Գերմանա-հայկական ընկերություն
Գերմանա-հայկական ընկերություն, հասարակական կազմակերպություն։ Հիմնվել է Գերմանիայում 1914 թ., արևմտահայերին օգնություն կազմակերպելու նպատակով։ 1894-96 թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում առաջացրին տարբեր երկրների առաջադեմ մտավորականության ցասումն ու զայրույթը։ Շատ ականավոր գործիչներ դատապարտեցին խաղաղ հայ բնակչության նկատմամբ թուրքական բարբարոսական քաղաքականությունը, հանդես եկան ի պաշտպանություն հայ այրիների ու որբերի։ Գերմանիայում կազմակերպվեցին հայերի օգնության ընկերություններ, մեկը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Էռնստ Լոհմանի նախաձեռնությամբ, մյուսը՝ Ֆրիզդորֆում` դոկտոր Յո. Լեփսիուսի ղեկավարությամբ։ Այդ ընկերություններն Արևմտյան Հայաստանում հիմնեցին մի շարք որբանոցներ, Ուրֆայում՝ գորգի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին հայ այրիները։ Յո. Լեփսիուսի նախաձեռնությամբ ընկերությունները միավորվեցին Գերմանա-հայկական ընկերության մեջ։
1914 թ. հունիսին Բեռլինում տեղի ունեցավ ընկերության առաջին նիստը, որտեղ ընկերության նախագահ ընտրվեց Յոհաննես Լեփսիուսը, տեղակալներ՝ Պաուլ Ռորբախը և Ջեյմս Գրինֆիլդը, գործավարներ՝ Է. Շտիրը և Ա. Իսահակյանը։ Գերմանա-հայկական ընկերության խնդիրներն էին՝ գերմանահայկական մշակութային կապերի զարգացումը, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի ծանոթացումը գերմանական հասարակության։ 1914 թ. ամռանը լույս է տեսել ընկերության «Մեսրոպ» ամսագիրը՝ գերմ. և հայերեն (հրատարակվել է մեկ համար)։
Գերմանական դիվանագիտությունն ի սկզբանե ձգտում էր Գերմանա-հայկական ընկերությունն օգտագործել իր նպատակների համար։ Կ. Պոլսում գերմանական դեսպանությունն ընկերության ղեկավարությանն առաջարկեց ազդել արևմտահայերի վրա՝ լոյալ դիրք գրավելու թուրքական կառավարության նկատմամբ։ Ընկերության ղեկավարությունը համաձայնեց դրա հետ՝ պատերազմի ավարտից հետո Արևմտյան Հայաստանում նախատեսված ռեֆորմների իրականացման համար գերմանական կառավարությունից պաշտոնական երաշխիք ստանալու պայմանով։ Պարտավորության (որը, սակայն, մնաց թղթի վրա) տակ ստորագրեց Գերմանիայի արտաքին գործերի պետական քարտուղարի օգնական Ցիմերմանը։ Երբ Թուրքիայի ղեկավարները սկսեցին հայերի ջարդն ու տեղահանությունը, ընկերության նախագահ Յո. Լեփսիուսը մեկնեց Կ. Պոլիս, հանդիպեց էնվեր փաշայի հետ, պահանջեց դադարեցնել հայերի զանգվածային կոտորածները, բայց ստացավ կտրական մերժում։ Վերադառնալով Բեռլին՝ 1915 թ. հոկտեմբերի 9-ին Գերմանա-հայկական ընկերության ժողովում հաղորդում տվեց արևմտահայության ցեղասպանության և տեղահանության մասին։ Ժողովի մասնակիցները նամակ հղեցին Գերմանիայի կանցլերին՝ խնդրելով արգելել հայության նկատմամբ կիրառվող վայրագությունները։ Սակայն խնդրանքը մնաց անպատասխան, գերմանական կառավարությունը չձեռնարկեց որևէ միջոց։ 1918 թ. ապրիլի 22-ին ընկերությունը դիմում հղեց ռայխստագին՝ պահանջելով ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ հայերի ցեղասպանությանը վերջ տալու համար։ Այս դիմումը ևս մնաց անհետևանք։
Գերմանա-հայկական ընկերությունը նշանակալի գործ կատարեց՝ հավաքելով և հրապարակելով փաստաթղթեր Թուրքիայում հայերի կացության, ցեղասպանության, այդ խնդրում Գերմանիայի դերի ու դիրքորոշման վերաբերյալ։ Ընկերությունը գոյատևեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։
Գրականություն
խմբագրել- Lepsius J, Zum Gedachtnis, Potsdam, 1926.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 41)։ |