Բալահովիտի ռազմական պահեստների հրդեհ

Բալահովիտի ռազմական պահեստների հրդեհ, միջադեպ, որը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 8-ից 9Հայաստանի Բալահովիտ բնակավայրում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում։

Միջադեպ խմբագրել

1992 թվականի ապրիլի 8-ի գիշերը, ժամը 23.45-ի սահմաններում Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բալահովիտ գյուղում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում բռնկվել է հրդեհ, իսկ մի քանի րոպե անց սկսել են պայթել ականները։ Ապրիլի 9-ի գիշերը ժամը 3-ին հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր է հեռարձակվել արտակարգ թողարկում։ Իշխանությունները տեղեկացնում էին ստեղծված կացության և այն մասին, որ կառավարությանն առընթեր ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Բալահովիտի, Աբովյան քաղաքի և մերձակա բնակավայրերի բնակիչներին առաջարկվել է շտապ կարգով լքել իրենց տները։ Երևանի Արաբկիր և Սովետական շրջանների քաղաքացիներին ևս խորհուրդ է տրվել տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոն կամ կամ թաքնվել նկուղներում։ Բնակչությունը սկսել է տարհանվել դեպի Երևան[1]։

Առավոտյան ժամը 5-ին ելույթ է ունեցել Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, հերքել է այդ լուրերը` միաժամանակ տեղեկացնելով, որ մասնագետների գնահատմամբ պայթյունները կարող են շարունակվել ևս 27-30 ժամ։

Փրկարարական օգնություն խմբագրել

Հայաստանի իշխանություններն անմիջապես կապ են հաստատել Մոսկվայի հետ։ Նրանք դիմել են Գենադի Բուրբուլիսին, ով այդ օրերին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն էր, և խնդրել օգնել տեխնիկայով, վառելիքով, մասնագետներով[2]։ Ապրիլի 9-ին 40 փրկարարներ ԻԼ-76 օդանավով վայրէջք են կատարել Երևանի ռազմական օդանավակայանում։ Նրանց հետ մեկտեղ ժամանել է հատուկ ջուր ցանող հարմարությունով՝ հրշեջ ԻԼ-76Պ օդանավը։ Փրկարարական խումբը ղեկավարել է «Ցենտրասպաս» ծառայության ղեկավար Անդրեյ Ռոժկովը[3]։

Վնասի չափ և փոխհատուցման պահանջ խմբագրել

Այդ տարիներին Հայաստանի զինամթերքի ողջ պաշարը կենտրոնացված է եղել երեք հիմնական ռազմական պահեստներում։ Դրանց քանակությունը կազմել է շուրջ 500 վագոն։ Բալահովիտում ոչնչացել շուրջ 143 վագոն զինամթերք։ Այլ աղբյուրների վկայությամբ, 8 պահեստներից հօդս էին ցնդել 5-ը։ Պայթել էր 5000 НУРС տիպի ռեակտիվ, 30 հազար զենիթային, 10 հազար տանկային ական, հազարավոր հակատանկային ականներ ու փամփուշտներ։ Դրանց բեկորները տարածվել էին մինչև 7 կիլոմետր շառավղով։ Ավերվել էին մի քանի տներ, 10 կմ շառավղով հարվածի ալիքից փշրվել էին ապակիները, վիրավորվել էին տեղի 7 բնակիչ։ Աղետի վայրից ու շրջակա բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել էր 300 հազար մարդ[3][4]։

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին վնասների հատուցման հայց ներկայացրեցին` 1,7 միլիարդ ռուբլու չափով։ Պաշտոնական Երևանը պահանջել է, որ Ռուսաստանը Հայաստան ներկրի ճիշտ այնքան զինամթերք, որքան ոչնչացվել էր։ Ռուսական կողմը զինամփերք չի ուղարկել, թեև փոխհատուցել է վնասը[4]։

Պատճառներ խմբագրել

Հրդեհի երկու վարկած է շահարկվել։ Ըստ առաջինի հայկական կողմը մեղադրել է ռուսներին։ Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածել, ուր ասվում էր, որ այդ խոշոր սադրանքը չէր կարող իրագործվել առանց Ռուսաստանի որոշ շրջանակների հրամանի և քաղաքական հովանավորչության։ Երկրորդ վարկածը առաջ են քաշել ռուսները՝ պնդելով, որ զինվորների հարձակման արդյունքում են հրդեհվել պահեստները, թեև հրդեհված 5 պահեստները գտնվել են իրարից հեռու, ունեցել են լուրջ հակահրդեհային պաշտպանություն և պատահական կրակոցներից հրդեհվելը քիչ հավանական է եղել։ Կասկածների առիթ է հանդիսացել նաև այն, որ դեպքից երկու օր առաջ հայկական կողմը զինամթերքը հայտարարել է Հայաստանի սեփականություն և ռուսական կողմին պարզ է դարձել, որ զինամթերքը Արցախյան ազատամարտին մասնակցող Հայաստանից զինամթերքը հանել հնարավոր չէ[3][4]։

Անդրկովկասի ռուսական զորամիավորման գլխավոր հրամանատար գեներալ Ֆեոդոր Ռեուտը առաջին վարկածի կողմնակից է եղել և գրել է.

  Հանրապետությունում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ պահեստներում պահվող զենքը առուծախի առարկա էր։ ԽՍՀՄ տարբեր վայրերում տեղակայված զորքերի` Ռուսաստանի իրավասության տակ անցնելու մասին Բորիս Ելցինի հրամանից հետո այդ պահեստներում ցանկացած պահի կարող էին հայտնվել ռևիզորներ։ Իսկ նման դեպքերում ինչպե՞ս են վարվում պահեստապետերը. կրակի են մատնում ապրանքը, որպեսզի ջնջեն հետքերը… Հատկանշական է ևս մի փաստ. Անվնաս էին մնացել պահեստները հսկող հինգ ժամապահները։ Նրանք նույնիսկ թեթև քերծվածք չէին ստացել…:
- Ֆեոդոր Ռեուտ[4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երբ պայթում են զինապահեստները». Ազգ օրաթերթ. թիվ 27 (119): էջ՝ 1. 1992 թ․ ապրիլի 11.
  2. «Огонь, вода и медные гильзы». Новые известия. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Кто взрывает арсеналы?». /sobesednik.ru. 19 января 2010. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Բալահովիտի առեղծվածը

Աղբյուրներ խմբագրել

  • Հայաստանի հանրապետություն.- 1992թ. – 10 ապրիլի, թիվ 70(415)
    • Արմենպրեսի հայտարարությունը – էջ 1
    • Արտակարգ իրավիճակի կառավարական հանձնաժողովի հայտարարությունը – էջ 1
    • Արտակարգ իրադրության քրոնիկոն – էջ 1,2
    • Երեկ առավոտյան – էջ 3
  • Հայաստանի հանրապետություն.- 1992թ. – 11 ապրիլի, թիվ 71(416)
    • Հանրապետության նախագահը և փոխնախագահը այցելեցին պատահարի գոտի – էջ 1
  • Ազգ օրաթերթ; 1992 թ. Բ տարի; 11 ապրիլի; թիվ 27 (119)
    • Երբ պայթում են զինապահեստները - էջ 1
    • Ո՞վ է մեղավոր։ Հեղինակ ՝ Աֆրիկյան Գայանե – էջ 2
  • Ազգ օրաթերթ; 1992 թ. Բ տարի; 15 ապրիլի; թիվ 28 (120)
    • «Բալահովիտի հրդեհը սադրանք է» - Էջ 8