Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձան (Ազով)

Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Григорию Мирошниченко), գրող Գրիգորի Իլյիչ Միրոշնիչենկոյի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազով քաղաքում։

Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱզով
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Памятник Г. И. Мирошниченко в Азове

Պատմություն խմբագրել

Ազով քաղաքի պատվավոր քաղաքացի, գրող Գրիգորի Իլյիչ Միրոշնիչենկոն ծնվել է 1904 թվականի հունվարի 9-ին Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանի Ստեպանո-Եֆրեմովսկայա գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում։ 10 տարեկանում գումար է վաստակել` մաքրելով Պյատիգորսկի երկաթուղային կայարանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին, տասնվեց տարեկանում, եղել է հեծելազորային գնդի հրամանատար, մասնակցել է սպիտակ շարժման զորքերի դեմ մարտերին։

Կարմիր բանակի հետ պատերազմն անցել է Կուբանից մինչև Իրանի սահմանները։ Իր կյանքը նա նկարագրել է ինքնակենսագրական «Յունարմիա» գրքում։

Քաղաքացիական պատերազմից հետո Գրիգորի Միրոշնիչենկոն աշխատել է փականագործ Նևիննոմիսկ կայարանի դեպոյում։ 1922 թվականին ընդունվել է կոմերիտմիություն, հետո` կոմունիստական կուսակցություն։ Դեպոյում ստեղծել է կոմերիտական բջիջ։ Պայքարել է բանդիտության դեմ` անդամակցելով հատուկ նշանակության միավորումներին։ Ծանոթ է եղել գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու հետ։ Դա էլ կանխորոշել է Գրիգոր Միրոշնիչենկոյի ճակատագիրը։

1930-ական թվականներին նա մեկնել է Լենինգրադ և ընդունվել սովորելու Կոմբուհ։ 1935 թվականին ավարտել է ուսումը, զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Հրատարակվել են նրա հետևյալ գրքերը. «Հրացաններ», «Զառիթափ ափեր» և «Յունարմիա»։ Գրել է վիպակներ. «Նավաստի Նազուկինը», «Հանուն հեղափոխության» և «Տանկիստ Դուդկոն»։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է ռազմաճակատներում։ Եղել է Բալթյան նավատորմի ռազմական խորհրդին կից գրողների օպերատիվ խմբի պետի տեղակալ, «Կրասնոզնամյոննի Բալտիյսկի ֆլոտ» թերթի գրական բաժնի պետ։ Լենինգրադում գրել է բալթիացի ծովայինների մասին «Գվարդիայի գնդապետ Պրեոբրաժենսկին» գիրքը։ 1949 թվականին լույս է տեսել նրա «Ազով» եռերգության առաջին գիրքը։ 1960 թվականին լույս է տեսել երկրորդ գիրքը՝ «Ազովի պաշարումը»։ 1985 թվականին գրողի մահվան պատճառով եռերգությունը մնացել է անավարտ։

Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձանը տեղադրվել է Ազովի բերդապատնեշի հետնամասում՝ նրա գերեզմանի վրա։ Գրիգորի Միրոշնիչենկոն գրել է կտակ, համաձայն որի՝ նա ցանկացել է, որ իր աճյունը թաղվի Ազովում։ Նրա այդ ցանկությունը կատարվել է քաղաքի վարչակազմի կողմից։ Նրա գերեզմանին կառուցված հուշարձանը կամարով աղյուսե դարպաս է։ Հուշարձանի երկու կողմերում տեղադրված են XVIII դարի թնդանոթների նմանակներ։

Աղբյուրներ խմբագրել