Բառացանկ, բառարանների կամ հանրագիտարանների գլխաբառերի այբբենական ընդհանուր կամ թեմատիկ ցանկ։

Տեսակներ

խմբագրել
  • Լեզվաբանական բառարանների բառացանկերի բնույթը պայմանավորվում է նրանց տեսակներով, նպատակներով, ինչպես նաև տվյալ լեզվի բառապաշարի հարստությամբ։
  • Հանրագիտական բառացանկը, որ ամենից առաջ ընդգրկում է բոլոր հոդվածների անվանումները, հանրագիտարանի ատաղձն է, հիմքը, տվյալ հրատարակության բնույթը, կառուցվածքը, ծավալը որոշող կարևոր գործոնը։ Բառացանկը ըստ էության կանխորոշում է հանրագիտարանի գիտական մակարդակը և գաղափարական–քաղաքական բովանդակությունը։ 18-րդ դարի 2-րդ կեսից, երբ հիմնադրվեցին ընդհանուր բնույթի ժամանակակից հանրագիտարանները, հանրագիտական միտքը մեծ նվաճումներ է ձեռք բերել բառացանկի կազմման և մշակման ձևերն ու եղանակները բարելավելու ուղղությամբ։ Բառացանկի կազմման հարուստ փորձ են կուտակել հայկական հանրագիտակները։ Այն իր դրսևորումն է գտել «Հայկական սովետական հանրագիտարան»-ում։

Բառացանկերը Հայկական սովետական հանրագիտարանում

խմբագրել

«Հայկական սովետական հանրագիտարան»-ի («ՀՍՀ») բառացանկը կազմելիս հաշվի է առնվել հրատարակության բնույթը (համընդհանուր), կառուցվածքը (այբբենական), ծավալը (բազմահատոր)։ ՀՍՀ ընդհանուր այբբենական բառացանկին նախորդել է գիտության բոլոր հիմնական բնագավառների գծով թեմատիկ բառացանկերի ստեղծումը։ Այդ նպատակով բառ–տերմիններ (հանրագիտական հոդվածի անվանումներ) են ընտրվել հայկական բառարանային հարուստ ֆոնդից, տարբեր լեզուներով հանրագիտական և պարբերական հրատարակություններից, տեղեկագրերից և այլ աղբյուրներից։ Հավաքվել է շուրջ 150․000 հանրագիտական բառ–տերմին, որից և, ՀՍՀ առջև դրված խնդիրներին համապատասխան, ընտրվել է 50․000-ը՝ թեմատիկ բառացանկերերի համար։ Նախապես հրատարակվել և գիտական–հասարակական քննարկման են ենթարկվել ՀՍՀ հետևյալ թեմատիկ բառացանկերը՝ աշխարհագրության և երկրաբանության, արվեստի, բժշկության, գյուղատնտեսության, գրականության, ընդհանուր պատմության, լեզվաբանության, կենսաբանության, հայ ժողովրդի պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, հնագիտության և ազգագրության, ճարտարապետության, մանկավարժության, ժողովրդական կրթության և հոգեբանության, պետության և իրավունքի, , մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, տեխնիկայի և շինարարության, տնտեսագիտության, փիլիսոփայության, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության և մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և սպորտի։

ՀՍՀ թեմատիկ և ընդհանուր այբբենական բառացանկերի կազմմանը և քննարկմանը մասնակցել է շուրջ 5000 մարդ։ Հրատարակության տեսակին և պրոֆիլին համապատասխան բառացանկ․ կազմելիս սահմանվել է հանրագիտարանի նյութն ընդգրկող գլխավոր պրոբլեմների, ընդհանուր և տեղական նյութի, արդի և անցյալ շրջանների, տեսական, տեղեկատու և կենսագրական հոդվածների, հասարակական ու բնատեխնիկական գիտությունների հարաբերակցությունը։ Իր հերթին հաշվի է առնվել, որ ընդհանուր նյութն ընդգրկող տերմինները (հոդվածները) հիմնականում պետք է առնչված լինեն Հայաստանի պատմության հետ, բացահայտեն մի կողմից հայ ժողովրդի, մյուս կողմից սովետական, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների կապերն ու փոխազդեցությունները։ բառացանկի ամեն մի տերմին ուղեկցվել է համառոտ ծանոթագրությամբ, նշվել է ծավալը (նիշերով), անհրաժեշտ դեպքում՝ պատկերազարդման տեսակը, մատենագիտությունը, վկայակոչումը։ Թեմատիկ բառացանկերի հիման վրա կազմվել է ՀՍՀ ընդհանուր այբբենական բառացանկը, որն իր հերթին բաժանվել է հատորների։ Բառացանկի հետ սերտորեն առնչվում են անձնանունների, ինչպես նաև պատկերազարդվող ու վկայակոչվող տերմինների Բառացանկերը, որոնք փաստորեն նրա բաղկացուցիչ մասերն են։ Բառացանկ մշտապես թարմացվում է, հարստանում ժողովրդական տնտեսության, գիտությանու մշակույթի նորույթներով։ Աշխատանքը բառացանկի վրա շարունակվում է ընդհուպ մինչև հանրագիտարանի տպագրվելը։ Ընդհանուր այբբենական բառացանկի կարևոր տարր է բաց թողնված կամ նոր ի հայտ եկած բառ–տերմինների բառացանկ, որի հիման վրակազմվել է ՀՍՀ լրացուցիչ հատորը։

  Ընթերցե՛ք «բառացանկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 300