Բացված գիրք (հուշարձան)
«Բացված գիրք» հուշարձան (ռուս.՝ Памятник «Раскрытая книга»), հուշանշան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Համալսարանի առափնյա փողոցում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շենքի դիմաց։ Հուշարձանի մյուս անվանումն է «Ուղերձ դարերի միջով» (ռուս.՝ «Послание через века»)։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 25-ին, քաղաքի 300-ամյա հոբելյանի և Վասիլիի կղզու շրջանի 265-ամյակի տոնակատարությունների նախօրեին[1]։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°56′20″ հս․ լ. 30°17′54″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Սանկտ Պետերբուրգ |
Կառուցվել է | 2002 |
Շինության ձևը | Հուշանշան |
Կառուցել է | Էվելինա Սոլովյովա Օլեգ Ռոմանով Աբրամ Ռասկին |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՀեղինակներԽմբագրել
Հուշարձանի նախագծի հեղինակներն են Ռուսաստանի նկարիչների միության վարչության անդամ Էվելինա Սոլովյովան, ճարտարապետ Օլեգ Ռոմանովը, արվեստաբան Աբրամ Ռասկինը[2] և «Վերածնունդ» արտադրական միավորումը։
Արտաքին տեսքԽմբագրել
Հուշարձանը պատրաստված է գորշ գրանիտից 365х240х90 սմ չափերի բացված գրքի տեսքով, որի էջերին փորագրված է հատված Ալեքսանդր Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմից։ Մեջբերման վերջում բանաստեղծի ստորագրությունն է[2]։ Քաղաքում շատ բաներ են կապված Պուշկինի հետ։ Գիրքը պատահականորեն չէ բացված. այն նման է երկխոսության հրավերի[3]։
Գիրքն առանց պատվանդանի է, ինչը հուշարձանը դարձնում է մոտ և մատչելի։ Հուշարձանը պատրաստված է գրանիտից, որը շատ ամուր նյութ է։ Քարի ընտրությունը պատահական չէ. Սանկտ Պետերբուրգի եղանակային պայմանները յուրահատուկ են, իսկ գրանիտի հատկություններն այնքան բացառիկ են, որ հուշարձանը կգոյատևի առնվազն 500 տարի[3]։
Գաղափարի հեղինակ արվեստաբան Ա. Գ. Ռասկինը կարծում է, որ այս հուշարձանը Նևայի ափերին կանգնած քաղաքին շատ համապատասխան է։ Գիրքը խորհրդանշում է բարձր մշակույթը, գիտելիքները և իմաստությունը։ Այս բոլոր հատկությունները բնորոշ են Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգին։ Հենց այդ պատճառով հուշարձանն ընտրվել է որպես նվեր քաղաքի 300-ամյակին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Раскрытая книга на Университетской набережной
- ↑ 2,0 2,1 2,2 «Памятник «Послание через века»»։ Վերցված է 2018 Ապրիլ 11
- ↑ 3,0 3,1 «Памятник книге в Санкт-Петербурге»