Վոլվայի գուշակությունը (իսլ.՝ Völuspá), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առաջին առասպելը։ Völu բառը հին իսլանդերենում նշանակում է գուշակ, իսկ spá նշանակում է գուշակությունը, այսինքն բառացի կլինի գուշակուհու գուշակությունը։

Վոլվայի գուշակությունը
բուկմոլ՝ Völuspá
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Թեմաseeress?
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
ՇարքԱվագ Էդդա
Հրատարակման տարեթիվ1260
 Völuspá Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Երգում հիմնական գործող անձինք երկուսն են՝ գուշակուհի Վոլվան և սկանդինավյան դիցարանի գերագույն աստված Օդինը։ Այն գաղտնախորհուրդը, որին տիրապետում է Վոլվան, մի ծածուկ, անդրշիրիմյան ուսմունք է, որի համաձայն կան բանականությանը անհասանելի խորհրդավոր գերբնական և անդրշիրիմյան ուժեր։ Դրանք կարող են զգացվել միայն ընտրյալների կողմից, ինչպիսին է Օդինը, որի առաջ հասանելի է Վոլվայի աշխարհը։ Գրագիտության ու հզորության հովանավոր գերագույն աստված Օդինը բարձրահասակ է ու հաղթանդամ, նրա կզակը շարունակվում է երկար ճերմակ մորուքով։ Նա հագել է երկար մոխրագույն փարաջա և կրում է կապույտ գլխարկ։ Ձեռքին բռնում է Հունգնիր անունով անվրեպ ու սրբազան նիզակը։ Աստվածների հայրը թեև սովորաբար կրում է արծվակերպ սաղավարտ, սակայն երբ հարցուփորձ անելու համար շրջում է այն ու այնտեղ, ծպտվելու համար կրում է դեմքի կեսը ծածկող լայնեզր գլխարկը։

Վոլվան գտնվում է անդրաշխարհ Հելի մի գերեզմանոցում, որտեղ խորը քնի մեջ պառկած է իր սառը մահճում, և միայն հատուկ կախարդանքը կարող է նրան արթնացնել։ Օդինը տիրապետում է այդ հնարքին և արթնացնում է Վոլվային։ Սա, արթնանալով, ոչ միայն Օդինին, այլև ի լուր աշխարհի սկսում է բազմաթիվ փոխաբերություններով ու խորհրդանիշներով հաղորդել անհիշելի ժամանակներում տեղի ունեցած արարչագործության մասին, նկարագրել տիեզերքի ու աշխարհի արարումը, ինչպես նաև խորհրդավոր, գերբնական ու անդրաշխարհային ուժերի՝ հսկաների, թզուկների, ալֆերի (անգլիական բանահյուսության մեջ՝ էլֆեր) և այլ էակների մասին։ Վերջում Վոլվան հայտնում է Ռագնարոկ անունով սարսափելի պատերազմի մասին, որի արդյունքում կործանվելու են աստվածները, հսկաներն ու աշխարհը։

Ճիշտ է, ուժեղ են աստվածները, որոնք կառավարում են իրենց կանոնակարգի համաձայն, և ճիշտ է, ուժեղ են նաև հսկաները, որոնք ձգտում են աստվածների հետ հավերժ պայքարի միջոցով կործանել կառավարման պարտադրված եղանակները, սակայն ո՛չ աստվածային ամենակարող զորությունը, ո՛չ էլ հսկաների հրեշային անխորտակելի և կործանարար ուժը չեն կարող խախտել տիեզերքի ամբողջական կառուցվածքը, քանի որ և՛ աստվածների, և՛ հսկաների, և՛ մարդկային սերունդների, և՛ ամենազոր տիեզերքի տերն ու տիրակալը Ճակատագիրն է։ Ահա, սա է գուշակուհու հաղորդած պատգամի բուն էությունը։ Վերջում սկիզբ է առնում աշխարհի երկրորդ ծննդյան նկարագրությունը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլվայի գուշակությունը» հոդվածին։