Բաղդասարովների տուն (Տագանրոգ)

Բաղդասարովների տուն (ռուս.՝ Дом Багдасаровых), ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի պատմական կառուցապատման օբյեկտ, որը կառուցվել է XIX դարի վերջին և պատկանել է Բաղդասարով եղբայրներին։ Շենքը գտնվում է Տուրգենևի նրբանցք, 7 հասցեում[1]։

Բաղդասարովների տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1898
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այս հողակտորում XIX դարում կառուցվել է փոքր ճարտարապետական կառույց, որը գնահատվում էր 1000 ռուբլի։ Այն պատկանել է վաճառականուհի Սոֆյա Լուցկայային։ Այնուհետև, ինչ-ինչ պատճառներով, շինությունը քանդվել է, և 1898 թվականին Տուրգենևի նրբանցք, 7 հասցեում Մելքոն և Գրիգոր Բաղդասարով եղբայրները կառուցել են տուն։ Առանձնատան շինարարությունն արժեցել է 3000 ռուբլի։ Ժամանակի ընթացքում տան արժեքը մեծացել է` մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հասնելով 24 հազար ռուբլու[2]։

Տունն ուներ մի քանի հարկ, վերին հարկը հանձնվում էր վարձակալությամբ։ XX դարի սկզբին տան սեփականատեր է դարձել վաճառական Իվան Վասիլևիչ Կաֆերին։ Նա ուներ երշիկի գործարան, որը գտնվում էր Չեխովի փողոցում։ Դրանից բացի նրա սեփականությունն էր Մյասնիցկայա, 19-ում գտնվող ճարպահալարանը։ Իր գործունեությունը վաճառականը ժամանակին սկսել էր անգլիական բիսկվիտներ պատրաստելով և տարածելով։ Լինելով Ալեքսանդրի փողոցի 1-ին և 3-րդ տների սեփականատերը, նա տուն գնեց Տուրգենևի նրբանցքում։ Վերոնշյալ տների արժեքը եղել է համապատասխանաբար 500 և 150 ռուբլի։ Իվան Կաֆերիի կնոջ անունը Անաստասիա Վասիլևնա էր։ Նրանք ունեին երեք երեխա՝ Վասիլի, Իվան և Պարասկևա։ Տունը մասամբ տրվել է վարձակալությամբ, ինչը վաճառականին եկամուտ էր ապահովում։ Նա նաև ուներ երշիկեղենի խանութ Պետրոսի, 38 հասցեում։ Տան վարձակալների թվում էր երդվյալ հավատարմատար Միխայիլ Մարկովիչ Իլշտեյնը[1]։

Տանը բնակվել է Վալենտինա Աբրամովնա Գովբերգը։ Նա եղել է գնչուական ռոմանսների և ռուսական ժողովրդական երգերի կատարող, ունեցել հզոր ձայն` մեցցո-սոպրանո։ Տուրգենևի նրբանցքի տուն նա տեղափոխվել է 1940-ական թվականներին, որտեղ ապրել է քրոջ` Ելենա Աբրամովնայի հետ, որը Տագանրոգում հայտնի փաստաբան Յակով Բորիսովիչ Սվետի կինն էր։ Մինչև հեղափոխությունը Յակով Սվետը եղել է հրեական օրենքի երդվյալ հավատարմատարի օգնական[1]։

1920-ական թվականներին բակի աջ տնակում բնակություն հաստատեց Օրեշկո ընտանիքը` Ֆեոդոր Վասիլևիչը և նրա կինը` Ռաիսա Կոնստանտինովնան։ Ժամանակի ընթացքում նրանք ունեցան դուստրեր` Օլգա և Վերա։ Ֆեոդոր Վասիլևիչը եղել է քաղաքային դատախազության հաշվապահ, աչքի է ընկել բծախնդրությամբ և գործերը ճիշտ վարելով։ Ժամանակի ընթացքում դուստրը` Վերան, դարձավ ժամագործ, իսկ Օլգան սկսեց հետաքրքրվել արվեստի և պատմության հետ կապված ոլորտներով։ Նա հեշտ կյանք չի ունեցել. տուժել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ։ Օրեշկո ընտանիքը հայտնի էր անտուն կենդանիների մասին հոգատարությամբ[1]։

1930-ական թվականներին բնակարաններից մեկում ապրել է ջութակահար Միխայիլ Ստեշենկոն։ Նրա նվագը սեանսներից առաջ կարող էին լսել «Լուչ» կինոթատրոնի այցելուները։ Նաև բնակարանում ապրել է ջութակահար Բեյնցմանը, որը նվագել է Վալերիան Մոլլայի նվագախմբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  2. «Дом 7, Тургеневский переулок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.