Գլուխ ու մրգի զամբյուղ (իտալ.՝ Testa reversibile con cesto di frutta), Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo) նկարը այսպես կոչված շրջունների շարքից, որը նա ստեղծել է շուրջ 1590 թվականին։ Նկարվել է յուղաներկով փայտե վահանակի վրա։ Այս ստեղծագործությունը Շվեդիայի աճուրդում հայտնվել է 1999 թվականին։ Հավանաբար, ավելի վաղ նկարը գտնվել էր Ռուդոլֆ Երկրորդի հավաքածուում, բայց այնտեղից գողացել էին շվեդական զորքերը 1648 թվականին՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ։ Ներկայում պահվում է French & Company թանգարանում (Նյու Յորք)։ Նկարի չափերը՝ 56 × 42 սմ[1]։

Գլուխ և մրգի զամբյուղ
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի16-րդ դար
բարձրություն56 սանտիմետր
լայնություն42 սանտիմետր
հավաքածուFrench and Company?
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

1562 թվականին Արչիմբոլդոն 36 տարեկանում սկսել է աշխատել Վիեննայի Հաբսբուրգների պալատում որպես պալատական դիմանկարիչ։ Նկարիչը մուտք է գործել հասարակական միջավայր, որը լի էր մտավորականներով։ Նա շրջապատված էր պալատական բժիշկներով, բուսաբաններով, աստղագուշակներով և ալքիմիկոսներով։ Այն դարձել է պարարտ հող նկարչի ստեղծագործական փորձերի համար։ Արչիմբոլդոն հայտնի է դարձել ծովային էակների, կաթնասունների կամ բույսերի («Տարվա եղանակներ» և «Չորս տարերքներ» շարքեր) միջոցով մարդկանց տարօրինակ դիմանկարներ ստեղծելու իր ունակության շնորհիվ։ Այս հմտությանն ավելացել է նաև «շրջուն» նկարներ («Խոհարար», «Գլուխ և մրգի զամբյուղ», «Այգեպան») ստեղծելու ունակությունը՝ նատյուրմորտներ, որոնք շրջված վիճակում ընկալվում են որպես դիմանկարներ։

«Գլուխ և մրգի զամբյուղ» նկարն Արչիմբոլդոն ստեղծել է անսովոր տեսողական սրամտությամբ։ Ի սկզբանե աշխատանքը թվում է ոչ այլ ինչ, քան շատ ռեալիստական մրգային նատյուրմորտ։ Նկարում պատկերված ՝ հյուսած զամբյուղ, որի մեջ խնամքով դասավորված են հասած խնձորներ, տանձ, խաղողի ողկույզներ և այլ մրգեր։ Հետին պլանում ամբողջ կոմպոզիցիան երանգավորում է բաց գույնի մեծ ափսեն։ Բայց նկարը 180 աստիճանով պտտելու դեպքում դիտողի առաջ հայտնվում է զվարճալի դիմանկար, որն ունի խաղողից փարթամ մազերով և հյուսված գլխարկ։ Նրա դեմքը ամբողջությամբ կազմված է մրգերից. այտերը կազմել են երկու հասուն կարմիր խնձորները, քիթը՝ մեծ տանձ, նուռը հանդես է գալիս կզակի դերում, շուրթերը հասունացած բալեր են, մեկ աչքը պատրաստված է ձիթենուց, իսկ մյուսը՝ շագանակից։ Բաց գույնի ափսեն դարձել է օձիք։

Կտավը ստեղծվել է հատուկ տեսողական պատրանք հրահրելու համար, որը ստիպում է մրգերով զամբյուղը ընկալել որպես տղամարդու դիմանկար։ Սովորաբար մարդը արագ և առանց ջանքերի նույնականացնում է դեմքը։ Տեսողական պատկերի ձևավորումը մարդկային ուղեղի գործունեության անբաժանելի մասն է[2]։ Արչիմբոլդոն հաճախ է օգտագործվել այս տեսակի հոգեբանական հնարք՝ ստեղծելու համար մարդաբանական նատյուրմորտներ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ARCIMBOLDO, Giuseppe. Reversible Head with Basket of Fruit». WEB GALLERY of ART. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Зрительные иллюзии: психологические механизмы и модели». Московский государственный университет имени М.В.Ломоносова. Факультет психологии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.