Գիտահանրամատչելի կինոնկար

Գիտահանրամատչելի կինոնկար, գիտական կինոյի տեսակ, որը մատչելի ձևով շարադրում է գիտության և տեխնիկայի նվաճումները, ցուցադրում և դյուրմբռնելի բացատրում սակավ հայտնի, դիտարկման տեսակետից բարդ գիտական փորձերը, բնության հազվագյուտ երևույթները, վավերացնում ժողովուրդների մշակութային կյանքի նշանակալից դրվագները։ Զարգացումը սերտ կապված է գիտության ու կինեմատոգրաֆիայի ընդհանուր զարգացման հետ։ Սովետական գիտահանրամատչելի կինոնկարի նշանավոր ռեժիսորներից են Վ․ Շնեյդերովը, Ա․ Զգուրիդին, Բ․ Դոլինը, Ֆ․ Սոբոլնը, Ցու․ Ալդոխինը։ Հայաստանում գիտահանրամատչելի կինոնկարների արտադրությունը կատարում է Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան, որն առավելապես իրականացվում է գիտաարտադրական հիմնարկներից ստացվող պատվերների ճանապարհով։ Գիտահանրամատչելի կինոնկարներ են ստեղծել ռեժիսորներ Ա․ Մանարյանը («Բյուրականի աստղադիտարանը»), Ջ․ ժամհարյանը («Նորը շինարարության մեջ»), Ե․ Մանարյանը («Դեղերի ծնունդը»), Գ․ Բալասանյանը, Ս․ Առաքելյանը և ուրիշներ։ Տարածելով գիտության նվաճումները՝ Գիտահանրամատչելի կինոնկարները հանդիսատեսի մեջ դաստիարակում են մատերիալիստական աշխարհայացք, գեղագիտական ճաշակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 78 CC-BY-SA-icon-80x15.png