Գառնիկ Իսահակյան

հայ մանկավարժ, լրագրող, տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Դրաստամատի Իսահակյան (1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1983), հայ մանկավարժ, լրագրող, տնտեսագետ։ Փոխգնդապետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Գառնիկ Իսահակյան
Ծնվել է1908
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1983
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ, լրագրող և տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Գառնիկ Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Թբիլիսի քաղաքում։ Ավարտել է տեղի 76-րդ հայկական դպրոցը, 1926 թվականին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի Անդրկովկասի պետպլանին կից ասպիրանտուրան, երեք տարի անց՝ 1933 թվականին անցել է կուսակցական աշխատանքի ՀԿԿ Կենտկոմում, միևնույն ժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1939-1941 թվականներին եղել է պետպլանի բաժնի վարիչ[1]։

Պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել է ճակատ, ծառայել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 675-րդ գնդում, որպես կուսկազմակերպության քարտուղար, մարտնչել է թշնամու դեմ Հյուսիսային Կովկասի քաղաքների և գյուղերի ազատագրման համար։ 1943 թվականի մարտին Իսահակյանը նշանակվել է 409-րդ դիվիզիայի հայերեն նոր լույս տեսնող «Խորհրդային ռազմիկ» թերթի խմբագիր, որը եղել է Հարավ-արևմտյան, ապա 2-րդ ուկրաինական ռազմաճակատի օրգանը։ 1944 թվականին Թամանում և Ղրիմում Սևծովյան բանակի մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մարտական մեդալներով և գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[1]։

Պատերազմի ավարտից հետո փոխգնդապետ Իսահակյանը դասավանդել է ռազմագիտություն։ Աշխատանքին զուգահեռ 1952 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[1]։

1955 թվականին Իսահակյանը զորացրվել է բանակից և նշանակվել «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1955-1960 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, իսկ մահից առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում[1]։

Գառնիկ Իսահակյանը մահացել է 1983 թվականին[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Սովետական Հայաստանը հետպատերազմյան հնգամյակում։ Դասախոսական սղագրություն։ Քաղաքական և գիտական գիտելիքների ընկերություն Հայկական ԽՍՀ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1950[2]։
  • Սովետական Հայաստան։ Համառոտ պատմա-տնտեսական ակնարկ։ Երևան, Հայպետհրատ, 1958 (համահեղինակ)[3]։
  • Արդյունաբերության հիմնական ֆոնդերը և նրանց օգտագործման բարելավումը։ Երևան, Հայաստան, 1966[4]։
  • Աշխատանքի արտադրողականությունը և նրա բարձրացման ուղիները։ Երևան, Հայաստան, 1967 (համահեղինակ)[5]։
  • Խիզախ բազեն։ Երևան, Հայաստան, 1989 (համահեղինակ)[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Իսահակյան, Գառնիկ Դրաստամատի (1950). Սովետական Հայաստանը հետպատերազմյան հնգամյակում։ Դասախոս. սղագր. Քաղաքական և գիտական գիտելիքների ընկերություն Հայկական ՍՍՌ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
  3. Իսահակյան, Գառնիկ Դրաստամատի (1958). Ղուկասյան, Գ (ed.). Սովետական Հայաստան։ Համառոտ պատմա-տնտեսական ակնարկ. Երևան: Հայպետհրատ.
  4. Իսահակյան, Գառնիկ Դրաստամատի (1966). Արդյունաբերության հիմնական ֆոնդերը և նրանց օգտագործման բարելավումը. Տնտեսագիտական գրադարան. Երևան: Հայաստան.
  5. Իսահակյան, Գառնիկ Դրաստամատի (1967). Համբարձումյան, Հ Հ (ed.). Աշխատանքի արտադրողականությունը և նրա բարձրացման ուղիները. Երևան: Հայաստան.
  6. Իսահակյան, Գառնիկ Դրաստամատի (1989). Խիզախ բազեն. Հայաստան. ISBN 978-5-540-00152-6.