Բաց հասարակության հիմնադրամներ (Հայաստան)

Բաց հասարակության հիմնադրամներ (Հայաստան), Բաց հասարակության հիմնադրամների (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղն է։ Հիմնադրվել է 1997 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Երևանում։ Հիմնադրամը ձգտում է աջակցել տեղական գործընկերներին, որոնք աշխատում են Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության, հաշվետվողականության և թափանցիկության խթանման և պաշտպանության ուղղությամբ։

Պատմություն

խմբագրել

Բաց հասարակության հիմնադրամներ(Հայաստան)-ը իր գործունեությունը սկսել է 1997 թվականին Խորհրդային Միության փլուզումից և Արցախյան Առաջին պատերազմից անմիջապես հետո։ Հիմնադրամն արձագանքել է՝ մարդասիրական օգնություն, սարքավորումներ և տեխնիկա մատակարարելով Հայաստանի դպրոցներին, համալսարաններին, գրադարաններին և առողջապահական հաստատություններին, որոնք պայքարում էին հարմարվելու նոր տնտեսական ճնշումներին[1][2]։ ԲՀՀ-ն 1997 թվականից մինչ օրս Հայաստանին տրամադրել է ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլար[1][3]։

Գործունեություն

խմբագրել

2000-2005 թվականներին հիմնադրամն աջակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացմանը և թվայնացված տեղեկատվությանը 10 հիմնական գրադարաններում, որոնք պարունակում են ավելի քան 1,2 միլիոն մատենագիտական նմուշներ։ ԲՀՀ-ի ֆինանսավորման շահառուներից են Հայաստանի ազգային գրադարանը և Մատենադարանը[4]

2005 թվականի նոյեմբերի 3-ին ԲՀՀ-Հայաստանը կազմակերպեց «Եվրոպական ինտեգրման միջազգային փորձը և Եվրոպական հարևանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համար» համաժողովը Երևանում։ Քննարկման թեմաներն էին Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական ասոցացման զարգացումը և Եվրոպական հարևանության քաղաքականությանը Հայաստանի մասնակցությունը[5]։ 2007–2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո հիմնադրամն օգնել է ավելի քան 65000 հայ ընտանիքների, որոնք կանգնած էին ծանր տնտեսական դժվարությունների առջև[1][6]։

2012 թվականին հիմնադրամն օգնել է Հայաստանի բուհերին կրթական բարեփոխումներ իրականացնել։ 1998-2014 թվականներին Երևանի պետական համալսարանը ԲՀՀ-ից ստացել է 32 դրամաշնորհ՝ ընդհանուր 770267 ԱՄՆ դոլարի չափով։

2013 թվականի հոկտեմբերի 22-ին հիմնադրամը կազմակերպել է ԲՀՀ-Հայաստանի կողմից իրականացված «Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքսը» զեկույցի շնորհանդեսը։ Եվրոպական ինտեգրման ինդեքսի նպատակն է չափել և համեմատել արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման բարեփոխումների տեմպերն ու առաջընթացը։ Ցուցանիշը կոչված է արժեքավոր գործիք դառնալ եվրոպական և ազգային քաղաքականություն մշակողների համար՝ գնահատելու իրենց եվրաինտեգրման առաջընթացը և մրցակցության մթնոլորտ ստեղծել Արևելյան գործընկերության երկրների միջև՝ իրենց բարեփոխումների պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով[7]։

Հիմնադրամը սերտորեն համագործակցել է Առողջապահության նախարարության հետ՝ մասնագետներ պատրաստելու և պալիատիվ խնամքի չափանիշները բարելավելու համար։ Հիմնադրամը նաև աջակցել է համայնքային հոգեկան առողջության հաստատություններին և բանտերում, հոգեբուժարաններում և ծերանոցներում պայմանների բարելավման գործին։ Հայաստանում COVID-19 համաճարակի ժամանակ ԲՀՀ-Հայաստանը տրամադրել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնություն (սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ, ջեռուցում) հասարակության խոցելի խմբերին, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող կամ քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, փախստականների, էթնիկ փոքրամասնությունների, հատուկ կարիքներով երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ԲՀՀ-Հայաստանը տրամադրել է ավելի քան 535,000 ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն պատերազմից տուժած Արցախի խաղաղ բնակչությանն աջակցելու համար։ Հիմնադրամը նաև աջակցել է մարդու իրավունքների պաշտպաններին և իրավաբաններին, որպեսզի հետամուտ լինեն պատերազմական հանցագործությունների զոհերի համար արդարադատության հաստատմանը։ Բացի այդ, հիմնադրամը պարտավորվել է միջազգային ուշադրությունը հրավիրել Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի վրա[8]։

Մինչ օրս հիմնադրամը ներդրել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների աշխատանքին, ներառյալ ընտանեկան բռնության զոհերին շտապ ծառայությունների տրամադրումը[1]։ Հիմնադրամը շարունակում է աջակցել ազատ լրատվամիջոցներին Հայաստանում և տրամադրել է 5 միլիոն դոլար՝ լրագրողներին աջակցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավաքների և խոսքի ազատության պաշտպանության նպատակով[9]։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Բաց Հասարակություն-Հայաստանը համաժողով են անցկացրել՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա կարգավիճակին, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը։

Վերջին շրջանի գործունեություն

խմբագրել

2019 թվականի հունիսի 5-ին գրեթե 70 քաղաքացիական հասարակություններից և ՀԿ-ներից բաղկացած խումբը ստորագրել է հուշագիր՝ աջակցելու ԲՀՀ-Հայաստանի գործունեությանը։ Հուշագրում բարձր են գնահատվել ԲՀՀ-Հայաստանի ջանքերն ու նրա բազմաթիվ ներդրումները։ Կոալիցիան պաշտպանել է 2018 թվականի հայկական հեղափոխության արդյունքները և կոչ արել մեծացնել խոսքի ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանում որոշ ռուսամետ քաղաքական կուսակցություններ, ինչպես՝ Սահմանադրական իրավունքների միությունը, մեղադրեցին Ջորջ Սորոսի ղեկավարած կազմակերպություններին, որ նրանք կանգնած են 2018 թվականի հեղափոխության հետևում։ Ընդդիմադիր որոշ կուսակցություններ մեղադրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջորջ Սորոսի կողմից վերահսկվելու մեջ[10]։

2020 թվականի հունվարի 29-ին ԲՀՀ-Հայաստանի նախկին տնօրեն Լարիսա Մինասյանը մեղադրեց արմատական հակակառավարական ուժերին ԲՀՀ Հայաստանի և նրա տեղական գործընկերների դեմ «աննախադեպ» զրպարտչական արշավ իրականացնելու մեջ։

  Հիմնադրամի և մեր գործընկերների դեմ բավականին երկար ժամանակ տարվում է լայնածավալ հակաքարոզչություն և աննախադեպ ագրեսիվ տեղեկատվական արշավ, որն ուղեկցվում է ատելության խոսքով և հաճախ բռնության բացահայտ կոչերով․․․Նրանք նաև ձգտում են թիրախավորել հանրային վստահությունը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների, օրինական ընտրված Ազգային ժողովի և նրա կողմից ձևավորված կառավարության նկատմամբ։
- Լարիսա Մինասյան, ԲՀՀ-Հայաստանի նախկին տնօրեն
 

Freedom House-ը կոչ է արել Հայաստանի կառավարությանը պաշտպանել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները և քաղաքացիական հասարակությունը, ներառյալ ԲՀՀ-Հայաստանին։

2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ սատարում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող ոչ կառավարական և մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում արգելելուն կամ խստորեն սահմանափակելուն։ Մի քանի այլ ծայրահեղական խմբավորումներ դեմ են հանդես եկել ԲՀՀ-ի բոլոր գործողություններին Հայաստանում[11]։ 2021 թվականի հուլիսի 5-ին Երևանում Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները հանդիպում ունեցան ԲՀՀ Հայաստանի հետ։ Կուսակցության անդամները շնորհակալություն են հայտնել ԲՀՀ-ին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ավանդի համար։

2022 թվականի հունիսին հայ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը դատարանից խնդրեցին փակել ԲՀՀ-Հայաստանը՝ նշելով, որ գրասենյակի գործունեությունը «վտանգում է ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը»[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Open Society Foundations – Armenia | OSF».
  2. «Open Society Foundations Armenia statement». 2020 թ․ հունվարի 29.
  3. «Factor TV (Armenia) Funding from Open Society Foundations (2016-2020) - Infogram». infogram.com.
  4. «Soros, Open Society Foundations and Activities in Armenia». 2019 թ․ մարտի 17.
  5. «T. Davtyan. "Armenia has entered a qualitatively deeper stage in the European integration process». 2022 թ․ հոկտեմբերի 27.
  6. «Open Society Foundations-Armenia executive director Larisa Minasyan stepping down». news.am.
  7. «European Integration Index 2013 Report Released». www.osf.am.
  8. «We will continue to draw the international community's attention to Baku's crimes, ongoing aggression against Artsakh and Armenia». www.aravot.am.
  9. «Open Society Foundations-Armenia organization held 'Challenges of transition to digital broadcasting in Armenia' public event in Congress hotel». www.photolure.am.
  10. «Հայու գենն ավելի պաշտպանված կլինի. "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ" միության հիմնադիր համագումար». www.1lurer.am.
  11. Armenia, Equality. «Know a Homophobe: Artur Danielyan». Equality Armenia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. LLC, Helix Consulting. «Lawyers ask court to shut down Yerevan office of Open Society Foundations». www.panorama.am.

Արտաքին հղումներ

խմբագրել