Բաժ, հարկի տեսակ հին և միջնադարյան Հայաստանում։ Հին շրջանում տրվել է պետությանը որպես բաժին–հարկ, միջին դարերում գանձվել որպես մաքս, վաճառահարկ (առևտրահարկ), ակցիզ, ինչպես և արհեստներից, քաղաքային տնտեսությունից վերցվող հարկ։ Որպես մաքս բաժ գանձվել է ներմուծվող ապրանքներից, իսկ երբ դրանք վաճառահանվել են տվյալ երկրի շուկաներում կամ վաճառատներում, ապրանքատերը վճարել է նաև բաժ՝ վաճառահարկի ձևով։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակ քաղաքների բարգավաճման պայմաններում բաժ ունեցել է արհեստային արդյունագործությունից, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներից գանձվող հարկի իմաստ։ Նույն շրջանում լայն առումով բաժ նշանակել է ընդհանրապես հարկ։ Տերմինը վկայված է Եղիշեի Պատմության մեջ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում, Անանիա Շիրակացու Խնդրագրքում ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 222