Գայլն ու գառը (նկար)
Գայլն ու գառը[1], առակի պատկերազարդում, Փոլատի լավագույն ստեղծագործություններից է, որն ստեղծված է չոր ասեղի տեխնիկայով։ Գեղարվեստական հարուստ միջոցներով ստեղծված այս գործը առակների պատկերազարդման գլուխգործոցներից է։
Գայլն ու գառը | |
---|---|
տեսակ | Պատկերազարդում և փորագրություն |
նկարիչ | Տիգրան Փոլատ |
բարձրություն | 19, 27,8 |
լայնություն | 13,5, 20,4 |
ժանր | փորագրություն |
նյութ | թուղթ, չոր ասեղ, օֆորտ |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն խմբագրել
Առվակի վերևում հայտնված գայլը մեղադրում է առվակից ներքև ջուր խմող գառնուկին, որն իբր պղտորում է իր ջուրը և այդ պատրվակով ուտում է իր զոհին։
Հարազատ մնալով առակի հիմքում դրած գաղափարին, որ «միշտ հզոր իրավունքն է զորավոր», Փոլատն այլափոխել է կենդանիներին՝ գայլի փոխարեն պատկերելով մի ահազդու ծերունու, որը, թաքնված թփերի հետևում, գաղտագողի հետևում է լողանալու պատրաստվող մանկամարդ աղջկան։ Մինչ ծերուկը չռած աչքերով աղջկան էր հետևում, աղջիկը կծկվել էր ափին և ամոթխածորեն շապիկով ծածկում էր իր մերկությունը։ Աղջիկը ներկայացված է անօրինակ գեղեցկությամբ, քնքուշ, փխրուն, կուսական անբիծ մաքրությամբ, անմեղ տեսքով՝ նման հին առասպելներում ներկայացված չքնաղ հավերժահարսերի
Մտահղացում և գեղարվեստական մարմանավորում խմբագրել
Փոլատը հնարամիտ մտահղացումով կերպարանափոխելով կենդանիներին՝ հարստացրել է առակի բովանդակությունը՝ ընթերցողին համակելով անմոռաց տպավորությամբ։ Փոլատը մնացել է առակի ոգուն հարազատ՝ ստեղծելով կենդանիներին համանշանակ մարդկային կերպարներ և օժտելով նրանց առակի իմաստին համապատասխան հոգեբանական ապրումներով՝ պատշաճ բծախնդրությամբ համազոր դարձնելով նրանց ֆիզիկական նկարագիրը։
Կերպարներ խմբագրել
Պատկերազարդման մեջ ծերունին ներկայացված է դարանակալ գիշատչի նման, որը պատրաստ է հարձակվելու աղջկա վրա։ Նա ունի կոպիտ արտաքին։ Աղջիկը ներկայացված է գեղեցիկ, համաչափ, նուրբ, ողորկ, դյուրաթեք մարմնով։ Նա ունի մեղմ արտաքին, օգնության կարոտ է և գտնվում է անելանելի վիճակում։ Չոր ասեղի տեխնիկայի մշակման հնարավորությունները հասցված են իրենց սահմանին հատկապես աղջկա մարմնի մշակումով։ Աննշան քանակությամբ նուրբ գծիկների միջոցով գերազանցորեն է պատկերված նրա մարմինը՝ պահպանելով մարմնի ծավալները, ստեղծելով հմայիչ կերպար։ Պղնձի մակերեսին թռչկոտող ասեղի հետքերը ճշմարտացիորեն արտահայտում են կանաչապատ առվակի թափանցիկությունը և առաջ բերում բնության կարոտի զգացում [2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ « Փոլատ Տիգրան Պետրոսի | Գայլն ու գառը (ինվենտար համար` 19271) - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987