Բռնաբարությունը Հայոց ցեղասպանության ժամանակ

Հայոց ցեղասպանության ժամանակ, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Միություն և առաջադիմության ղեկավարության ներքո, հայ կանայք Օսմանյան կայսրությունում դարձել են ցեղասպանական բռնաբարությունների և կանանց նկատմամբ բռնության այլ գործողությունների համակարգված արշավի թիրախ, որոնց գիտնականները անվանում են՝ «ցեղասպանության գործիքներ», ներառյալ մարդկանց առևանգումը, բռնի մարմնավաճառությունը, սեռական խեղումը և բռնի ամուսնությունը հանցագործների խմբի հետ[Ն 1][3]:

Young Armenian woman looking to the side
Արմին Վեգների նկարագրությունը՝ «Ձեզ է նայում Բաբեշիայի մուգ [և] գեղեցիկ դեմքը, որին քրդերը կողոպտեցին, բռնաբարեցին և ազատ արձակեցին միայն տասն օր անց. թուրք զինվորները, սպաները և ժանդարմները հարձակվեցին այս բաղձալի որսի վրա, ինչպես վայրի գազանը։ Բոլոր հանցագործությունները, որոնք երբևէ կատարվել են կանանց դեմ, կատարվել են այստեղ: Նրանք կտրել են նրանց կուրծքը, խեղել վերջույթները, իսկ նրանց մերկ, պղծված կամ շոգից սևացած դիակները փռել են դաշտերում»[1]:

Տրապիզոնում Գերմանիայի հյուպատոս Հենրիխ Բերգֆելդը զեկուցել է «կանանց և աղջիկների բազմաթիվ բռնաբարությունների մասին», մի հանցագործություն, որը նա համարել է «հայերի գործնականում ամբողջական բնաջնջման» ծրագրի մաս։ Ցեղասպանության ժամանակ բռնաբարության համակարգված կիրառման մասին վկայել են թուրք, ամերիկացի, ավստրիացի և գերմանացի վկաներն ու պաշտոնյաները[4]։

Նախապատմություն խմբագրել

1850 թվականից մինչև 1870 թվականը Հայոց պատրիարքը 537 նամակ է հանձնել Բարձրագույն Դռնապանին՝ խնդրելով օգնել հայերին պաշտպանելու բռնի չարաշահումներից և սոցիալական ու քաղաքական անարդարություններից, որոնց ենթարկվել են։ Նա խնդրել է ժողովրդին պաշտպանել «գողական ավազակությունից, սպանությունից, կանանց և երեխաների առևանգումից և բռնաբարությունից, բռնագրավող հարկերից և տեղական պաշտոնյաների կողմից խարդախությունից ու շորթումից»[5]:

Իրավական համակարգի շրջանակներում հայկական համայնքներն ունեցել են իրենց բանտերն ու դատական համակարգերը և կարողցել են քաղաքացիական գործեր վարել քրիստոնյաների և մահմեդականների միջև առկա խնդիրների համար։ Իսլամական դատաիրավական համակարգում, սակայն, հայերը ոչ մի միջոց չեն ունեցել։ Մուսուլմանին թույլատրվել է պահանջել լսումներ կրոնական դատարանում, որտեղ ոչ մուսուլմանների ցուցմունքները գրեթե չեղարկվել կամ քիչ արժեք են ունեցել։ Այն ամենը, ինչ պետք է աներ մահմեդականը գործը հարթելու համար՝ Ղուրանի վրա երդվելն էր։ Այդ պատճառով հայերը, ինչպես նաև մյուս զիմմիները, քիչ հույսեր են ունեցել դատական համակարգի մեջ։ Ըստ Փիթեր Բալաքյանի, «լավ զինված քուրդը կամ թուրքը կարող էր ոչ միայն գողանալ իր [հայ] տանտիրոջ ունեցվածքը, այլև կարող էր անպատիժ բռնաբարել կամ առևանգել տան կանանց և աղջիկներին»։ [6] «Գողությունների և շորթումների, ինչպես նաև հայ կանանց բռնաբարության և առևանգման ծավալները, որոնք թույլատրված էին օսմանյան այս իրավական համակարգով, հայերին մշտական վտանգի տակ էին դնում»[7]:

1895 թվականին Ֆրեդերիկ Դևիս Գրինը հրատարակեց «Հայկական ճգնաժամը Թուրքիայում։ 1894 թվականի կոտորածը, դրա նախորդներն ու նշանակությունը»։ Գրքում նշվել է այն փաստը, որ տղամարդկանց սպանել են առանց ինչ-որ պատճառի, մինչդեռ կանայք և երեխաները ենթարկվել են սարսափելի սեռական ոտնձգությունների[8]: Մի դեպքում նա նկարագրել է՝

Շատ կանայք, որոնց թիվը տարբեր գնահատականներով կազմում էր 60-ից մինչև 160, փակեցին եկեղեցում, իսկ զինվորներին «բաց թողեցին» նրանց մեջ։ Շատերը այնքան վիրավոր էին, որ կարճ ժամանակ անց մահացան, իսկ մնացածներին ուղեկցվեցին սուրով և սվիններով։ Երեխաներին իրար ետևում էին դնում, և մի փամփուշտ արձակում, ըստ երևույթին, որպեսզի տեսնեն, թե քանի հոգու կարելի է մեկ փամփուշտով պառկեցնել։ Նորածիններին ու փոքր երեխաներին իրար վրա էին հավաքում և կտրում գլուխները[8][9]։

1915 թվականի ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել։ Բրիտանական ռազմածովային կամավորական ծառայության հրամանատար Չ. Հիթքոթ Սմիթի կողմից ձեռք բերված փաստաթուղթը, որը կոչվում է «Տասը պատվիրանները», մանրամասն նկարագրում է, թե ինչպես պետք է իրականացվեր ցեղասպանությունը։

  1. Օգտվելով 3-րդ և 4-րդ Միության և Առաջադիմության կոմիտեների գործողություններից՝ պետք է փակել բոլոր հայ հասարակությունները և ձերբակալել բոլոր նրանց, ովքեր երևէ ընդդիմացել են կառավարությանը։ Նրանց պետք է ուղարկել Բաղդադի կամ Մոսուլի նման նահանգներ և հենց ճանապարհին, կամ տեղում էլ սպանել բոլորին
  2. Հավաքել զենք
  3. Համապատասխան և հատուկ միջոցներով հրահրել մուսուլմանական կարծիքը այնպիսի վայրերում, ինչպիսիք են Վանը, Էրզրումը, Ադանան, որտեղ հայերը փաստացի արդեն նվաճել են մուսուլմանների ատելությունը, հրահրել կազմակերպված զանգվածային սպանություններ։
  4. Էրզրումի, Վանի, Մումուրեթ ուլ Ազիզի և Բիթլիսի նման նահանգներում պետք է իշխանությունը թողնել ժողովրդի ձեռքում և օգտագործել այնպիսի ռազմակարգապահական ուժեր (ժանդարմերիա), որոնք իբրև թե օգնում են դադարեցնել զանգվածային սպանությունները, ընդ որում այնպիսի վայրերում ինչպիսիք են Ադանան, Սիվասը, Բրուսան, Իսմիդթը և Սմիրնան ժողովուրդը ակտիվորեն օգնում է մահմեդական զինվաժ ուժերին։
  5. 50 տարեկանից ցածր բոլոր տղամարդկանց, քահանաներին և ուսուցիչներին ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել, աղջիկներին և երեխաներին թողեք իսլամացման համար։
  6. Վերցրեք բոլոր նրանց ընտանիքները, ովքեր կկարողանան փրկվել, և քայլեր ձեռնարկել, որպեսզի կտրվի նրանց հայրենի վայրի հետ ցանկացած կապից։
  7. Այն հիմքով, որ հայ պաշտոնյաները կարող են լրտեսներ լինել, վտարել նրանց բացարձակապես բոլոր պետական հաստատություններից կամ պաշտոններից։
  8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում գտնվող բոլոր հայերին։
  9. Բոլոր գործողությունները պետք է սկսվեն միաժամանակ և, այդպիսով, ժամանակ չթողնեն պաշտպանական միջոցառումների նախապատրաստման համար։
  10. Ուշադրություն դարձնել այս հրահանգների խիստ գաղտնի բնույթին, որոնք չեն կարող տարածվել երկու-երեք հոգուց այն կողմ[10]։

Ցեղասպանությունը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո։ Թուրքիայի զինված ուժերում ծառայող հայերը հեռացվել և սպանվել են։ Հայ խաղաղ բնակչությունը ուղարկվել է հարկադիր երթերի։ Գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկայում Գերմանական կայսրության կողմից կիրառվող ցեղասպանական մարտավարության նման ռազմավարությամբ հայերին տարել են դեպի անապատ։ Երթի ընթացքում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները պարբերաբար ենթարկվել են բռնաբարության, անդամահատման և խոշտանգումների։ Հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել այդ հարկադիր երթերի ժամանակ[11]:

Բռնաբարությունը որպես ցեղասպանություն խմբագրել

Հայոց ցեղասպանության ժամանակ լավ փաստագրված են եղել երիտասարդ աղջիկների բռնաբարության դեպքերը, աղջիկները հարձակման են ենթարկվել իրենց տներում՝ նախքան հարկադիր վերաբնակեցումը կամ Սիրիական անապատ հարկադիր երթերի ժամանակ։ Ականատեսներից մեկը վկայել է՝ «Նրանց համար սովորական էր բռնաբարել մեր աղջիկներին մեր ներկայությամբ։ Շատ հաճախ նրանք բռնաբարում էին ութ կամ տասը տարեկան աղջիկներին, և արդյունքում նրանցից շատերը չէին կարողանում քայլել և գնդակահարվում էին»։ Մեկ ուրիշը վկայում է, որ իր գյուղի տասներկու տարեկանից բարձր յուրաքանչյուր աղջիկ, և որոշ ավելի երիտասարդներ բռնաբարվել են[12]:

Կանայք ենթարկվել են խմբակային բռնաբարության, իսկ հետո հաճախ ինքնասպան եղել։ Երբ տղամարդկանց բաժանվել են կանանցից, կանայք պարբերաբար բռնաբարվել են, ապա սպանվել երեխաների հետ միասին[13][14]: Ըստ ականատեսների վկայությունների՝ բռնաբարության պրակտիկան «քիչ թե շատ համընդհանուր է եղել»[15]: Հայերը «հաճախ սպանում էին դաժանության փառատոններում, որոնք ներառում էին բռնաբարություններ և խոշտանգումների այլ ձևեր»[16]: Կանայք բռնաբարվել են ամեն օր, և շատերին ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Շատերը սպանվել են սվիններով կամ մահացել են հիպոթերմիայից կամ երկարատև սեռական բռնությունից[17]:

2008 թվականին Ա.Դիրկ Մոզեսը ցեղասպանությունը բնութագրել է որպես «ընդհանուր սոցիալական պրակտիկա»[18]: Այս համատեքստում բռնաբարությունը կարող է դիտվել որպես ցեղասպանության անբաժանելի մաս։ Ցեղասպանությունները սովորաբար ենթադրում են հարձակումներ զոհերի ընտանեկան դերերի վրա, որոնց միջոցով նրանք նպաստում են թիրախային խմբի վերարտադրմանը, ինչպես ընկալվում է հանցագործների կողմից։ Բոլոր ցեղասպանությունների միջև ընդհանրություններն են՝ ծնողների աչքի առաջ մանուկների սպանությունը, ընտանիքի անդամների կողմից կանանց բռնի բռնաբարությունը և վերարտադրողական համակարգերի խախտումն ու անդամահատումը[19]:

Դեպքեր խմբագրել

Ըստ Թաներ Աքչամի, հարկադիր մարմնավաճառությունը, բռնաբարությունը և սեռական ոտնձգությունները լայն տարածում են գտել։ Դեր Զորում գերմանական զինված ուժերի անդամներն օգնել են հասարակաց տուն բացել։ Ցեղասպանության ողջ ընթացքում տղամարդկանց լիակատար ազատություն է տրվել հայ կանանց հետ անել այն ամենը, ինչ իրենց ցանկացել են։ Հայ կանայք և երեխաները մերկ ցուցադրվել են Դամասկոսի աճուրդներում, որտեղ նրանց վաճառել են որպես սեքս-ստրուկ։ Հայ կանանց թրաֆիքինգը՝ որպես սեքս ստրուկներ, եկամտի կարևոր աղբյուր է եղել ուղեկցող զինվորների համար։ Արաբական շրջաններում ստրկացած հայ կանանց վաճառվել են ցածր գներով։ Մոսուլում գերմանական հյուպատոսը հայտնել է, որ հայ կնոջ համար առավելագույն գինը եղել է «5 պիաստր» է (այն ժամանակ մոտ 20 փենս ստեռլինգ)[20]:

Կարեն Եփփեն, որը աշխատել է Հալեպի Ազգերի Լիգայում և փորձել է ազատել տասնյակ հազարավոր առևանգված կանանց և երեխաներին, 1926 թվականին հայտարարել է, որ հազարավոր կանանցից, որոնց հետ նա զրուցել է, միայն մեկն է եղել որը սեռական բռնության չի ենթարկվել[21]։

Ցեղասպանության ժամանակ Հալեպում Գերմանիայի հյուպատոս Ռեսլերը ասել է, որ երիտասարդ կանանց մոտ մեկ քառորդը, որոնց արտաքինը «քիչ թե շատ հաճելի էր», պարբերաբար բռնաբարվել են զինվորների կողմից, իսկ «ավելի գեղեցիկ» կանայք բռնության են ենթարկվել 10-15 տղամարդկանց կողմից[22]։

Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը, որը գաղթել է ԱՄՆ՝ փախչելով Եվրոպայով, հանրության ուշադրությանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժամանակ զանգվածային բռնաբարությունների պատմությունը իր 1918 թվականի «Հոշոտված Հայաստան» հուշագրության միջոցով, որը հիմք է հանդիսացել 1919 թվականի «Հոգիների Աճուրդ» համր ֆիլմի համար։ Նրա պատվին անվանվել է Ավրորա մրցանակը։

Ռազմական հանցագործությունների դատավարություններ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բրիտանացիները ճնշում են գործադրել սուլթանի վրա, որպեսզի դատի տան Միության և առաջադիմության կոմիտեի ղեկավարությանը մարդկության դեմ հանցագործությունների համար։ Մինչև 1919 թվականի ապրիլը ձերբակալվել է ավելի քան 100 թուրք պաշտոնյա։

Տրապիզոնի ոստիկանապետ Նուրիի տված ցուցմունքում ասվում է, որ նա երիտասարդ աղջիկներին որպես նվեր է ստացել Միություն և առաջադիմություն կենտրոնական կոմիտեին գեներալ նահանգապետից։ Մեհմեդ Ալի անունով մի վաճառական վկայել է, որ Կարմիր մահիկի հիվանդանոցում ոչ միայն երեխաներ են սպանվել, այլև բռնաբարել են երիտասարդ աղջիկներին, և որ գեներալ նահանգապետը տասնհինգ աղջիկ է պահել այնտեղ՝ իր սեռական բավարարվածության համար։ Ռազմական սպա հասան Մարուֆը բրիտանացիներին վկայել է, որ «Տրապիզոնի պետական պաշտոնյաները լավագույն ընտանիքներից ընտրել են ամենագեղեցիկ հայ կանանց։ Այն բանից հետո, երբ նրանք կատարել են իրենց գործողությունները, նրանք հրամայել են սպանել նրանց[23]»:

Դատարանը մեղավոր ճանաչեց Յոզգաթի շրջանի փոխնահանգապետ Մեհմեդ Քեմալ բեյին սպանության և հարկադիր վերաբնակեցման մեջ՝ նա դատապարտվել է մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Ոստիկանության հրամանատար, մայոր Թևֆիկ բեյը նույնպես մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման՝ ծանր աշխատանքով[24]:

Նշումներ խմբագրել

  1. Կանանց նկատմամբ բռնությունը եղել է Հայոց ցեղասպանության Կենտրոնական հատկանիշն։ Հայաստանի ղեկավարության և զորակոչային տարիքի տղամարդկանց սպանությունից հետո օսմանյան իշխանությունները և իթթիհադականների կողմնակիցները Անատոլիայից ողջ մնացած հայերին արտաքսել են Սիրիական անապատ:[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ihrig, Stefan (2016). Justifying Genocide: Germany and the Armenians from Bismark to Hitler (անգլերեն). Harvard University Press. էջեր 200–201. ISBN 978-0-674-50479-0.
  2. Derderian, 2005, էջեր 1–25
  3. Miller, Miller, էջ 24
  4. Dadrian, 2008, էջ 83
  5. Balakian, 2004, էջ 37
  6. Balakian, 2004, էջ 42
  7. Balakian, 2004, էջ 41
  8. 8,0 8,1 Balakian, 2004, էջ 64
  9. Jacobs, 2003, էջեր 129–130
  10. Dadrian, 1993, էջեր 174–175
  11. Ball, 2011, էջ 18
  12. Smith, 2013, էջ 94
  13. Joyce Frey, 2009, էջ 80
  14. Monroe, 2011, էջ 14
  15. Theriault, 2007, էջ 30
  16. Theriault, 2007, էջ 29
  17. Khosroeva, 2007, էջ 280
  18. Moses, 2008, էջ 13
  19. Von Joeden-Forgey, 2010, էջ 72
  20. Akçam, 2012
  21. Bjørnlund, 2011, էջ 24
  22. Gust, Wolfgang (2013). The Armenian Genocide: Evidence from the German Foreign Office Archives, 1915-1916. Berghahn Books. էջեր 26–7. ISBN 9781782381433.
  23. Dadrian, 2008, էջեր 83–84
  24. DeLaet, 2005, էջեր 162–163

Գրականություն խմբագրել

  • Akçam, Taner (2012). The Young Turks' Crime against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire. Princeton University Press. ISBN 978-0691153339.
  • Balakian, Peter (2004). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. Harpercollins. ISBN 978-0060558703.
  • Ball, Howard (2011). Genocide A Reference Handbook. ABC-CLIO. ISBN 978-1-59884-489-4.
  • Bjørnlund, Matthias (2011). «'A Fate Worse Than Dying': Sexual Violence during the Armenian Genocide». In Dagmar Herzog (ed.). Brutality and Desire: War and Sexuality in Europe's Twentieth Century. Palgrave Macmillan. ISBN 978-0230285637.
  • Dadrian, Vahakn N. (1993). «The Secret Young-Turk Ittihadist Conference and the Decision for the World War I Genocide of the Armenians». Holocaust and Genocide Studies. Oxford University Press. 7 (2): 173–201. doi:10.1093/hgs/7.2.173.
  • Dadrian, Vahakn N. (2008). «The Armenian Genocide: an interpretation». In Jay Winter (ed.). America and the Armenian Genocide of 1915. Cambridge University Press. էջեր 52–102. ISBN 978-0521071239.
  • DeLaet, Debra (2005). The Global Struggle for Human Rights. Wadsworth Publishing. ISBN 978-0534635725.
  • Derderian, Katharine (2005). «Common Fate, Different Experience: Gender-Specific Aspects of the Armenian Genocide, 1915-1917». Holocaust and Genocide Studies. 19 (1): 1–25. doi:10.1093/hgs/dci001. PMID 20684092.
  • Herzog, Dagmar (2011). Sexuality in Europe: A Twentieth-Century History. Cambridge University Press. ISBN 978-0521691437.
  • Jacobs, Steven L. (2003). «Raphael Lemkin and the Armenian Genocide». In Richard G. Hovannisian (ed.). Looking Backward, Moving Forward: Confronting the Armenian Genocide. Transaction. էջեր 125–136. ISBN 978-0765805195.
  • Joyce Frey, Rebecca (2009). Genocide and International Justice. Facts On File. ISBN 978-0816073108.
  • Khosroeva, Anahit (2007). «The Assyrian Genocide in the Ottoman Empire and Adjacent Territories». In Richard G. Hovannisian (ed.). The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies. Transaction. էջեր 267–290. ISBN 978-1412806190.
  • Miller, Donald Earl; Miller, Lorna Touryan (1999). Survivors: An Oral History of the Armenian Genocide. University of California Press. ISBN 978-0520219564.
  • Monroe, Kristen R. (2011). Ethics in an Age of Terror and Genocide: Identity and Moral Choice. Princeton University Press. ISBN 978-0691151434.
  • Moses, A. Dirk (2008). A. Dirk Moses (ed.). Empire, Colony, Genocide: Conquest, Occupation, and Subaltern Resistance in World History. Berghahn. ISBN 978-1845454524.
  • Nabti, Najwa (2016). «Legacy of Impunity: Sexual Violence against Armenian Women and Girls during the Genocide». The Armenian Genocide Legacy (անգլերեն). Palgrave Macmillan UK. էջեր 118–133. ISBN 978-1-137-56163-3.
  • Smith, Roger W. (2013). «Genocide and the Politics of Rape». In Joyce Apsel, Ernesto Verdeja (ed.). Genocide Matters: Ongoing Issues and Emerging Perspectives. Routledge. էջեր 82–105. ISBN 978-0415814966.
  • Theriault, Henry C. (2007). «Rethinking Dehumanization in Genocide». In Richard G. Hovannisian (ed.). The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies. Transaction. էջեր 27–41. ISBN 978-1412806190.
  • Von Joeden-Forgey, Elisa (2010). «Gender and Genocide». In Donald Bloxham, A. Dirk Moses (ed.). The Oxford Handbook of Genocide Studies. Oxford University Press. էջեր 61–80. ISBN 978-0199232116.