Բնապահպանական վերահսկողություն

Բնապահպանական վերահսկողություն, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհների (ներառյալ անտառները ու բնության հատուկ պահպանվող և ընդհանուր օգտագործման տարածքները) պահպանության, դրանց վերականգնման, բնական պաշարների խելամիտ օգտագործման, ինչպես նաև կենսաբանական անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ճառագայթաակտիվ աղտոտվածության, բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվարկման, վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բնագավառներում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում։ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին։

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

Բնապահպանական վերահսկողության նպատակներն ու խնդիրներն են շրջակա միջավայրի, բնական պաշարների պահպանության և խելամիտ օգտագործման բնագավառներում բնապահպանական օրենսդրության չափորոշիչների կատարման վերահսկողությունը, իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապահովումը, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելումը և նվազեցումը։

Բնապահպանական վերահսկողության հիմնական բնագավառներն են՝

  1. մթնոլորտային օդի պահպանությունը,
  2. ջրային պաշարների պահպանությունն ու օգտագործումը,
  3. հողերի պահպանությունը,
  4. ընդերքի պահպանությունը և օգտագործումը,
  5. բուսական և կենդանական աշխարհների պահպանությունը և օգտագործումը,
  6. վտանգավոր և ճառագայթաակտիվ նյութերի արտադրության և կենցաղային թափոնների տեղադրման, վնասազերծման և հեռացման ոլորտները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։