Դաշնամուրային սոնատ No. 11 (Մոցարտ)

Սոնատ դաշնամուրի համար No. 11, A մաժոր, կազմված է երեք մասից։ Հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։ Երրորդ մասն առավել հայտնի է «Թուրքական մարշ» վերնագրով, սակայն կոմպոզիտորը երբեք այդպես չի անվանել այս ստեղծագործությունը։ Նա այն կոչել է «Ռոնդո՝ թուրքական ոճով»։ Հայտնի չէ, թե Մոցարտը որտեղ և երբ է գրել սոնատը, սակայն հրապարակվել է 1783 թվականին Վիեննայում։

Դաշնամուրային սոնատ No. 11
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Գործողությունների քանակ3 movement
Ստեղծման տարեթիվ1770
Կատալոգի համար331/300i
Հրատարակման տարեթիվ1784
Տոնայնությունլյա մաժոր
 Piano Sonata No. 11, K 331 Վիքիպահեստում

Ավստրիացիները և թուրքական զինվորական նվագախումբը խմբագրել

Մոցարտի ապրած ժամանակաշրջանում Թուրքիան (կոչվում էր Օսմանյան կայսրություն) և Ավստրիան (գերմ.՝ Kaisertum Österreich, Արևելյան կայսրություն - հենց այսպես է թարգմանվում պետության անվանումը գերմաներենից) վաղեմի և ոխերիմ թշնամիներ էին և ընդմիջումներով միմյանց դեմ պայքարում էին XVI դարից մինչև XVIII-ի վերջը։ Թուրք-ավստրիական պատերազմները տեղի են ունեցել 1521, 1526, 1529, 1532-1533, 1540-1547, 1551-1562, 1566-1568, 1592-1606, 1660-1664, 1683-1699, 1716-1718, 1727-1739, 1788-1791 թվականներին, ընդ որում, 1529 և 1683 թվականներին թուրքերը նույնիսկ պաշարման մեջ առան Վիեննան։

Սակայն, չնայած այդպիսի մշտական թշնամությանը, ավստրիացիները մեծապես հետաքրքրված էին թուրքական մշակույթով, որն ներառել էր կայսրության տարածքում գտնվող տարբեր հնագույն ժողովուրդների մշակույթները, և թուրքական երաժշտությամբ՝ մասնավորապես։ Առաջին անգամ ավստրիացիներին 1699 թվականին բախտ վիճակվեց ծանոթանալ թուրքական երաժիշտների նվագին, երբ Վիեննա էր ժամանել թուրքական պատվիրակություն՝ տոնելու համար Կարլովիցկի հաշտության պայմանագրի կնքումը, որը վերջ դրեց երկու կայսրությունների միջև արդեն 16 տարի ընթացող պատերազմին։ Թուրքական պատվիրակության անվտանգությանը հսկում էին ենիչերիները։ Նրանց ուղեկցում էր ենիչերիական զինվորական նվագախումբը, որը մի քանի անգամ հրապարակային համերգ տվեց Վիեննայի բնակչության համար։

Ավստրիացիներն այնքան էին ոգևորվել ենիչերիական նվագախմբի կատարումերից, որ ավստրիացի շատ երաժիշտներ փորձում էին թուրքական երաժշտությունը հարմարեցնել եվրոպական նվագարաններին։ Նույնիսկ ի հայտ եկան կեղծ թուրքական նվագախմբեր, որտեղ բնիկ ավստրիացիները հագնում էին ենիչերիական զգեստներ և նվագում Թուրքիայից բերված նվագարաններով։ Եվ ոչ մի հերթական թուրք-ավստրիական պատերազմ ի զորու չեղավ նվազեցնել ավստրիացիների հետաքրքրությունը թուրքական երաժշտության նկատմամբ։ Բանը հասավ այնտեղ, որ 1741 թվականին ավստրիական կառավարությունը դիմեց թուրքական կառավարությանը՝ խնդրելով թուրքական նվագարաններ ուղարկել՝ կայսերական պալատական նվագախմբի համար։ Երաժշտական գործիքներն ուղարկվեցին։ Բացի դրանից, Ավստրիայում սկսել էին դաշնամուրները պատրաստել, այսպես կոչված, «ենիչերիական ոտնակով», որը թույլ էր տալիս մոտավորապես վերարտադրել թուրքական թմբուկի ձայնը։

Ենիչերիական նվագախմբի նվագարանները խմբագրել

 
Մեհմեդ II Ֆաթիհը մտնում է Կոստանդնուպոլիս: Հեղինակ՝ Ժան Ժոզեֆ Բենժամեն Կոնստանա:

Թուրքերի ենիչերիական նվագախմբի ոճը կոչվում է «մեհտեր», նվագախումբը՝ «մեհտեր թաքիմը»։ Նրանում ընդգրկված են հետևյալ նվագարանները. թուրքական մեծ թմբուկ, փոքր թմբուկներ, բորու (թուրքական պղնձափողային նվագարան), ծնծղաներ, կոս (հսկայական լիտավր), զուռնա (ֆլեյտայի արևելյան տարբերակը), եռանկյունի և չեվգեն (այն իրենից ներկայացնում է ձողիկ, որից կախված են տարբեր մեծության զանգեր)։ Այդ նվագախմբերի կազմում եղել են 9-ից մինչև 100 երաժիշտներ, իսկ 1453 թվականին, երբ սուլթան Մեհմեդ II-ն իր շքախմբի հետ հանդիսավորապես մտավ գրավված Կոստանդնուպոլիս, նրան ուղեկցում էր հսկայական նվագախումբ՝ կազմված 300 երաժիշտներից։

Ավստրիացիների հետաքրքրության պատճառը թուրքական երաժշտությամբ խմբագրել

Ի՞նչն էր ավստրիացիներին այդքան գրավել ենիչերիական երաժշտության մեջ. առաջին հերթին՝ իրենց համար անսովոր հնչողությամբ։ Եթե համեմատելու լինենք Մոցարտի «Թուրքական մարշը», որ շատ նման է իրական ենիչերիական մարշերին՝ քայլերգերին, իսկույն կնկատեք, որ դրանք ամենաքիչն են նման եվրոպական սովորական մարշերին։ Այն շատ աշխույժ, կենսուրախ ու զվարթ երաժշտություն է, և դժվար է պատկերացնել, որ նրա հնչյունների ներքո հնարավոր է անցնել շարային երթով։ Եվ հիրավի, ենիչերիները երբեք երաժշտության ներքո շարային երթով չէին քայլում։ Նրանք նվագում էին ճակատամարտից առաջ, դրա ընթացքում՝ բարձրացնելու համար զինվորների մարտական ոգին, հաղթական ավարտից հետո՝ տոնելու համար այն, ինչպես նաև հանդիսավոր ընդունելությունների ժամանակ։ Շքերթների ժամանակ ենիչերիները պարզապես քայլում էին՝ հաճախ բացականչելով «Ռահիմ Ալլահ, Քյարըմ Ալլահ» (Աստված գթասիրտ է, Աստված առատաձեռն է) և այդ կանչերին համապատասխան ռիթմով ոտքերը հարվածում գետնին։

Ի տարբերություն եվրոպական նվագախմբերի, ենիչերիականը երբեք չէր նվագում ընթացքի ժամանակ, այլ կանգնում էին շուրջանակի, կամ կիսալուսնաձև։ Ապա տեղի էր ունենում հետևյալ արարողակարգը. թմբուկի զարկերի ներքո ասպարեզ էր մտնում մեհտերբաշին (նվագախմբի ղեկավարը) և կանգնում կենտրոնում։ Թմբուկը լռում էր, և մեհտերբաշին աջ ձեռքը դնելով կրծքին, ողջունում էր «Մերհաբա, էյ մեհտերան» (Ողջույն, երաժիշտներ)։ Երաժիշտները նույնպես աջ ձեռքերը դնելով կրծքներին, կանչում էին. «Մերհաբա, մեհտերբաշի աղա» (Ողջույն, պարոն մեհտերբաշի)։ Դրանից հետո ղեկավարը արտասանում էր այն մեղեդու անունը, որը պետք է կատարվեր, ապա հրամայում էր. «Նվագել մաքուր, սկսել Աստուծով»։ Նվագախումբը կատարում էր առաջին մեղեդին, որից հետո ղեկավարը հատուկ աղոթք էր կարդում։ Եվրոպացու համար այս արտասովոր արարողությունը և անսովոր երաժշտությունը այնքան զորեղ տպավորություն էին թողնում ավստրիացիների ու մյուս եվրոպացիների վրա, որ նույնիսկ, երբ 1826 թվականին սուլթան Մահմուդ II-ը լուծարեց ենիչերիական կորպուսը՝ նվագախմբի հետ և արգելեց «մեհտեր» ոճի երաժշտությունը, Եվրոպայում շարունակում էին հանդես գալ ենիչերիական նվագախմբերը ընդհուպ մինչև XIX դարավերջ։

Մոցարտի ստեղծագործությունը խմբագրել

1783 Մոցարտը գրեց Սոնատ դաշնամուրի համար No. 11, A մաժոր ստեղծագործությունը, որը բաղկացած էր երեք մասից.

  1. Andante grazioso
  2. Menuet
  3. Rondo Alla Turca (Ռոնդո՝ թուրքական ոճով. ռոնդոն երաժշտական ստեղծագործության կառուցվածքային ձև է)։

Այս վերջին մասում Մոցարտը փոխադրեց թուրքական զինվորական նվագախմբային երաժշտությունը դաշնամուրային հնչողության, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ թուրքական ոճով երաժշտությունը լսել ցանկացած տանը, որտեղ կար դաշնամուր՝ առանց հավաքելու ենիչերիական մեծ նվագախումբ։ Հասկանալու համար, թե ինչպիսի հնչողություն են ունեցել ենիչերիական մարշերը, պետք է պատկերացնել, թե ինչպես կհնչեր Մոցարտի այս ստեղծագործությունը ենիչերիական նվագախմբով։ Հենց որ ավստրիացի երաժիշտները սկսեցին նվագել այս ստեղծագործությունը, իսկույն դեն նետեցին սոնատի առաջին և երկրորդ մասերը ու շատ արագ մոռացան դրանց գոյության մասին՝ որպես ամպիտան գրվածքներ։ Փոխարենը երրորդ մասը՝ "Rondo Alla Turca"-ն ձեռք բերեց մեծ ժողովրդականություն։ Ուստի երաժիշտներն ու ունկնդիրները, կարծես գալով ընդհանուր համաձայնության (բայց առանց հեղինակին հարցնելու), սկսեցին այն անվանել «Թուրքական մարշ»։ Այդ անվանումը ձուլվեց Մոցարտի ստեղծագործությանը և ընդունվեց բոլորի կողմից։ Ավստրիացիները ջերմորեն ընդունեցին այս ստեղծագործությունը, քանի որ իրենց հիշեցնում էր ենիչերիական նվագախմբի կատարումները, որոնցով այնքան հետաքրքրված էին իրենք։

Հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվեր Մոցարտը, եթե իմանար, որ իր "Rondo Alla Turca" ստեղծագործությունը հետագայում անվանեցին «Թուրքական մարշ»։ Կյանքի վերջին տարիներին Մոցարտը շատ էր աշխատում՝ այդ ընթացքում ստեղծելով բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ։ Եվ «Թուրքական ռոնդոն» նա երբեք չէր անվանում իր ամենանշանակալի ստեղծագործությունը։ Սա միայն մի փոքրիկ դրվագ էր նրա ահռելի ստեղծագործական ժառանգության մեջ։

Աղբյուրներ խմբագրել