«Բարև բոլորին», խորհրդային գեղարվեստական ֆիլմ վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի ճակատագրի մասին, որը հիմնականում մտացածին զրուցակիցների հետ նրա մենախոսություններն ու զրույցներն են մահվան նախօրեին։ Ֆիլմը նկարահանել են երկու ռեժիսորների՝ Գիգա Լորթքիփանիձեն և Ամիրան Դարսավելիձեն Վադիմ Կորոստիլյովի սցենարով։ Փիրոսմանիի դերում հանդես է եկել Օթար Մեգվինետուխուցեսին։

Բարև բոլորին
վրաց.՝ გამარჯობა ყველას (ფიროსმანი)
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1980
ՌեժիսորԱմիրան Դարսավելիձե և Գիգա Լորթքիփանիձե
Սցենարի հեղինակՎադիմ Կորոստիլյով
ԴերակատարներՕթար Մեգվինետուխուցեսի
ՕպերատորԼևան Պաատաշվիլի
ԵրաժշտությունJakob Bobokhidze?
Տևողություն150 րոպե
IMDbID 0781028

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է խորհրդային Վրաստանի բնակիչ պատմողի մենախոսությամբ, որը ճանապարհորդում է Փիրոսմանիի հետ կապված վայրերով և մտորում նկարչի ճակատագրի և ուշ ճանաչման արժանանալու մասին։ Թբիլիսիում պատմողը գնում է Մոլոկանների փողոց, որտեղ իր կյանքի վերջին օրերն է անցկացրել Փիրոսմանիին, և մտնում այն նկուղը, որտեղ ապրել է նկարիչը։

Այնուհետև գործողությունը տեղափոխվում է Փիրոսմանիի կյանքի վերջին օրը և տեղի է ունենում հենց այն նկուղում, որտեղ նրան վիճակված էր մահանալ։ Նկարիչն ուժասպառ է և հիասթափված կյանքից։ Նա հիշում է իր կյանքը և մարդկանց արձագանքը իր ստեղծագործության հանդեպ։ Մտքում նա վիճում է այն մարդկանց հետ, որոնք դժգոհ էին այն բանից, որ նրա նկարներն իրենց բոլորովին նման չեն։ Այդ մարդկանց թվում են մի գյուղացի («Հարուստ գյուղացու դիմանկարը»), երեք իշխաններ («Երեք իշխանների խրախճանքը մարգագետնում»), մի ձկնորս («Կարմիր վերնաշապիկով ձկնորսը») և նույնիսկ նրա նախկին սիրեցյալ Մարգարիտան («Դերասանուհի Մարգարիտան»)։ Հանկարծ նկուղում հայտնվում է սպիտակ զգեստով մի երիտասարդ աղջիկ, որը ներկայանում է որպես Իյա։ Այն հարցին, թե ով է նա և որտեղից է գալիս, Իյան պատասխանում է, որ ինքը նկարչի նկարներից է, բայց նա չի նկարել իրեն. նա կամ թաքնված էր խաղողի թավուտներում, կամ հարսանիքի ժամանակ կանգնած է այլ մարդկանց հետևում։ Փիրոսմանին խոսում է իր աղքատության մասին՝ այն ներկայացնելով որպես ամենամեծ հարստություն։ Իյան հանգստացնում է նրան, և նկարիչը քնում է՝ գլուխը դնելով աղջկա ծնկներին։

Փիրոսմանին արթնանում է դռնապանի ձայնից («Դռնապանը»), որը հայհոյում է և արգելում նրան քնել այգու նստարանի վրա։ Իյան վռնդում է դռնապանին և խոսում Նիկոյի հետ։ Տեսնելով, որ նա իրեն լավ չի զգում, աղջիկն առաջարկում է բժիշկ կանչել, սակայն նկարիչը պատասխանում է, թե բժիշկն արդեն գալիս է իր մոտ։ Իսկապես, նրանց մոտով անցնում է բժիշկը («Բժիշկն էշին հեծած»), բայց նա չի մտնում նկարչի մոտ՝ ասելով, թե նա իրեն նկարել է կողքով անցնելիս, և այժմ ինքը գնում է հիվանդի մոտ։ Փիրոսմանին Իյաին պատմում է բժշկի մերժման մասին։ Այնուհետև Նիկոյին թվում է, որ իրեն այցելում է ռուս նկարիչ՝ «Կարմիր ձիու լողացնելը» կտավի հեղինակը։ Նիկոն իրեն ու հյուրին պատկերացնում է դուքանում և հյուրասիրում նրան Միրզաանիից բերված տնական գինով և խորովածով։ Նրանք քննարկում են նկարչի նկարը, բայց երբ Փիրոսմանին խոսում է այն մասին, որ կարմիր ձին գետի ջուրը կարմիր է ներկել, նրա նկարների հերոսները նորից ճչում են՝ մեղադրելով նրան, թե նման բան չի կարող լինել։ Նիկոն կրկին մնում է Իյայի հետ՝ մտածելով այն մասին, թե ինչպես է դասավորվել իր կյանքը։ Նա իրեն համեմատում է որթատունկի հետ, որի մայրը հողն է, իսկ հայրը՝ արևի ճառագայթը, և գինու հետ, որն իրեն առաջարկում է հյուրերին, որպեսզի նրանք վայելեն կյանքը։ Նրա վերջին խոսքերն են. «Թող այս մարդիկ ապրեն և ուրախանան գոնե հազար տարի։ Բարև ձեզ։ Բարև բոլորին»։

Պատմողը դուրս է գալիս նկուղից և քայլում Թբիլիսիի փողոցներով՝ կրկին մտորելով նկարչի ճակատագրի մասին և եզրակացնելով, որ «կյանքը նրան սովորեցրել է խոսել իր նկարների հետ», և դա «միայնության տոն» էր։

Փիրոսմանիի մի քանի նկարներ, որոնք հիշատակվում են ֆիլմում

Դերերում խմբագրել

  • Օթար Մեգվինետուխուցեսի - Փիրոսմանի
  • Նինո Լորթքիփանիձե - Իյա
  • Մալխազ Գորգիլաձե - ռուս նկարիչ

Ստեղծում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Նիկո Փիրոսմանիի մասին Վադիմ Կորոստիլյովի պիեսի թատերական բեմադրության հիման վրա[1]։ «Փիրոսմանի, Փիրոսմանի, Փիրոսմանի...» պիեսը հրատարակվել է 1974 թվականին[2]։ Նրա հիման վրա «Մենության տոն» խորագրով ներկայացումը Լորթքիփանիձեն բեմադրել է Ռուսթավիի դրամատիկական թատրոնում 1970-ական թվականների կեսերին[3]։

Ֆիլմի ամբողջ խաղարկային մասը նկարահանվել է մեկ դեկորացիայի մեջ՝ նկուղային սենյակում՝ մեկ պատուհանով, մեջտեղում՝ փայտե սյուն, իսկ ներքևում՝ տախտակամած, և բոլոր առարկաներն ու ֆակտուրաները խնամքով ընտրվել և պատրաստվել են իրական նյութերից։ Նկարչի մասնակցությամբ մի քանի տեսարաններ նկարահանվել են Միրզաանի գյուղում՝ նկարչի հարազատ վայրերի ֆոնի[1]ն։

Ֆիլմում մեծ դեր են խաղում նկարչի նկարները, որոնք նախապես նկարահանվել են «Կոդակ» սլայդների վրա, ինչը թույլ է տվել մոտիկից նկարահանել նաև նկարների մանրամասները։ Ընդ որում, ֆիլմում շատ էին սև-սպիտակ նկարները, այդ թվում՝ հին լուսանկարներն ու տարեգրությունները, ինչպես նաև նկուղում նկարահանված առաջին կադրերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Здравствуйте, все!» // Пааташвили Л. Г. Полвека у стены Леонардо. Из опыта операторской профессии. — М.: Издательство 625, 2006.
  2. Коростылев В. Пиросмани, Пиросмани, Пиросмани...: Монологи // Театр. — 1974. — №8. — с. 148—165.
  3. Этери Гугашвили. Здравствуй, Пиросмани! [Спектакль «Праздник одиночества» по пьесе В. Коростылёва «Пиросмани, Пиросмани, Пиросмани…» в Груз. Рустав. драм. театре] // Театр. 1976. — №6. — с. 51—52.

Արտաքին հղումներ խմբագրել