Բալդրի երազները

Սկանդինավյան առասպել

Բալդրի երազները (իսլ.՝ Baldrs draumar), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որի գրեթե ամբողջական տեքստը պահպանվել է միայն Արնի Մագնուսունի «Codex Arnamagnaeanus 748» ձեռագրում և լրացվել Սնորրի Ստուրլասոնի «Փոքր Էդդա»-յից։ Այն, ըստ որոշ մեկնիչների, ստեղծվել է մինչև 11-րդ դարը։ Այս երգը հայտնի է նաև մեկ այլ անվանումով՝ «Vegtamskviða», թարգմանաբար՝ «Ասք ճանապարհորդի մասին»։ Ցավոք, առ այսօր սրա հիմնական ձեռագրերը դեռևս կորած են, և երգից մեզ հասել են միայն 14 բանաստեղծական տներ, որոնք կարելի է համարել «Վոլվայի գուշակությունը» երգի հետ սերտաճած մի ինքնատիպ հավելված։

Բալդրի երազները
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Կերպար(ներ)Օդին[1] և Սլեյպնիր[2]
Հրատարակման տարեթիվմինչև XI դար
 Baldrs draumar Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

«Բալդրի երազները» երգում նույնպես, ինչպես «Վոլվայի գուշակությունը» երգի մեջ, գուշակուհու հետ խոսում է Օդինը, որն այս անգամ ծպտված է Վեգթամ, այսինքն՝ «Ճանապարհորդ» անունով։ Իսկ գուշակուհուն այցելելու պատճառը Օդինի և Ֆրիգի որդի Բալդրին անհանգստացնող չարագուշակ և տագնապով հագեցած երազներն են։ Աստվածների խորհուրդը Օդինին ճանապարհել է մահվան աշխարհ Հել՝ իմանալու համար երիտասարդ արքայազնի ճակատագիրը։ Օդինը գուշակուհու մոտ է եկել իր ութոտնանի Սլեիպնիր ձիուն հեծած։ Օդինը, հասնելով Նիֆլհել, իր մոգական գիտելիքների շնորհիվ մահվան քնից արթնացնում է գուշակուհի Վոլվային` մեծ դժգոհություն պատճառելով նրան։

 
Օդինը սլանում է Հել՝ իմանալու համար չարագուշակ երազներից տանջվող Բալդրի ճակատագիրը։

«Բալդրի երազները» փոքրածավալ առասպելը թույլ է տալիս ենթադրելու, որ այն մաս է կազմել մի ուրիշ՝ ավելի ամբողջական ստեղծագործության, որտեղ ամբողջ մանրամասնությամբ պետք է, որ պատմված լիներ Բալդրի դժբախտ մահվան ամբողջ պատմությունը։ Այդ երգի բանաստեղծական տեքստը հետագայում արձակ կերպով վերաշարադրվել է Սնորրիի «Փոքր Էդդա» գրքում։ Եվ ահա, թե այնտեղ ինչ է պատմվում․ երբ ազնիվ Բալդրին սկսում են տանջել, չարագուշակ նրա մայրը՝ Ֆրիգը, բոլոր երկրային էակներին (կրակին, երկաթին, ջրին, պղնձին, քարին, ծառերին, հիվանդություններին, թռչուններին, թունավոր օձերին) ստիպում է երդվել, որ երբեք չեն վնասի իր զավակին։ Օդինի որդու անվտանգության երաշխիքներին հավատալով՝ աստվածները մի զվարճալի խաղ են կազմակերպում, որպեսզի ուրախացնեն Բալդրին․ նրան կանգնեցնում են Օդինի ապարանքի մեջտեղում և հերթով դեպի քաջն են նետում իրենց նետերն ու նիզակները, քարերն ու դագանակները՝ համոզվելու համար, որ սա անխոցելի է։ Բայց չարակամ Լոկին, կնոջ կերպարանք առած, գնում է Ֆենսալիր՝ Ֆրիգի ապարանք, և նրան հարցնում՝ արդյոք գիտե, թե որն է Բալդրի անխոցելիության պատճառը։ Ֆրիգը, չկռահելով վտանգը, կերպարանափոխված Լոկին պատմում է, որ ոչինչ չի կարող վնասել Բալդրին, քանի որ իրեն հայտնի բոլոր նյութերը և էակները երդման խոսք են տվել։ Կանացի հագուստի մեջ ծպտված Լոկիի հարցմանը, թե արդյոք բոլորն են երդում տվել, Ֆրիգը պատասխանում է, որ երդում չի ստացել միայն Վալհալայից արևմուտք գտնվող Միստիլթեյն անունով սպիտակ ճագոմի շիվից, որին համարել է փոքր և անվնաս։ Լոկին գտնում է Միստիլթեյնին և սպիտակ ճագոմի սուր շիվով մտնում ասերի հավաքատեղին։ Նա խորամանկաբար մոտենում է կույր աստված Հոդրին և խոստանում օգնել նրան՝ մասնակցելու խրախճանքին։ Նա ամրացնում է փայտին ճագոմի շիվը, և բռնելով Հոդրի ձեռքից՝ արդեն մահացու դարձած զենքն ուղղորդում է դեպի Բալդրը։ Ահա, այստեղ տեղի է ունենում վշտակեզ արհավիրքը, որը նաև հետագայում փոխում է աստվածների կողմից մեծ դժվարությամբ ստեղծված աշխարհի դրվածքը։

Ազնվագույն արքայազնը, խոցված մահացու զենքից, տապալվում է գետնին։ Սկսվում է համատարած սուգը, իսկ Բալդրն ու Հոդրը հայտնվում են Հելի պաղ թագավորությունում։ Ֆրիգը, արցունքն աչքերին, դիմում է ներկաներին՝ խնդրանքով, թե ով կարող է իջնել Հել և նրա համանուն տիրուհուց ինչ-որ բանի դիմաց մահվան ճիրաններից փրկել Բալդրին։ Հերմոդրը՝ Օդինի մյուս զավակը, հորից խնդրելով Սլեիպնիր ութոտնանի ձին, իջնում է Նիֆլհեյմ և Հելից ստանում առաջարկություն, ըստ որի՝ Բալդրը կվերադառնա այն դեպքում, երբ բոլոր ինն աշխարհներն ապացույցներ ներկայացնեն, որ իրոք սիրում են Բալդրին, և բոլորն անխտիր արտասվեն։ Այդ ժամանակ Բալդրը, պառկած տեղից վեր կենալով, Հերմոդրին տալիս է Դրաուպնիր անունով կախարդական ոսկե մատանին և պատվիրում այն հասցնել Օդինին՝ ի հիշատակ իրենից, քանի որ հայրն իր հետ սրբազան խարույկին էր հանձնել նաև այն։ Հերմոդրը վերադառնում է և ամեն ինչ պատմում, որից հետո ասերը շատ արագ սուրհանդակներ են ուղարկում բոլոր աշխարհներ՝ խնդրելով նրան կատարել Հելի պահանջը՝ Բալդրին նրա ճիրաններից ազատելու համար։ Այստեղ տեղի է ունենում մի հետաքրքիր երևույթ. ցուցաբերելով անսպասելի համախմբություն՝ բոլորը սկսում են լաց լինել, բացի մեկից՝ մի հսկա վհուկից, որի անունը, չգիտես ինչու, նշանակում է «բարյացակամություն»։ Եվ պարզվում է ի՞նչ․ այդ «բարյացակամ» վհուկը ոչ այլ ոք էր, քան ինքը՝ Լոկին, որը ոչ մի հնարավորություն բաց չի թողնում՝ ասերին վնաս հասցնելու համար։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդրի երազները» հոդվածին։
  1. Cassell's Dictionary of Norse Myth & Legend — 2002. — P. 47. — 494 p. — ISBN 0-304-36385-5
  2. Cassell's Dictionary of Norse Myth & Legend — 2002. — P. 48. — 494 p. — ISBN 0-304-36385-5