Բզզաններ (լատին․՝ Syrphidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 120 տեսակ՝ տարածված ամենուրեք։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Միջին մեծության կամ խոշոր ճանճեր են, արտաքին տեսքով՝ նման կրետներին, մեղուներին։ Մարմնի երկարությունը 5-15 (հազվադեպ՝ 25) մմ է։ Մարմինը վառ գունավորված է կամ սև, որոշ տեսակներինը թավշոտ է՝ պատված խիտ մազիկներով։ Դեմքի վրա կան լավ զարգացած ելուններ։ Բեղիկները 3-հատվածանի են, վերջին հատվածը կրում է մազանման հավելված։ Փորը վերևից հաճախ բծերով է։ Հասուն բզզանները հիմնականում ապրում են ծաղիկների վրա, սնվում ծաղկափոշով ու նեկտարով։ Թրթուրների մարմնի ձևն ու կենսակերպը խիստ բազմազան են։ Որոշ տեսակների թրթուրները սնվում են լվիճներով, որոշներն ապրում են բույսերի ցողուններում, սոխուկներում, կան նաև տիղմի և ջրի մեջ ապրողներ։

Տնտեսական նշանակություն

խմբագրել

Հայաստանում կարևոր նշանակություն ունի սոխի բզզանը (Eumerus strigatus), որի վնասակարությունը հայտնաբերված է Արարատյան դաշտում, լուրջ վնաս է հասցնում սոխի, սխտորի, գազարի, ճակնդեղի և կարտոֆիլի պալարներին։ Թրթուրները (մինչև 100) հայտնվում են վնասված սոխուկներում։ Ճանճերի առաջին սերնդի թռիչքը սկսվում է հունիսի սկզբին և շարունակվում է 1 ամիս։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Էգերը ձվադրում են փոքր կույտերով՝ սոխուկների և դրանց մոտիկ հողի վրա։ Հարսնյակավորվում են հողում։ 2-րդ սերնդի թռիչքը՝ հուլիսի վերջից սեպտեմբեր։ Տարեկան տալիս են 3 սերունդ։ Հասունի մարմնի երկարությունը 58 մմ է։ Դեմքը բեղիկների տակ խորացած չէ։ Փորիկը թույլ արտահայտված մոխրագույն բծերով է։ Թրթուրի գլխի հատվածում կան լավ արտահայտված ծնոտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզզաններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզզաններ» հոդվածին։