Բեննի Հիլլ (անգլ.` Benny Hill, իրական անունը` Ալֆրեդ Հոութորն Հիլլ, հունվարի 21, 1924(1924-01-21)[1][2], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - ապրիլի 20, 1992(1992-04-20)[3][1][2], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, կատակերգակ։ Ամբողջ աշխարհում հայտնի «Բեննի Հիլլի շոուն» ակնարկային սերիալի հեղինակն է։

Բեննի Հիլլ
անգլ.՝ Benny Hill
Ծնվել էհունվարի 21, 1924(1924-01-21)[1][2]
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 20, 1992(1992-04-20)[3][1][2] (68 տարեկան)
Մահվան վայրԹեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանHollybrook Cemetery
ԿրթությունBournemouth School? և Richard Taunton Sixth Form College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոդերասան, երգիչ, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
bennyhill.org

Կենսագրություն

խմբագրել

Բեննի Հիլլը ծնվել է Սաութհեմփթոնում ` Առաջին համաշխարհային պատերազմի մասնակցի ընտանիքում, որտեղ բացի նրանից մեծանում էին ավագ եղբայրը և կրտսեր քույրը։ Նրա հայրը բժշկական խանութի բաժնետեր էր։ Այդ խանութում վաճառվում էին նաև պահպանակներ, որի պատճառով դպրոցում Բեննիին հաճախ ծաղրում էին։ Ի պատասխան նա կատակներ էր անում և հորինում բազմաբնույթ հումորներ։

Իր բեմական անունը նա վերցրել է ամերիկյան կատակերգու Ջեկ Բեննիի պատվին։ Կատակերգության հանդեպ սերը նա ժառանգել էր պապից, ով նրան մանկության տարիներին մշտապես ուղեկցել է տարբեր թատերական և երգիծական ներկայացումների։ Դպրոցում նա ակտիվորեն մասնակցում էր նմանատիպ ներկայացումների և դիմակահանդեսների։ Հետագայում պապը նրան տեղավորեց կատակերգական թատերախմբում ` որպես դերասան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանակում ծառայելուց հետո, նա վերադարձել է Լոնդոն և սկսել հաջողությամբ ելույթ ունենալ տարբեր շոուներում և ռադիոբեմադրություններում։ Այդ տարիներին նա ելույթ էր ունենում «Աստղերը համազգեստով» ներկայացումում։ 1949 թվականին նրան հրավիրեցին հեռուստատեսություն` «Ողջույն բոլորին» շոուն ներկայացնելու։

1955 թվականին առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Բեննի Հիլլի շոուն» հումորային ակնարկ-շոուն։ Այնտեղ նա հանդես էր գալիս ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես ռեժիսոր, երաժիշտ և երգերի հեղինակ։ 30 տարի շարունակ այդ հաղորդումը ամբողջ աշխարհում ամենահանրահայտ հումորային շոուն էր և նույնիսկ հիմա շատ հեռուստաալիքներ գնում են այն ցուցադրելու իրավունքը։ 1971 թվականին «Բեննի Հիլլի շոուն» արժանացել է Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգևին՝ լավագույն ժամանցային հաղորդում անվանակարգում։

Նրա ակնարկները ոչ միայն կենցաղային թեմաներով էին, այլ այնտեղ առկա էին նաև երգիծանքի և սուր ու մերկացնող ծաղրի բաղադրատարրեր։ Օրինակ «Հանցագործությունը չի պարգևատրվում», «Տարվա չարագործը. հանցագործներին պարգևատրելու արարողությունը», «Հաշիվ» ակնարկներով նա ծաղրում էր ոստիկանության աշխատանքային թերությունները։ «Վեսթմինսթերյան զվարճաբաններ» և «Վեսթմինսթերյան հիմարություններ» ակնարկներում նա ծաղրում էր այն ժամանակվա քաղաքական գործիչներին, որոնց թվում էին Մարգարետ Թետչերը, Ջոն Փաուելը, Հարոլդ Վիլսոնը և ուրիշներ։ 1980-ական թվականներին շատ երկրներում մարդիկ կրկնում էին իրենց սիրելի հեռուստահերոսի շարժումներն ու դիմախաղերը, իսկ ամերիկյան ոստիկանները պատվի էին առնում, ինչպես նրա կերտած կերպարներից մեկը՝ Ֆրեդ Սկատլը, ափը դեպի վեր։

30 տարվա ստեղծագործական աշխատանքից հետո Բեննի Հիլլի մոտ ճգնաժամ սկսվեց։ Փողոցում նրան հանդիպելով մարդիկ ծիծաղում էին նրա վրա, ծաղրում էին և զայրացնում, հաճախ կոպտորեն։ Ի վերջո Բեննի Հիլլը իր հաղորդումներում անցում կատարեց դեպի բրիտանական կառավարություն և թագավորական ընտանիք։ Արդյունքում Մարգարետ Թետչերը 1982 թվականին անձամբ կարգադրեց Բեննի Հիլլի յուրաքանչյուր հաղորդում ենթարկել խիստ ու մանրակրկիտ գրաքննության։ 10 տարվա ընթացքում խոտանվեց 150 ժամ տևողությամբ նկարահանված տեսանյութ։ Բեննի Հիլլը վերջնականապես ընկճվեց, դարձավ ինքնամփոփ, սկսեց տրվել ալկոհոլին և ընկավ ծանր դեպրեսիայի մեջ։ Այդ ժամանակ նա հարձակումների ենթարկվեց նույնիսկ շատ դերասանների կողմից, ովքեր հետագայում, նրա մահից հետո, զղջում էին իրենց խոսքերի համար։ 1991 թվականին «Բեննի Հիլլի շոուն» վերջնականապես փակվեց։

Բեննի Հիլլը նկարահանվել է նաև «Ով է դա արել» (1956 թ.), «Լուսավորիր երկինքը» (1960 թ.), «Ամառային գիշերվա երազը» (1964 թ.), «Օդային արկածներ» (1965 թ.), «Կողոպուտ իտալական ձևով» (1969 թ.) և այլ կինոնկարներում։

Անձնական կյանքը

խմբագրել

Չնայած իր շոուի հսկայական հաջողությանը և կուտակած ահռելի կարողությանը (1988 թվականին նրա հաշվին կար 10 միլիոն ֆունտ), Բեննի Հիլլը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Իր կյանքում նա սիրահարվել է երկու անգամ և երկու անգամ էլ մերժում է ստացել։ Նա նույնիսկ բնակարան և անձնական ավտոմեքենա չուներ։ Այն հարցին, թե ինչու չի ամուսնանում, նա պատասխանել էր. «Ինչու գնել մեկ գիրք, երբ կարելի է օգտվել մի ամբողջ գրադարանից»։ Բեննի Հիլլը իրականում բարդույթավորված անձնավորություն էր և ի տարբերություն շոուի իր կողմից կերտած կերպարի, իրական կյանքում կանանց հետ շփվել չէր կարողանում։

Շոուի փակվելուց հետո, դերասանը տրվել էր ալկոհոլին։ Նրա մոտ ի հայտ եկան սրտի հետ կապված խնդիրներ և հևոց։ 1992 թվականի փետրվարին ինֆարկտի պատճառով նա հայտնվեց հիվանդանոցում։ Նրան առաջարկվեց սրտի վիրահատություն, սակայն նա հրաժարվեց։ Հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց նրա մոտ հայտնաբերվեց երիկամային անբավարարություն։ Հիվանդանոցում նրան այցելության էր եկել Մայքլ Ջեքսոնը։ Համաձայն երգչի խոսքերի, նա հիվանդանոց էր եկել միայն նրա համար, որպեսզի Հիլլին հայտնի, որ նրան համարում է թիվ 1 կատակերգուն ամբողջ աշխարհում։

1992 թվականի ապրիլի 20-ին Բեննի Հիլլը մահացել է սրտի նոպայից։ Համաձայն նրա կազմած կտակի, իր կարողությունը պետք է ժառանգեին ծնողները։ Սակայն նրա ծնողները արդեն մահացած էին։ Մահացել էին նաև եղբայրն ու քույրը։ Ժառանգությունը բաժանվեց զարմիկների ու զարմուհիների միջև։

Բեննի Հիլլի մահից ութ տարի անց բրիտանական կառավարությունը որոշում կայացրեց ցուցադրել շոուի նախկինում արգելված հատվածները։

Ֆիլմագրության ընտրանին

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1955-1974 ITV Շաբաթվա պիեսը ITV Play of the Week Բոտոմ
1956 Ո՞վ է դա արել Who Done It? Հյուգո Դիլ
1957 Pantomania: Babes in the Wood -
1960 Լուսավորիր երկինքը Light Up the Sky! Սիդ ՄակԳաֆի
1964 Ամառային գիշերվա երազը A Midsummer Night’s Dream Նիկ Բոտոմ
1965 Օդային արկածներ (Այդ հիասքանչ տղամարդիկ իրենց թռչող սարքերով, կամ ես ինչպես թռա Լոնդոնից մինչև Փարիզ` 25 ժամ 11 րոպեում) Those Magnificent Men in Their Flying Machines or How I Flew from London to Paris in 25 hours 11 minutes հրշեջ Պերկինս
1968 Chitty Chitty Bang Bang խաղալիքի վարպետ
1969 Կողոպուտ իտալական ձևով The Italian Job պրոֆեսոր Սայմոն Պիչ
1969 The Waiters Ուայթեր
1970 Eddie in August Էդդի
1992 Զվարճալի գործ Funny Business -
2006 Թեթև ժամանցային պատմություն The Story of Light Entertainment -

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեննի Հիլլ» հոդվածին։