերի կողմից խոչընդոտումներ չլինեն,
  4. փորձաքննության անցկացման արժեքը, ինչպես նաև վճարման կարգը և այլ կետեր[1]։

Պայմանագրում առանձին կետով նաև առկա պետք է լինի պայմանավորվածություն այն մասին, անհրաժեշտության դեպքում գործին կարող են ներգրավվել այլ փորձագետներ կամ մասնագետներ` խիստ նեղ մասնագիտական հարցերին պարզաբանումներ տալու համար։

Փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին կայացրած որշումը, բացատրում է ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի Հոդված 85-ի նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին։ Նշված գործողությունները կատարելու մասին քննիչը կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում է փորձագետը և հաստատվում է քննիչի կողմից։ Տվյալ արձանագրության մեջ նշվում են նաև փորձագետի կողմից կատարված միջնորդությունները։ Փորձագետի միջնորդությունը մերժելու մասին փորձաքննություն նշանակած անձը տալիս է պատճառաբանված որոշում[1]։

Դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն խմբագրել

Փորձաքննության արդյունքների համախմբման և ամփոփման փուլում իրականացվում է դրանց խմբավորումն ու փորձագիտական հետազոտման ընթացքում ստացված նյութերի համակարգումը և կազմվում է փորձագետ-հաշվապահի եզրակացությունը։ Փորձագետի եզրակացության կառուցվածքն ու բովանդակությունը պետք է բավարարի հաշվապահական փորձաքննության անցկացման պահանջներին և այդպիսի փորձաքննությունների անցկացման վերաբերյալ այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին[1]։

Առաջադրված նյութերի հետազոտումն ավարտելուց հետո փորձագետ-հաշվապահը եզրակացությունը կազմում է հաշվապահական փորձաքննության անցկացման վերաբերյալ ցուցումներին համապատասխան։

Փորձագետ-հաշվապահի եզրակացությունը կազմված է 3 մասից`

  1. Ներածական,
  2. Հետազոտական,
  3. Հետևություններ[1]։

Եզրակացության ներածական մասն արտացոլում է հաշվապահական փորձաքննության գործընթացը կազմակերպչական փուլում։ Եզրակացության այս մասում ցույց է տրվում թե որտեղ, ում կողմից, ինչ հիմքերի վրա է կատարվել փորձաքննությունը, ով է մասնակցել դրա անցկացման գործընթացին, ինչ նյութեր է փորձագետն ուսումնասիրել, նրա լուծմանը դրված հարցերը։ Եզրակացության այս հատվածում շարադրվում են գործի հանգամանքները, ցույց են տրվում հետազոտման դրված հարցերը։ Նպատակահարմար է ցույց տալ նաև, թե ով է բացատրություններ տվել և տեղեկանքներ ներկայացրել նյութերի գծով։ Գործի էությունը շարադրվում է քննիչի կարգադրությանը համապատասխան կամ փորձաքննությունը նշանակած դատարանի որոշմամբ։ Գործի հանգամանքները շարադրվում են հակիճ, ընդ որում, որոնք կապ ունեն միայն հաշվապահական փորձաքննության հետ։ Փորձագետին առաջադրված նյութերն վերահսկվում են նրա համար, որպեսզի հնարավոր լինի դատել դրանց ամբողջականության վերաբերյալ[1]։

Եզրակացության երկրորդ մասում բնութագրվում է դատական փորձաքննության գործընթացի հետազոտական փուլը։ Հրահանգներին համապատասխան այն շարադրվում է հետևյալ հաջորդականությամբ.

  • փորձագիտական հետազոտման գործընթացն ու նրա արդյունքները,
  • ներկայացված փաստերի գիտական բացատրությունը,
  • փորձաքննության ընթացքում կիրառվող հաշվապահական հետազոտման մեթոդները,
  • նորմատիվային ակտերն (որոշումը, հրամանները, կարգադրությունները, դրանց համարները, ամսաթվերը, անվանումը) ու այն դրույթները, որոնք օգտագործվում են փորձագետի կողմից առաջադրված հարցերի լուծման համար,
  • փորձագետի ներկայությամբ անցկացված հետազոտման արդյունքները (հաշվապահական փաստաթղթերի քննումը, հարցաքննումների ստուգումը և այլն), եթե դրանք անհրաժեշտ են փորձագետի եզրահանգումների հիմնավորման համար,
  • աղյուսակների, գրաֆիկների օգնությամբ հետազոտման արդյունքների խմբավորում[1]։

Փորձաքննության արդյունքների համախմբումն իրականացվում է հաշվապահական փորձաքննության հետազոտությունների խմբավորման մատյանում։ Ներկայացված նյութերի հետազոտումը նկարագրվում է  առաջադրված հարցերին համահունչ։ Մեծ գործերի գծով, երբ մի հարցի հետազոտման հետ մեկտեղ հետազոտվում են նաև մի քանի հատվածներ, ապա բնութագրումը տրվում է ըստ հատվածների։

Եզրակացության ամփոփիչ մասը կազմվում է փորձագետի կողմից հաշվապահական փորձաքննության որոշմանը դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխանի ձևով։ Եթե փորձագիտական հետազոտումը չի հաստատել վերահսկման կամ հաշվապահական հաշվառման տվյալների արդյունքները, ապա փորձագետը պարզաբանում է անհամապատասխանության պատճառները` հիմնվելով այլ ապացույցների վրա։ Դատահաշվապահական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության դեպքերում առաջանում են այնպիսի իրավիճակներ, որոնց միջոցով միանշանակ հնարավոր չէ որոշել պատճառված վնասի չափը։ Այդ դեպքերում փորձագետը կազմում է հաշվարկների մի քանի տարբերակներ և դրանք ներկայացնում եզրակացության հետ միասին[1]։

Փորձագետ-հաշվապահի եզրակացության մեջ չպետք է լինեն այնպիսի տերմիններ, ինչպիսիք են. «ծառայողական դիրքի չարաշահում», «անփութություն», «կողոպուտ», «յուրացում», «մեղավորություն», «դիտավորություն», «հափշտակում» և այլն։ Նա պետք է սահմանափակվի այնպիսի տերմիններով, ինչպիսիք են. «պակասորդ», «ավելցուկ», «պատասխանատվություն» և այլն[1]։

Իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ միջոցառումները հիմնավորվում են փորձագետ-հաշվապահի կողմից եզրակացության հետազոտական մասում, իսկ կոնկրետ առաջարկություններն արվում են եզրակացության հետևություններ բաժնում։

Եզրակացությանը կից ներկայացվում են տեղեկագրեր, աղյուսակներ, գրաֆիկներ, գծապատկերներ, որոնք մանրամասնեցնում են փորձագիտական հետազոտումը և կոնկրետացնում փորձաքննության արդյունքները։ Յուրաքանչյուր հավելված ստորագրվում է փորձագետի կողմից, զետեղվում է փորձագիտական հիմնարկի կնիքով և համարվում է փորձագետի կողմից կազմված եզրակացության անբաժանելի մասը, որոնց հիման վրա տրվում են եզրահանգումներ։ Եզրակացությանը կից հավելվածներ հիմնականում տրվում են կողոպուտների վերաբերյալ հարուցված բարդ գործերի դեպքում[1]։

Փորձագետ-հաշվապահն եզրակացությունը կազմում է ինքնուրույն, առանց որևիցե մեկի միջամտության և այն ստորագրում է միայն նա։ Եզրակացության մեջ պետք է տրված լինեն հստակ և հասկանալի պատասխաններ առաջադրված հարցերին։ Այնտեղ անթույլատրելի են ենթադրություններն ու հակասող եզրահանգումները։

Քննիչը (դատարանը) չի կարող պահանջել եզրակացության վերաձևակերպում միայն այն բանի համար, որ համաձայն չէ փորձագետի կողմից կատարած եզրահանգումների հետ։ Նա իրավունք ունի առաջարկել վերաձևակերպել, փոխել կամ լրացնել եզրակացությունը, որը կարող է մեկնաբանվել զանազան կերպ[1]։

Դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը կարող է իրավապահ մարմինների համար իրականության գլխավոր ապացույց հանդիսանալ միայն այն ժամանակ, երբ այն հիմնված է գիտական հետազոտությունների արդյունքների վրա` պահպանելով կազմակերպության հաշվապահական հաշվառման դրվածքը և ֆինանսատնտեսական գործունեության նորմատիվա-իրավական կարգավորումը, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամի իրավական ապահովվածությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 Բայադյան, Աննա (03/05/2023թ․). «Դատահաշվապահական փորձաքննություն ։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությամբ ուսանողների համար» (PDF). library.asue.am. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարան. Վերցված է 03/05/2023թ․-ին.
  2. «Փորձաքննությունների ազգային բյուրո». www.nbe.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  4. «Փորձաքննությունների ազգային բյուրո` «Մեր մասին» բաժին». www.nbe.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.